Thursday, February 17, 2011

Լեգենդ Կայենի մասին

Բայանդուր Պողոսյան
Վերջապես Արևի առաջին ճառագայթները դիպչում են քարե Աստվածության գագաթին: Ամեն տարվա այդ օրն անասելի կարևոր է. ամեն տարի այդ օրը ծերացած Արևը սկսում է մահանալ, ու Աստվածության արգանդում ծնվում է նորի սաղմը:
Բոլորը գիտեն, որ ամեն ինչ մահանում է. մարդիկ, հողը, արևը՝ ամեն ինչ, բացի քարե Աստվածությունից, որն ասես ժամանակից դուրս ընկած՝ միշտ անփոփոխ է: Փառավոր է Աստվածությունը, այն ամենազոր է ու հավերժական: Այն է ամեն բարին ու չարը, ու ոչինչ աշխարհում չի կատարվում նրա կամքից անկախ:
Բլրի լանջով վեր են բարձրանում երկու տղամարդիկ ու նվիրատվություններ են բերում: Նրանք հոգնած են. ամբողջ գիշեր բնակավայրի սրբազան խարույկի շուրջն իրենց պարերով փառաբանել էին քարե Աստվածությանը, որի կամքով Արևը մահանում է ու վերածնվում:
Երբ բավականաչափ մոտենում են, տեսանելի է դառնում նրանց նմանությունը. եղբայրներ են: Երբ հասնում են Աստվածությանը, դրա առաջ գտնվող քարե զոհասեղաններին են դնում իրենց բեռը. աջ կողմում կանգնած եղբայրը կենդանի գառ է դնում, իսկ ձախ կողմինը՝ մրգեր ու բանջարեղեն: Աջ եղբայրը հովիվ է, ձախը՝ բանջարաբույծ: Աջ եղբայրը բարձրացնում է սև քարից դանակն ու մի հարվածով կտրում գառան վզի զարկերակը՝ մյուս ձեռքով կենդանուն սեղմելով քարին: Գառը ձգվում է ու պաղում: Նրա աչքերը մշուշապատվում են: Զոհասեղանը կարմրում է տաք արյունից:
Արևը սահում է Աստվածության ուսի վրայով ու իջնում աջ եղբոր վրա: Ու երկուսն էլ հասկանում են՝ այս տարի նորից նրա զոհն է ընդունվել:
Վերադարձին ձախ եղբայրը հարցնում է աջին.
- Ինչու՞ է Աստվածությունն ամեն անգամ քո զոհաբերությունն ընդունում, իսկ իմն անտեսում, եղբա՛յր:
- Որովհետև ես նրան տալիս եմ ինձ ամենասիրելի բանը՝ հոտի ամենափոքրիկ գառանը, ու սիրտս ցավում է նրան զոհաբերելիս,- պատասխանում է աջը,- ես զոհաբերում եմ ամենաթանկն, ինչ ունեմ:
- Եթե ես զոհաբերեմ Աստվածությանն ամենաթանկն, ինչ ունեմ, եղբա՛յր, նա կընդունի՞ իմ զոհաբերությունը:
- Այո:
Անցնում է մի տարի, ու նորից գալիս է նույն օրը: Զոհասեղանի վրա ձախ եղբայրը պառկեցրել է աջին ու սև քարից դանակը բարձրացրել նրա վրա: Նրա այտերով արցունքներ են հոսում:
- Աստվածությու՜ն,- կանչում է նա:
Աստվածությունը լուռ է: Ձախ եղբայրը շարունակում է.
- Զոհաբերում եմ քեզ ամենաթանկն, ինչ ունեմ՝ հարազատ եղբորս: Ընդունի՛ր զոհաբերությունս:
Սև քարից դանակն իջնում է՝ կտրելով եղբոր վզի զարկերակը: Աջ եղբայրը ձգվում է ու պաղում: Զոհասեղանը կարմրում է տաք արյունից:
Արևը սահում է Աստվածության ուսի վրայով ու իջնում ձախ եղբոր վրա: Ու նա հասկանում է՝ իր զոհն ընդունված է:
2009, Երևան

No comments:

Post a Comment