Saturday, February 19, 2011

Նիլ Գեյման, «Վամպիրի տարոն. ավագ արկանի տասնհինգ խաղաթղթեր»

0. Հիմարը
- Ի՞նչ ես ուզում:
Ամեն գիշեր երիտասարդը հայտնվում էր գերեզմանոցում: Արդեն մի ամիս: Նա դիտում էր, թե ինչպես են լուսնի անտարբեր լույսի տակ ջնջվում սառը գրանիտի, բծավոր մարմարի, հին թավշյա գերեզմանաքարերի ու արձանների գույները: Նա վախեցնում էր բվերին ու գիշերային ուրվականներին: Հետևում էր սիրահար զույգերին, հարբած թափառաշրջիկներին, նյարդայնորեն շտապող դեռահասներին՝ բոլորին, ովքեր գիշերով գերեզմանոցում էին հայտնվում:
Քնում էր ցերեկը: Բոլորը թքած ունեին: Նա միայնակ դողալով կանգնում էր գիշերվա ցրտին: Այն հայտնվեց, երբ նա արդեն եզրին էր հասել:
Արձագանքը հայտնվեց լռությունից, ամեն կողմից, հնչելով ներսից ու դրսից:
- Ի՞նչ ես ուզում:
Նրան հետաքրքիր դառավ, արդյոք քաջությունը կբավարարի՞ դրա աչքերի մեջ նայել: Հասկացավ, որ չի կարողանա:
- Դե՞: Ես տեսել եմ քեզ, դու ամեն գիշեր գալիս ես այստեղ, որտեղ կենդանի մարդկանց չեն սիրում: Ինչու՞:
- Ես ուզում էի քեզ հանդիպել,- ասաց նա, ետ չնայելով:- Ես ուզում եմ հավերժ ապրել...
Այստեղ ձայնը նրան դավաճանեց:
Նա անցավ սահմանը: Վերադարձ էլ չկար: Երևակայության մեջ նա արդեն զգում էր ասեղների պես սուր ժանիքների հպումն իր վզին՝ կարճ մուտքը հավերժական կյանք:
Ալիքի պես մի ցածր ու տխուր դղրդյուն անցավ գերեզմանոցով, ասես ստորգետնյա ջրեր ծփային: Անցան մի քանի երկար վայրկյաններ, նախքան նա հասկացավ, որ ծիծաղ է լսում:
- Դա կյանք չի,- ասաց արձագանքը:
Այլևս ոչինչ չասվեց:
Երիտասարդը կանգնած էր գերեզմանոցում. միայնակ էր, ու գիտեր այդ մասին:

1. Մոգը
Սուրբ Գերմանի ծառային հարցրեցին՝ արդյո՞ք ճիշտ է, որ նրա տերը ավելի քան հազար տարեկան է:
- Պատկերացում անգամ չունեմ,- պատասխանեց նա:- Ես նրան ընդամենը երեք հարյուր տարի է, ինչ ծառայում եմ նրան:

2. Քրմուհին
Նրա մաշկը գունատ էր, աչքերը՝ սև, իսկ մազերն ասես ագռավի թև լինեին: Նա եկել էր ցերեկային թոք-շոու ու ինքն իրեն հայտարարել վամպիրների թագուհի: Նա տեսախցիկին ժպտում էր վարպետ ատամնաբույժի կողմից պատրաստված ժանիքներով, իսկ նրա սիրեկանները, որոնք վրդովմունքի տարբեր աստիճանների էին հասցված, խոստովանում էին, որ նա կծում էր իրենց ու արյուն խմում:
- Բայց դուք անդրադառնում եք հայելու մեջ, այդպես չի՞,- հարցրեց թոք-շոուի վարողը:
Ամերիկայի ամենահարուստ կինը. նա հասել էր դրան, տեսախցիկի առաջ ցուցադրելով տարբեր տարօրինակություններ, հոգևոր վերքեր ու կորուստներ, ցուցադրելով այդ ցավն ամբողջ աշխարհին:
Ստուդիայում նստած հանդիսատեսները ծիծաղեցին:
Կինը մի փոքր վիրավորված տեսք ուներ:
- Այո: Ի հակադրություն մարդկային նախապաշարմունքներին, վամպիրներին կարելի է տեսնել հայելու մեջ: Կամ տեսախցիկով:
- Այ, այստեղ դու լրիվ ճիշտ ես,- ասած ցերեկային թոք-շոուի վարողը: Բայց այդ ընթացքում անջատեց միկրոֆոնն, այնպես որ՝ նրա խոսքերը եթեր չգնացին:

6. Սիրահարները
Մահվանից հետո աղջիկը գիշերները գալիս էր նրա մոտ: Նա դարձավ գունատ, աչքերի տակ խորը օղակներ ընդգծվեցին: Սկզբում մարդիկ մտածում էին, թե սգում է: Իսկ հետո նա մի գիշեր կորավ գյուղից:
Նրանց համար դժվար էր աղջկա գերեզմանը բացելու թույլտվություն ստանալը, բայց հասան իրենց ուզածին: Դագաղը դուրս փորեցին ու բարձրացրեցին կափարիչը: Ու ցնցվեցին տեսածից:
Դագաղի հատակին ժանգից կարմրաշեկ դարձած վեց մատնաչափ ջուր էր: Դագաղում երկու դիակ էին պառկած. աղջկանն ու, իհարկե, տղայինը: Ընդ որում, տղայի դիակը շատ ավելի էր քայքայվել: Ինչ-որ մեկը զարմացավ, թե ինչպես էին երկուսով տեղավորվել միտեղանի դագաղում, նամանավանդ հաշվի առնելով, որ աղջիկը հղի էր, այն էլ վերջին ամիսների մեջ:
Դա բոլորին շփոթեցրեց՝ երբ նրան թաղում էին, հղիության մասին խոսք անգամ չէր գնում:
Հետագայում գերեզմանում գտածի մասին իմացած եկեղեցական իշխանությունների պահանջով դագաղը երկրորդ անգամ բացեցին: Նրա փորը հարթ էր: Տեղական բժիշկը հայտարարեց, որ պատճառը գազերի մեջ էր, որոնք հյուսվածքների փքման պատճառ էին դարձել: Բնակիչները գլխով արեցին, գրեթե ասես հավատային դրան:

7. Մարտակառքը
Գենային ինժեներիան հասավ ծաղկման. աստղային ճանապարհորդության համար ստեղծվեց մարդու հատուկ ենթատեսակ: Նա պարտավոր էր հսկայական դիմացկունություն ունենալ ու ապրել աներևակայելիորեն երկար, քանի որ միջաստղային տարածքներն անսահման են, իսկ տեղը նավի վրա՝ քիչ, ինչի պատճառով պաշարներն էլ են փոքր: Նա պետք է հաղթահարեր ժամանակավոր զրկանքներն ու բնակեցներ գտնված աշխարհներն իր հետնորդներով:
Մետրոպոլիան գաղութարարներին հաջողություն ցանկացավ ու ճանապարհ ուղարկեց: Ինչևէ, նախորոք ջնջելով նավի համակարգիչներից հայրենի աշխարհի կոորդինատներն ու դրանց փոքրագույն հետքերը: Անվտանգության նկատառումներով:

10. Ճակատագրի անիվը
- Ի՞նչ արեցիք բժշկին,- ծիծաղելով հարցրեց նա,- ախր տաս րոպե առաջ այստեղ մտավ:
- Ներեցեք,- պատասխանեցի ես,- սովածացել էի:
Մենք միասին ծիծաղեցինք:
- Գնամ՝ փնտրեմ նրան:
Ես նստած էի բժշկի կաբինետում ու ատամմաքրիչով ատամներս էի քչփորում: Օգնականուհին շուտով վերադարձավ:
- Ներեցեք,- ասաց նա,- բայց բժշկին ոչ մի տեղ չեմ կարողանում գտնել: Երևի դուրս է եկել: Գրանցե՞մ ձեզ ընդունելության մյուս շաբաթ:
Ես գլուխ օրորեցի:
- Կզանգահարեմ:
Ու օրվա մեջ առաջին անգամ ստեցի:

11. Արդարությունը
- Սա մարդ չի,- հայտարարեց դատավորը,- ու չպետք է արժանանա պատժի, որին արժանացնում են մարդկային արարածներին:
- Ինչևէ,- նկատեց դատապաշտպանը,- մահապատիժ չի կարող լինել առանց դատավճռի: Կան նախադեպներ: Խոզը կերավ գոմ ընկած երեխային: Նրան մեղավոր ճանաչեցին ու կախեցին: Մեղուների պարսը, որին մեղավոր ճանաչեցին նրա մեջ, որ ծերուկը խայթերից է մահացել, այրեցին: Այս սատանայական արարածը պակասին արժանի չի:
Երեխայի դեմ հանցանշաններն անվիճելի էին: Ինչ-որ կորած տեղից նրան մի կին էր բերել ու ասել, որ ամուսինը մահացել է, իսկ երեխան իրենն է: Ատաղձագործն ու իր կինը նրան օթևան տվեցին: Տարեց ատաղձագործը բազմիցս բողոքում էր մելամաղձոտությունից ու հոգնածությունից, ու մի օր ծառան գտավ երեքին էլ՝ կնոջն, ատաղձագործին ու ատաղձագործի կնոջը՝ մեռած: Երեխան կենդանի, գունատ, աչքերը լայն բացած պառկած էր անկողնում, իսկ նրա դեմքին ու շրթունքներին արյուն էր:
Դատարանը մանկանը միանշանակ մեղավոր ճանաչեց ու մահվան դատապարտեց:
Դահիճը տեղական մսագործն էր: Ամբողջ քաղաքի աչքի առաջ նա երեխային երկու կեսի կտրեց ու դրանք կրակը գցեց:
Մի քանի օր առաջ նրա սեփական երեխան էր մահացել: Ցավոք, այդ տարիներին երեխաների մահանալը հաճախակի երևույթ էր: Մսագործի կինն անսփոփ էր:
Նա արդեն քաղաքից գնացել էր մայրաքաղաք՝ քրոջ մոտ: Մի շաբաթից մսագործը միացավ նրան: Ու նրանք երեքով՝ մսագործը, կինն ու երեխան, աշխարհի ամենագեղեցիկ ընտանիքն էին:

14. Պահքը
Նա ասաց, որ վամպիր է: Ես արդեն հաստատ գիտեի, որ նա ստախոս է: Այդ մասին էին խոսում նրա ածխի նման սև աչքերը, որոնք երբեք ձեզ ուղիղ չեն նայում՝ ցրված դիտելով ինչ-որ անտեսանելի բաներ ձեր ուսի հետևում, ձեր հետևում, ձեր վերևում, ձեր քթից երկու մատնաչափ առաջ:
- Ու ինչպիսի՞ համ ունի,- հարցրեցի ես:
Դա բարի ետևի կանգառում էր: Նա գիշերային հերթափոխին էր աշխատում, հիանալի խառնում էր խմիչքները, բայց ինքը ոչ մի կաթիլ բերանը չէր առնում:
- В8 հյութի,- ասաց նա,- ոչ թե աղազրկածի, այլ իսկականի: Կամ աղ արած գազպաչոյի:
- Ի՞նչ է գազպաչոն:
- Սառը բանջարեղենային ապուրի տեսակ է:
- Ծաղրու՞մ ես ինձ:
- Ոչ:
- Ուրեմն իսկապե՞ս արյուն ես խմում: Ինչպես ե՞ս եմ В8 խմում:
- Այնքան էլ նման չի: Եթե В8-ը քեզ ձանձրացնի, դու կարող ես ինչ-որ ուրիշ բան վերցնել:
- Հմմ... В8-ն առանձնապես իմ սրտով չի:
- Հենց դրանում է հարցը: Չինաստանում մենք ոչ թե արյուն ենք խմում, այլ ողնուղեղային հյութ:
- Իսկ ա՞յն ինչ համ ունի:
- Ոչ մի: Ջրիկ արգանակ:
- Դու այն փորձե՞լ ես:
- Մարդիկ գիտեմ, որ փորձել են:
Ես փորձեցի աչքի պոչով ստուգել, արդյո՞ք նա անդրադառնում է բեռնատարի կողային հայելու մեջ, որի մոտ կանգնած էինք: Բայց չափազանց մութ էր:

15. Սատանան
Ահա նրա դիմանկարը: Հարթ, դեղին ատամներ, կարմիր դեմք, կոտոշներ: Ձախ ձեռքում կարճ փայտե ցից է, իսկ աջում՝ մուրճ:
Իհարկե, սատանաներ գոյություն չունեն:

16. Աշտարակը
Քարից ու չարից է հիմքը նրա,
Փակվում է ատամն ատամի վրա,
Գիշերը եթե դու նրան հյուր լինես,
Մի վայրկյանում առանց խոսք կկորես:

17. Աստղը
Հայտնի ու տարիքով, նրանք հետևում էին ձմռանը, երկար գիշերները վայելելով այնտեղ, որտեղ դրանք գտնում էին: Ինչևէ, նրանք նախընտրում էին հյուսիսային կիսագնդի հարավային մասը:
- Տեսնու՞մ եք այն աստղը,- ցույց էին տալիս նրանք Վիշապի համաստեղության փոքրիկ կետերից մեկը:- Մենք ծնունդով այնտեղից ենք: Մի օր կվերադառնանք:
Իսկ կրտսերները ծիծաղում ու ծաղրում էին նրանց:
Բայց երբ տարիները դարեր դարձան, նրանք հոգնեցին կարոտել հայրենիքը, որտեղ երբեք չէին եղել, ու հյուսիսային կլիման սկսեց սովորական թվալ, քանի դեռ Վիշապը ոլորվում է Մեծ ու Փոքր Արջերի արանքում՝ սառը Բևեռային աստղի մոտ:

20. Ահեղ դատաստանը
Ասես խոսես կրքի մասին, կրքի մասին չխոսելով, նա ասաց նրանց:
Ասես խոսես սեքսի մասին, ու սեքսի վախի մասին, ու մահվան մասին, ու մահվան վախի մասին, ու էլ ինչի՞ մասին այստեղ կարող է խոսք գնալ:

22. Աշխարհը
- Ամենատխուրը դու արդեն գիտես,- ասաց նա:- Ամենատխուրն այն է, որ մենք՝ դա դուք եք:
Ես լուռ լսում էի:
- Ձեր երևակայության մեջ,- շարունակեց նա,- իմ ժողովուրդն այնպիսին է, ինչպիսին դուք եք: Միայն թե ավելի լավը: Մենք չենք մահանում, չենք ծերանում, ցավ, ցուրտ ու ծարավ չեք զգում: Ոճի ավելի լավ զգացողություն ունենք: Դարերի փորձից իմասություն ենք ձեռք բերել: Իսկ եթե արյուն ենք խմում, ապա դա նույնն է, ինչ մարդկանց համար սնունդը: Ու՝ կիրք: Ու գոյության լուսավոր ուրախություն: Ի միջի այլոց, հակառակ դեպքում ձեզ ընդհանրապես տնից դուրս չես քաշի: Դամբարաններ: Դագաղներ: Ինչ-որ տեղից... Դա երևակայական է:
- Իսկ իրականու՞մ,- հարցրեցի ես:
- Մենք՝ դա դուք եք,- կտրեց նա:- Մենք՝ դա դուք եք, գլխի մեջ նույն խավարասերներով ու ամեն ինչով, ինչը ձեզ մարդ է դարձնում՝ վախը, մենակությունը, շփոթմունքը... Ոչ մի բանով ավելի լավը չենք:
Մենք ավելի սառն ենք: Ավելի մեռած: Ես արևի կարիք ունեմ, սնունդի, ինչ-որ մեկին կպնելու, հոգալու, մոտիկ լինելու զգացողության: Ես հիշում եմ ինձ, երբ մարդ էի, հիշում եմ, ինչպես էի մարդկանց նայում որպես մարդկանց, այլ ոչ թե որպես իրերի, որոնք ուտում ու օգտագործում են, ու հիշում եմ, ինչպես էի զգում՝ կապ չունի, ուրախություն, թե ցավ, ցանկացած բան:
Նա կանգ առավ:
- Լա՞ց ես լինում,- հարցրեցի ես:
-Մենք լաց չենք լինում:
Ինչպես արդեն ասել եմ, նա ստախոս էր:
Թարգմանությունը՝ Բ. Պողոսյանի

No comments:

Post a Comment