Monday, February 21, 2011

Հոկկու և Հայկու. բանաստեղծական չափի կոնցեպցիան

Եթե կարծում եք, թե հայկուն ցանկացած եռատող բանաստեղծություն է, որը կտրուկ ավարտ է ունենում, ապա չարաչար սխալվում եք: Ավելին. ճապոներենով հայկուներն ընդհանրապես մի ուղղահայաց տողով են գրվում, պարզապես իրենց մեջ երեք արտահայտություն են պարունակում, որոնք թարգմանիչը պատկերում է երեք տողի տեսքով:
Հոկկու (発句) և հայկու (俳句). ինչու՞մ է կայանում տարբերությունը: Իրականում հայկուն հոկկուի նոր անվանումն է, որը տասնիններորդ դարում ներմուծել է Մեյձի ժամանակաշրջանի պոետ, քննադատ ու տեսաբան Մասաոկա Սիկին (իրական անունը՝ Մասաոկա Ցունենորի):
Եթե դեմ չեք, մի փոքր բանաստեղծական տեսություն բացատրեմ ձեզ: Նամանավանդ որ այս բնագավառում ինձ հայտնի ոչ մի հայալեզու գրականություն գոյություն չունի: Հոկկուն ունի առանձնահատուկ չափ, որը հասկանալու համար պետք է նախ հասկանալ անտիկ բանաստեղծության մի հասկացություն, որն անվանում են մորա (լատ. mora, ժամանակի հատված, ժամանակ, հայտնի է նաև որպես հին հունարեն χρόνος πρῶτος, լատիներեն tempus primum՝ նախնական ժամանակ): Մեկ մորան այն ժամանակն է, որը պետք է արտասանողին մեկ կարճ վանկ արտասանելու համար: Արտասանեք «կարճ» բառը: Ժամանակահատվածը, որը պահանջվեց, մեկ մորա է: Համարվում է, որ երկար վանկի տևողությունը հավասար է երկու մորայի:
Մորան անհրաժեշտ է բանաստեղծական քայլի տևողությունը չափելու համար: Անտիկ բանաստեղծության մեջ կան երկուսից տաս մորա տևողությամբ բանաստեղծական քայլեր: Օրինակ՝ երկու կարճ UU վանկերից բաղկացած հունական պիրրիկին (Πυρρίκη):
Ա-շոտ|գը-նա|տա-տուդ|քո-վը
Վանկերն առանձնացված են հորիզոնական գծիկներով, քայլերը՝ ուղղահայաց: Տվյալ օրինակի դեպքում ամեն քայլը մի բառ է, ինչն արվել է օրինակը պարզեցնելու համար, ոչ թե որպես պարտադիր պայման: Հիշեք, որ քայլը վանկային, ոչ թե բառային միավոր է: Ճապոնական պոեզիայում մորան անվանում են օնձի:
Այժմ, երբ (հուսով եմ) հասկացանք, թե ինչ է մորան, վերադառնանք հայկուին:
Դասական հայկուն պարունակում է 17 մորա. երեք արտահայտություններ, 5-7-5 մորա համապատասխանաբար:
Հոկկուն (դեռ հայկու չէր կոչվում) ճապոնական դասական ռենգա բանաստեղծության բացող տունն էր (հայկայ նո ռենգա, 連歌): Մացուո Բասյոի (1644–1694) ժամանակ այն արդեն կիրառվում էր որպես առանձին բանաստեղծական չափ:
Հայկուն սովորաբար պարունակում է կիգո (季語, «եղանակային բառ») ու կիրեձի (切れ字, «հատող բառ»): Դասական հայկուն առաջին արտահայտությամբ անդրադառնում է գրողի շրջապատող միջավայրին. կիգոն բնութագրում է տարվա եղանակը: Օրինակ, սակուրան (վայրի բալենու ծաղիկները), ծիլերը, տերևաթափն ու այլ միանգամից որոշակի եղանակի հետ կապակցվող բառերը կարող են ծառայել որպես կիգո:
Շատ ավելի բարդ է բացատրել կիրեձիի նշանակությունը, քանի որ հասկացությունը բնորոշ ճապոնական է ու համարժեք հասկացություն այլ լեզուներում չկա: Այն կառուցվածքային հենք է տալիս բանաստեղծությանը, նշանակություն ունի ինչպես կիրեձիի նշանակությունը, այնպես էլ արտասանությունը: Կիրեձին իր էությամբ շատ ավելի մեծ իմաստ է պարունակում, քան բառայինն է:
Կիրեձին հայկուի մեջ կիրառվում է միայն մեկ անգամ:
Ժամանակակից Հայկուի Ասոցիացիայի նախագահ Ուդա Կիյոկոն այսպես է բացատրում կիրեձիի իմաստն ու նշանակությունը.

... հայկուի «հատույթը»/«հատելը». հայկուն հատման վրա հենված գրական ձև է, այդպես չէ՞:
Այսպիսո, այո, հայկուի «հատույթի» բացատրությունը. հենց սա է հայկուն:
Հայկուն «հատում է». տեսարաններ, գործողություններ, ամեն ինչ, ու կտրում է ժամանակն ու լեզուն: Այսպիսով, թեև ասվում է, որ իրականում «հատելը» բաց թողնել է, ես կարծում եմ, որ այն միևնույն ժամանակ հայկուի նշանակալի դրույթ է:
Ու, եթե հարց է տրվում, թե ինչ է հայկուն, նրա տարբեր հատկանիշներ կան՝ եղանակային տող, կամ բանաստեղծական ձև, որը կազմված է «հինգ-յոթ-հինգ»-ից՝
բայց հայկուի էությունը «հատելն» է, իմ կարծիքով:

. . . the “cut” / “cut” of haiku: haiku is a literary form based on truncation, isn’t it? 
So, yes, haiku "cuts" explanation: this is haiku. 
Haiku "cuts": scenes, actions, everything, and cuts time and language. So, though it is said that "cutting" is really omission, I think that "cutting" is at the same time the essential proposition of haiku.
And, if asked about what haiku is, there are a variety of aspects of haiku—that is, as a seasonal verse, or as a form of poetry consisting of "five-seven-five" —
but the essence of haiku is "cutting," in my opinion.
Աղբյուր. Simply Haiku, 2009, Vol 7:

Դասական ճապոնական բանաստեղծության մեջ ընդունված են 18 կիրեձիներ, որոնցից ամենից հաճախ կիրառվում են.

  • կա. շեշտող իմաստ ունի, արտահայտության վերջում այն հարց է ցույց տալիս
  • կանա. շեշտող իմաստ ունի, սովորաբար հանդիպում է բանաստեղծության վերջում, ցույց է տալիս զարմանք
  • -կերի. բացականչական բայական վերջածանց, անցյալ կատարյալ («գնացել էի»)
  • -րամու կամ -րան. բայական վերջածանց, որը ցույց է տալիս հավանականություն
  • -սյի. ածականակերտ վերջածանց, սովորաբար օգտագործվում է նախադասությունն ավարտելիս
  • -ցու. բայական վերջածանց, ներկա կատարյալ («գնացել եմ»)
  • յա. շեշտում է նախորդող բառը կամ բառերը, հատում է բանաստեղծությունը երկու մասի՝ դրանով նշելով հավասարությունն ու առաջարկելով ընթերցողին ուսումնասիրել նրանց կապն իրար հետ
Այս նյութն, իհարկե, միայն հպանցիկ է անդրադառնում հայկուին ու չափազանց քիչ է այն լիարժեք հասկանալու, թարգմանելու և առավել ևս՝ սեփական հայկուն գրելու համար, բայց հուսով եմ՝ այն կարող է ինչ-որ չափով մոտեցնել ընթերցողին ճապոնական պոեզիայի այս յուրահատուկ արտահայտմանն ու հիմք դառնալ հետագա ուսումնասիրությունների համար:

No comments:

Post a Comment