Saturday, February 19, 2011

Միխաել Էնդե, «Օֆելիայի Ստվերների Թատրոնը»

Մի փոքրիկ, հին քաղաքում մի փոքրիկ, ծեր ֆրոյլյայն էր ապրում՝ Օֆելիա անունով:
Երբ նա ծնվեց (դա, իհարկե, շատ վաղուց էր), նրա ծնողներն ասացին.
- Մեր դուստրը մի օր անպայման հայտնի դերասանուհի կդառնա:
Նրանք երազում էին դրա մասին, այդ պատճառով էլ նրա անունը մի հայտնի պիեսի հայտնի հերոսուհու պատվին էին դրել:
Փոքրիկ Օֆելիան ծնողներից միայն մի բան ժառանգեց. սերն ու հիացմունքը Պոետների Մեծն Խոսքերի նկատմամբ, էլ ուրիշ ոչինչ:
Նա չկարողացավ հայտնի դերասանուհի դառնալ. ձայնը չափազանց թույլ էր: Բայց, միևնույն է, նա ուզում էր գոնե ինչ-որ կերպ ծառայել արվեստին, թող նույնիսկ ամենալուռ ձևով:
Այդ փոքրիկ քաղաքում հին, հիասքանչ թատրոն կար:
Ու այնտեղ՝ բեմիեզրի մոտ, մի փոքրիկ խցիկ էր, որը հանդիսատեսներից փակված էր մեծ ու ասես ծովային խեցիով: Օֆելիան ամեն երեկո նստում էր այդ խեցի-խցիկում ու շշուկով բառերը հուշում, որ դերասանները չկմկման: Այդտեղ Օֆելիայի մեղմ ձայնը շատ տեղին էր՝ ախր հանդիսատեսները չպետք է լսեին նրան:
Օֆելիան ամբողջ կյանքը ծառայեց թատրոնին ու շատ երջանիկ էր: Աստիճանաբար նա անգիր սովորեց աշխատհի բոլոր մեծն կատակերգություններն ու ողբերգություններն ու էլ գրքի մեջ նայելու կարիք չուներ:
Ու ահա, ֆրոյլյայն Օֆելիան ծերացավ: Ժամանակներն էլ արդեն փոխվել էին: Ավելի ու ավելի քիչ հանդիսատեսներ էին գալիս քաղաքային թատրոն, որովհետև հայտնվել էր կինոն, իսկ հետո՝ զվարճանքի ուրիշ ձևեր:
Հիմա շատերն ավտոմեքենաներ ունեին, ու եթե ինչ-որ մեկն ուզում էր թատրոն գնալ, կարող էր արագ հասնել մոտակա մեծ քաղաք ու դիտել շատ ավելի հանրահայտ դերասանների (վերջապես՝ ինքն իրեն ցույց տալ):
Ու ահա, եկավ ժամանակ, երբ փոքրիկ քաղաքի թատրոնը փակեցին: Դերասանները ցրվեցին, իսկ փոքրիկ ֆրոյլյայն Օֆելիային ազատեցին աշխատանքից:
Երբ ավարտվեց վերջին ներկայացումն ու վարագույրը վերջին անգամ իջավ, Օֆելիան էլի մի փոքր մնաց թատրոնում՝ լրիվ մենակ:
Նա նստած էր իր խեցի-խցիկում ու հիշում էր անցած կյանքը:
Հանկարծ նա մի ստվեր տեսավ:
Ստվերը թափառում էր կուլիսների ետևով. մեկ մեծանում էր, մեկ փոքրանում:
Իսկ մոտակայքում ոչ ոք չկար, որ կարող էր ստվեր գցել:
- Հե՛յ,- կամացուկ կանչեց Օֆելիան,- ո՞վ է այդտեղ:
Ստվերը վախեցավ ու կծկվեց:
- Ներեցեք,- ասաց ստվերը,- ես չէի նկատել, որ այստեղ ինչ-որ մեկը կա: Ես չէի ցանկանում ձեզ վախեցնել: Ես այստեղ եմ թաքնվել, որովհետև չգիտեմ, թե ուր գնամ: Շատ եմ խնդրում, մի՛ քշեք ինձ:
- Դու ստվե՞ր ես,- հարցրեց Օֆելիան:
Ստվերը գլխով արեց:
- Բայց ախր ստվերները միշտ ինչ-որ մեկին պատկանում են:
- Ոչ բոլորը,- ասաց ստվերը,- աշխարհում կան նաև ավելորդ ստվերներ: Նրանք ոչ մեկին չեն պատկանում, ոչ մեկին պետք չեն: Ես հենց այդպիսին եմ: Իմ անունը Չարաճճի Ստվեր է:
- Ահա թե ինչ... Այո, շատ տխուր է՝ ոչ մեկին չպատկանել:
- Շատ,- համաձայնեց ստվերն ու հոգոց հանեց:- Ի՞նչ արած:
- Իսկ դու արի իմ մոտ,- ասաց Օֆելիան:- Ես էլ ոչ մեկին չունեմ:
- Հաճույքով: Բայց այդ դեպքում ես պետք է անընդհատ ձեր հետ լինեմ: Իսկ դուք սեփական ստվեր ունեք:
- Դե, դուք իրար հետ լեզու կգտնեք,- ասած ծեր ֆրոյլյայնը, ու նրա սեփական ստվերն անսպասելիորեն գլխով արեց:
Այդպես ֆրոյլյայն Օֆելիայի մոտ երկու ստվեր հայտնվեց: Դա ոչ բոլորն էին նկատում, իսկ ով էլ նկատում էր՝ շատ էր զարմանում: Օֆելիան, իհարկե, չէր ցանկանում, որպեսզի նրա մասին շատ խոսեն: Դրա համար նա իր ստվերներից օրեկան մեկին խնդրում էր փոքրանալ ու թաքնվել պայուսակի մեջ: Ստվերի համար այնտեղ բավականաչափ տեղ կար:
Մի օր ծեր Օֆելիան նստած էր եկեղեցում ու լուռ զրուցում էր Աստծու հետ: Նա հույս ուներ, որ Աստված լսում է նրա մեղմ ձայնը: Բայց լսում էր, թե ոչ, հաստատ չգիտեր:
Հանկարծ նա մի նոր, շատ նիհար ստվեր տեսավ սպիտակ պատի վրա: Ստվերը ոչ մի բանի նման չէր, բայց չգիտես ինչու՝ աղերսանքով ձեռքերն էր մեկնում:
- Ի՞նչ է, դու է՞լ ոչ մեկինը չես,- հարցրեց Օֆելիան:
- Ոչ մեկինը,- հոգոց հանեց ստվերը:- Բայց խոսակցություններ են գնում, որ ինչ-որ մեկը մեզ իր մոտ է վերցնում: Միգուցե դու՞ ես:
- Ես արդեն երկու ստվեր ունեմ:
- Ինձ էլ ընդունիր: Ախր այնքան տխուր է միայնակ լինելը:
- Իսկ ի՞նչ է քո անունը:
- Անորոշ Վախ:
- Ի՞նչ արած, դու էլ արի իմ մոտ,- ասաց Օֆելիան:- Պայուսակի մեջ մտիր:
Հիմա նա արդեն երեք ստվեր ուներ:
Այդ ժամանակվանից գրեթե ամեն օր նրա մոտ նորանոր ստվերներ էին գալիս, որոնք ոչ մեկինը չէին: Պարզվեց, որ նրանք այնքան էլ քիչ չեն աշխարհում:
Չորրորդ ստվերի անունն էր՝ Միայնակ:
Հինգերորդինը՝ Մեծ Գիշեր:
Վեցերորդինը՝ Երբեք:
Յոթերորդ ստվերի անունը Դատարկության Ծանրություն էր:
Ստվերներն ավելի ու ավելի էին շատանում:
Փոքրիկ ֆրոյլյայն Օֆելիան աղքատ էր, բայց ստվերներին, բարեբախտաբար, ոչ ուտելիք էր պետք, ոչ էլ հագուստ՝ տաքանալու համար: Միայն թե Օֆելիայի սենյակը պահի տակ չափազանց մութ ու նեղ էր դառնում, նրա մեջ չափազանց շատ ստվերներ էին լցվում: Իսկ նորերն անընդհատ գալիս էին:
Ամենից վատ էր լինում, երբ ստվերները կռվում էին:
Նրանք վիճում էին լավագույն տեղի համար, իսկ երբեմն՝ պարզապես կռվում: Պատահում էր՝ գործը հասնում էր իսկական ճակատամարտերի:
Այդպիսի գիշերները փոքրիկ ծեր ֆրոյլյայն Օֆելիան չէր կարողանում քնել: Բաց աչքերով պառկած անկողնում՝ նա փորձում էր հանգստացնել իր ընկերներին: Բայց դա այնքան էլ չէր օգնում:
Օֆելիան կռիվներ չէր սիրում՝ դե, բացի այն կռիվներից ու ճակատամարտներից, որոնք Պոետների Մեծն Լեզվով հնչում էին բեմից: Ու ահա, մի օր նրա գլուխը հետաքրքիր միտք եկավ:
- Լսե՛ք,- ասաց նա ստվերներին:- Լսե՛ք ինձ: Եթե ուզում եք ապրել իմ հետ, ստիպված կլինեք մի բան սովորել:
Ստվերները դադարեցին կռվել ու թաքնվեցին: Նրանք փոքրիկ սենյակի բոլոր անկյուններից նայում էին ծեր ֆրոյլյայնին:
Ու Օֆելիան սկսեց խոսել: Նա արտասանեց Պոետների Մեծն Խոսքերը, որոնք անգիր գիտեր:
Նա խիստ ու դանդաղ տոնով էր կարդում ու պահանջում էր, որ ստվերները կրկնեն: Ստվերներն ամբողջ ուժով զգտում էին ու բավականին ընդունակ դուրս եկան:
Ու աստիճանաբար ստվերներն Օֆելիայի խոսքերից սովորեցին աշխարհի բոլոր մեծն կատակերգություններն ու ողբերգությունները:
Այդ ժամանակ նրանց մոտ լրիվ ուրիշ կյանք սկսեց:
Ստվերները սովորեցին ցանկացած տեսք ընդունել. թզուկի ու հսկայի, մարդու ու թռչունի, ծառի ու ձիու:
Գիշերները նրանք հաճախ էին Օֆելիայի համար զարմանալի ներկայացումներ բեմադրում: Իսկ նա շշուկով հուշում էր խոսքերը, որպեսզի չկմկման:
Իսկ ցերեկը բոլոր ստվերները, բացի, իհարկե, սեփականից, թաքնվում էին պայուսակում: Այո, նրանք ցանկության դեպքում կարողանում էին անհավանականորեն փոքրանալ:
Հարևանները ոչ մի կերպ չէին կարողանում նրանց տեսնել, բայց նկատում էին, որ ինչ-որ անսովոր բան է տեղի ունենում: Իսկ մարդիկ դա չեն սիրում:
- Այդ ծեր ֆրոյլյայնն ինչ-որ տարօրինակ է,- խոսում էին Օֆելիայի ետևից:- Ճիշտ կլինի նրան ծերանոց հանձնել: Այնտեղ նրա մասին հոգ կտանեն:
- Ասես խելագար լինի,- ասում էին ուրիշները,- չես իմանա, թե ինչի է ընդունակ:
Մի օր Օֆելիայի մոտ եկավ տան տերը, որտեղ նա սենյակ էր վարձում, ու ասաց.
- Ցավում եմ, բայց հիմա դուք պետք է երկու անգամ շատ վճարեք սենյակի համար:
Օֆելիան դա չէր կարող անել:
- Դե, այդ դեպքում,- ասաց տան տերը,- ավելի լավ կլինի, որ ուրիշ բնակարան գտնեք: Ինչևէ, ցավում եմ:
Ու ահա, Օֆելիան ճամպրուկի մեջ դրեց իր ամբողջ ունեցվածքը՝ շատ քիչ իրեր, ու գնաց իր փոքրիկ սենյակից: Նա տոմս գնեց, նստեց գնացն ու գնացքը նրան տարավ՝ ինքն էլ չգիտեր, թե ուր:
Օֆելիան իջավ գնացքից ու ճանապարհը ոտքով շարունակեց: Մի ձեռքով ճամպրուկն էր տանում, իսկ մյուսով՝ պայուսակը, որի մեջ ստվերներն էին թաքնվել:
Դա մի երկար-երկար փողոց էր: Վերջապես Օֆելիան հասավ ծովին: Էլ գնալու տեղ չկար: Նա նստեց ափին, որ մի փոքր հանգստանա, ու քնեց:
Ստվերները դուրս եկան պայուսակից, շրջապատեցին նրան ու սկսեցին մտածել, թե ինչ են անելու:
- Ճիշտն ասած,- իրար շշնջում էին ստվերները,- հենց մեր պատճառով է տիկին Օֆելիան այսպիսի վիճակում հայտնվել: Պետք է մտածել, ինչպես կարող ենք նրան օգնել:
Ու նրանք երկար ժամանակ մտածում էին, իսկ երբ ծեր ֆրոյլյայնն արթնացավ, պատմեցին իրենց միտքը:
- Ախ, ահա՛ թե ինչ,- ծիծաղեց Օֆելիան:- Վատ չեք մտածել:
Ու ահա Օֆելիան եկավ մի գյուղակ:
Գյուղի եզրին նրանք մի ձող տեսան, որի վրա սովորաբար ուղեգորգերն էին թափ տալիս: Ճամպրուկից սավան հանեց ու կախեց այդ ձողի վրա:
Ստվերները պայուսակից դուրս եկան ու սկսեցին սավանի վրա խաղալ ներկայացումները, որոնք վաղուց սովորել էին:
Օֆելիան նստած երե ետևում ու դերասաններին հուշում էր Պոետների Մեծն Խոսքերը, որպեսզի նրանք չկմկման:
Շուտով երեխաներ վազեցին նրանց մոտ: Հետո մեծերն էլ մոտեցան: Ու ամեն մեկն ինչ-որ մանրուքով վճարեց անսովոր ներկայացման համար:
Դրանից հետո ֆրոյլյայն Օֆելիան սկսեց գյուղից գյուղ, երկրից երկիր գնալ, ու նրա ստվերները վերածվում էին արքաների ու խեղկատակների, ազնվազարմ ֆրոյլյայնների ու հրե նժույգների, կախարդների ու ծաղիկների:
Գալիս էին մարդիկ, նայում, ծիծաղում ու լաց լինում:
Շուտով Օֆելիան հայտնի դարձավ, ու որտեղ էլ գնար՝ ամենուրեք նրան սպասում էին. այդպիսի թատրոն դեռ ոչ ոք չէր տեսել:
Հանդիսատեսները ծափահարում էին, ու ամեն մեկն ինչ-որ բան էր վճարում: Ոմանք՝ ավելի շատ, ոմանք՝ ավելի քիչ:
Որոշ ժամանակ անց Օֆելիան նույնիսկ այնքան փող հավաքեց, որ կարողացավ փոքրիկ, հին ավտոմեքենա գնել:
Նկարիչն այն նկարազարդեց ու կողքերին խոշոր տառերով գրեց.
«ՕՖԵԼԻԱՅԻ ՍՏՎԵՐՆԵՐԻ ԹԱՏՐՈՆ»
Ու Օֆելիայի թատրոնը գլորվեց-գնաց աշխարհով մեկ:
Դրանով մեր պատմությունը կարող էր ավարտվել, բայց դեռ չի ավարտվել:
Մի օր ֆրոյլյայն Օֆելիան իր մեքենայով ձնաբուքի մեջ ընկավ ու էլ չկարողացավ առաջ գնալ:
Հանկարծ նրա առաջ հայտնվեց Հսկայական Ստվերը: Այն շատ ավելի մուգ էր, քան մնացած բոլոր ստվերները:
- Դու է՞լ ես նրանցից,- հարցրեց Օֆելիան,- նրանցից... ում ոչ ոք չի ուզում:
- Կարծում եմ, դիպուկ է ասված,- դանդաղ արտաբերեց Ստվերը:
- Ու նու՞յնպես ուզում ես ինձ միանալ:
- Իսկ դու ինձ կվերցնեի՞ր,- քմծիծաղ տվեց Հսկայական Ստվերը, ավելի մոտենալով:
- Ես ավելի, քան բավականաչափ ստվերներ ունեմ,- ասաց ծեր ֆրոյլյայնը,- բայց ախր դու էլ մեղք ես:
- Միգուցե սկզբում անու՞նս իմանաս:
- Իսկ ի՞նչ է քո անունը:
- Մարդիկ ինձ անվանում են... Մահ:
Ամեն ինչ լռեց, նույնիսկ ձյունոտ քամին:
- Դեռ ցանկանու՞մ ես ինձ վերցնել,- վերջապես մեղմորեն հարցրեց Ստվերը:
- Այո,- պատասխանեց փոքրիկ ծեր ֆրոյլյայն Օֆելիան:- Արի իմ մոտ:
Ու հսկայական սառը ստվերը ծածկեց Օֆելիային, ու լույսը խամրեց:
Բայց հետո նրա մոտ նոր աչքեր հայտնվեցին՝ երիտասարդ ու պարզ: Ու արդեն կարճատես չէին: Ու Օֆելիան նույնիսկ առանց ակնոցների կարող էր տեսնել, թե որտեղ է գտնվում:
Նա կանգնած էր Երկնքի Դարպասների մոտ, իսկ շուրջը փայլուն հագուստներով հրաշալի պատկերներ էին, որոնք ժպտում էին նրան:
- Իսկ ովքե՞ր եք դուք,- հարցրեց Օֆելիան:
- Մի՞թե չճանաչեցիր: Մենք նախկին ստվերներն ենք: Նույն ստվերները, որոնք ոչ մեկինը չէին: Հիմա մենք փրկված ենք ու էլ ստիպված չենք թափառել:
Երկնքի Դարպասները բացվեցին, ու նախկին ստվերները մտան ներս: Նրանք իրենց հետ տարան փոքրիկ, ծեր ֆրոյլյայն Օֆելիային:
Բոլորը միասին մոտեցան գեղեցիկ պալատին, ու դա ամենահիասքանչ թատրոնն էր, որը կարելի էր պատկերացնել:
Մուտքի վրա հսկայական ոսկե տառերով գրված էր.
«ՕՖԵԼԻԱՅԻ ԼՈՒՅՍԻ ԹԱՏՐՈՆ»
Այդ պահից նրանք այդ թատրոնում մարդկային ճակատագրերն են խաղում հրեշտակների առաջ, ու հնչում են այնտեղ Պոետների Մեծն Խոսքերը: Այդ խոսքերը հրեշտակներին էլ են հասկանալի: Ու պատմում են Պոետներն այն մասին, թե ինչքան տխուր ու ծիծաղելի, խղճուկ ու վեհ է մարդ լինելն ու աշխարհում ապրելը:
Ֆրոյլյայն Օֆելիան իր դերասաններին խոսքերն է շշունջով հուշում: Որպեսզի չկմկման:
Ասում են՝ երբեմն Աստված ինքն է գալիս նրանց լսելու: Բայց ոչ ոք հաստատ չգիտի:
Թարգմանությունը՝ Բ. Պողոսյանի

No comments:

Post a Comment