Wednesday, February 16, 2011

Delirium Tremens

Հայկօ (առաջին մասը), Բայանդուր Պողոսյան (երկրորդ և երրորդ մասերը)
Երիտասարդ արյունը եռում էր ներսում: Ուժով ու եռանդով լի, կյանքով լեցուն՝ մոտեցավ արևկող դռանը: Փտած տախտակները մի կերպ կցած էին իրար, ներկը պլոկված էր: Ժանգոտած ծխնիները, դժկամությամբ ճռռալով, տեղի տվեցին: Մտավ ներս, և Տան փոշե շունչը դիպավ դեմքին: Ամենուր իրենց դարն ապրած իրերի կույտեր էին, փոշու հաստ շերտի տակ խեղդված ինչ-որ առարկաներ: Լուսամուտները փակված էին կերպասե ծանր վարագույներով: Խունացած քաթանի կտորներով ամբողջությամբ ծածկված փայտե ծանր կահույքն, ասես դարանակալ, նայում էր նրան քրքրված, հնաոճ պաստառներով զարդարված պատերի տակից: Փոշի էր ու մթություն, բորբոս ու հնոտիներ: Բազմաճյուղ, ժանգոտած ջահը, օձերի կծիկի նման, կախվել էր գերանակապ ու մրոտ առաստաղից: Լպրծուն կիսախավարի միջից մի կերպ նշմարեց դեպի Տան խորքը տանող ճանապարհը և քայլեց առաջ: Ամեն քայլի հետ փոշին թափանցում էր նրա հագուստի ու մարմնի մեջ, սարդոստայնները ծվեն-ծվեն փաթաթվում էին վրան: Գայթեց. ոտքը դիպավ քրքրված գորգի եզրին: Հավասարակշությունը պահելու համար բռնեց զարդանախշ, ծանր սեղանի եզրից ու զգաց, թե ինչպես են ցրտի սառցե ասեղները ծակծկում մատները, մթության շոշափուկները դաստակի վրայով սողում վերև: Սարսռալով՝ ձեռքը հետ քաշեց. երակներում վերականգնվող արյան հոսքը ջերմացրեց ափը: Ինչ-որ անհասկանալի ուժ նրան մղում էր դեպի Տան՝ խավարի քողի տակ թաքնված խորքը: Խունացած գորգը խեղդում էր ոտնաձայները՝ փխրուն անձկության նման պարուրելով նրա քայլերը: Գորգի տակ փայտե հատակը սպունգի նման ծակոտկեն էր ու փափուկ: Կրունկները խրվում էին գորգի ու տախտակների մեջ, ու փոշին սողալով լցնում էր առաջացած փոսերը: Առաստաղը հողի գույնի էր: Մոտեցավ սենյակի խորքի երկաթակոփ դռանը, վարանելով դիպավ բռնակին: Կողպեքի ժանգոտ ատամնանիվները զարմանալիորեն անաղմուկ պտտվեցին, դուռը դանդաղ բացվեց: Քայլեց դեպի ներս և զգաց, թե ինչպես է մթության անկյուններում կուչ եկած հազարամյա վախը արթնանում սենյակում ու քամում իր հոգին: Բորբոսի, քայքայման ու ծերության հոտով հագեցած գաղջ օդը դիպավ դեմքին, թափանցեց հագուստի ծալքերի մեջ, ներծծվեց մաշկի անհամար ծակոտիներով: Մարմնի ներսում ասես ինչ-որ բան ոլորվեց: Նրան թվաց, որ խրվել է մի աներևույթ, մածուցիկ պատնեշի մեջ: Պատի տակ նշմարեց վերև տանող աստիճաններն ու ուղղվեց դեպի այդ կողմ: Յուրաքանչյուր քայլի հետ զգում էր, թե ինչպես է մահացու հոգնությունը սև մաղձի նման տարածվում մարմնի ներսում, ծվատում իր կամքը, գիտակցում էր, որ ուղեղը պատած պղտոր փառն ավելի ու ավելի է կարծրանում: Մտածեց, որ մի ամբողջ հավերժություն արդեն սողում է մոխիրի, փոշու ու թմբիրի այս արքայությունում, որ է Տունը: Նկատեց, որ ստվեր չունի ու հասկացավ, որ արևի լույս չկա ու չի էլ եղել երբեք: Հետևեց, թե ինչպես է արմունկը երազի նման լողում թանձր օդի մեջ ու պատահմամբ հրում ծանր, ասես արճճե գավաթը, աղոտ կերպով գիտակցեց, որ գուցե մի քանի ժամ է անցել այն պահից, երբ գավաթը սկսեց ընկնել ու մոտենալ հատակին, կլանված դիտեց, թե ինչպես են հատակից գավաթին ընդառաջ բարձրանում փոշու ու մառախուղի ծիլերն ու, գավաթը ամփոփելով իրենց հանգույցներում, զգույշ իջեցնում այն դեպի ներքև: Ոչ մի ձայն չլսեց: Ձեռքերը դողում էին, երբ բռնեց աստիճանի բազրիքը: Սառնություն չզգաց: Դանդաղ բարձրացավ վերև: Տան երկրորդ հարկի սորուն կիսախավարի սրտում մի ավելի մութ ուրվագիծ նկատեց ու սկսեց մոտենալ: Հեռավորության կրճատվելուն զուգընթաց՝ ուրվագծի խորքերում ավելի ու ավելի հստակ ինչ-որ շարժում էր նշմարվում: Աստիճանաբար՝ անկանոն, քաոսային շարժումը գրեթե մարդկային կերպարանք ստացավ: Քայլ առ քայլ առաջ գնալով՝ հմայված հետևում էր, թե ինչպես է մթության ծնած լռակյաց ստվերը նույնպես դանդաղ քայլերով մոտենում իրեն: Նախ երևաց վտիտ, ցնցոտիներով փաթաթված իրանը, ապա՝ բուսական ջիղեր հիշեցնող կարծր երակների ցանցով պատված նիհար վերջույթները, սուր ուսերի մեջ ներքաշված պարանոցը, լերկ, ծերունական մուգ բծերով ծածկված մաշկով գլուխը, կեղտոտ, խճճված, իրար կպած, նոսր մազերի փնջերը: Դեմքը չէր երևում: Նկատվում էր, թե քրքրված հագուստի տակ ինչպես են կոտրված փուքսի նման ուռչում ու սմքում դուրս ցցված կողերը: Կերպարանքը քայլում էր ակնհայտ դժվարությամբ, լուռ հևալով, մի կերպ քարշ տալով անհնազանդ ոտքերը: Մոտենալով մարդկային այդ ուրվագծին՝ հայացքը թեքեց ներքև՝ դեպի դրա ձեռքերը: Կնճռոտ էին, մոմի պես դեղին, կոտրտված եղջերանման եղունգներով, չորացած, ասես կմախքի վրա սոսնձված կաշվով, ոսկրոտ ու անկյանք: Հանկարծ ձեռքը սկսեց բարձրանալ ու մեկնվել առաջ: Իր կամքից անկախ՝ ճաքճքած ու ծռմռված ձեռքին ընդառաջ բարձրացրեց սեփական տաք, փափուկ, արյամբ ու կյանքով լեցուն ձեռքը: Այն ակնթարթին, երբ թվում էր՝ արդեն պիտի դիպչի կերպարանքի ձեռքին, նրա մատները շոշափեցին հայելու սառն ու ողորկ հարթությունը: Այլայլված՝ գլուխը բարձրացրեց վերև ու աչքերը գամեց կերպարանքի՝ ասես միայն սև, պղտոր բիբերից կազմված աչքերին, կարծես դարերի խորքից՝ տեսավ Տան դեմքը ու իր վրա զգաց իր սեփական հայացքի ապակյա ծանրությունը: Ցնցված, սահմռկելով՝ ընկրկեց հայելուց, ճիգ գործադրեց՝ հայացքը պոկելու համար այդ գիշերասաթե բիբերից, ոտքը հետ դրեց ու զգաց, որ աստիճաններով գլորվում է ներքև՝ դեպի խավարի բաց գիրկը:
Խավարը ոլորվեց, իր հետ ոլորելով նրա կամքը, ձևափոխելով ու ձևափոխվելով, ասես լցվելով սրինգի մոնոտոն, ոլորվող սուլոցով, որն աճելով ոռնոցի վերածվեց նրա ականջներում: Անսահման սարսափի ոռնոց, որի մեջ նա զգաց, որ ինքն էլ է ոռնում խավարի հետ միասին, որ իր կամքն ու խավարի կամքը նույնն են, որ ինքն էլ է մասն այն դիվային սրինգի, որը նվագողի անունը երբեք չի կարելի հիշատակել ո՛չ բարձրաձայն, ո՛չ շշուկով, ո՛չ մտքում:
Այդպես էր սուլում, ոռնում ու գալարվում լռությունը, այդպես էր սուլում, ոռնում ու գալարվում նա, մինչև ամեն ինչ նորից չլուծվեց սպիտակի մեջ:
Ու ահա՝ լի կյանքով ու արյամբ, նա նորից կանգնած էր դռան առաջ, որն արդեն մեռած ու նեխող էր, երբ ժամանակը դեռ չէր ծնվել: Նորից նույն փտած տախտակները, որոնք, թվում էր, մի շարժումից կարող էին խարխլվել իրենց տեղերից ու փլվել դուռը բացել փորձողի վրա: Դռան վրա մուգ սրճագույն, գրեթե սև բծեր էին, որոնք կարող էին մակարդված արյան հետքեր լինել. ո՞վ կարող էր հաստատ ասել:
Ո՞վ կարող էր ասել, քանի օր, տարի, եթե ոչ՝ դար, նա մոտենում էր դռանը, բացում այն. ամեն անգամ, ուղիղ նույն ժամին, ժամանակը պտտվում էր, վերադարձնում նույն տեղը՝ փոխարենը զրկելով վերապրած սարսափի հիշողություններից:
Տունը կանչում էր նրան. թվում էր՝ իրականության մեջ խրված այդ վերքը, որի աստիճանաբար լայնացող ճեղքերով ծածկված պատերը բացվում էին՝ ստեղծելով ծաղկող վարդի մի հրեշավոր նմանություն, պետք է իրենից վաներ ամեն կենդանի արարած, մինչև նեխման այդ ծաղիկը բացվի, ու արևի ճառագայթներն իսպառ վերացնեն ստվերում թաքնված սարսափի վերջին մնացորդները:
Բայց Տունը կանչում էր նրան, Տունը խոստանում էր բացվել նրա առաջ, ներս թողնել, մերկանալ... Նա զգաց, որ ակամայից նրբորեն շոյում է դռան ճաքճքած մակերևույթը:
Դռան չարագույժ ճռռոցից սառնություն զգաց փորում: Սովորաբար դուռը բացելիս լույսը մտնողի համար միջանցք է գցում դեպի ներս. այդ տանն ամեն ինչ հակառակն էր՝ ներսի խավարն էր ստվեր գցում դեպի դուրս: Նրա սրտում մի պահ կասկած ծնվեց, բայց, նորից զգալով տան կանչը, քայլեց խավարի մեջ:
Ամեն ինչ իր տեղում էր. կերպասե ծանր վարագույրներով ծածկված պատուհանները, օդում սավառնող հեղձուցիկ փոշին, Գորգոնայի գլուխ հիշեցնող ջահը: Նորից նրա մազերը սարդոստանից սկսեցին կպչել իրար. նա, անհանգիստ շնչելով, իր ինչ-որ թաքնված զգայարանով ըմբռնեց օդում սավառնող հիշողությունների, մանուշակների, ֆորմալդեհիդի, մահվան ու կանացի քրտինքի ծանր բույրը:
Ոչ, նրան ծանոթ ոչինչ չկար այդ սենյակում, բացի իր սեփական հիշողություններից, որոնք նա երբեք չէր ունեցել:
Մտածմունքների մեջ՝ նա մոտեցավ գրադարակին ու սկսեց ձեռքի ափով գրքերի վրայից հերթով քաշել սարդոստայնը. խավարի մեջ նա աստիճանաբար տարբերակեց «De Umbrarum Regis Novum Portis», «Necros Nomos Eicon», «Vigiliae Mortuorum secundum chorum Ecclesiae Maguntinae», «Malleus Maleficarum» գրքերի կազմերը, նույնիսկ սըր Լանսելոտ Քաննինգի «Խելահեղ Թախիծը» կար: Նա ձեռքը մեկնեց գրքի արդեն բավականին գունաթափ ու ճաքճքած կաշուց շապիկին, բայց տան նկուղից ուժեղ, մետաղային զրնգոցը լսելով՝ վախեցած ետ քաշեց ձեռքը:
Ձայնը չշարունակվեց, բայց նա համոզված էր, որ իսկապես այն լսել է: Վախի ալիքը գլորվեց նրա սրտով, ստամոքսը նորից կծկվեց ներսում սառնության զգացողությունից. ասես ինչ-որ ցուրտ ու լպրծուն բան էր գալարվում նրա ստոծանու տակ: Ծոծրակի մազերը, ասես ստատիկ լիցքից, սկսեցին բիզ-բիզ կանգնել, ու նա զգաց, որ ինչ-որ մեկը դիտում է իրեն: Մի կերպ ինքն իրեն ստիպելով, որ շրջվի, նա հայտնաբերեց, որ ետևում ոչ ոք չկա: Միևնույն է, նա արդեն գիտեր, որ միայնակ չի այդ Տանը: Ինչ-որ մեկի սարսափ ու ցանկություն ներշնչող ներկայությունը սարդոստայնի հետ միասին պարուրել էր նրա հագուստը, փոշու հետ թափանցել նրա մեջ:
- Ո՞վ կա այստեղ,- հարցրեց նա դողացող ձայնով:
Ոչ ոք չպատասխանեց:
Մի պահ նա նա անորոշ շարժում ընկալեց փոշոտ փալասով ծածկված կիսանդրու ետևից: Հաղթահարելով վախը, նա դողալով սկսեց մոտենալ արձանին: Գորգը կենդանի արարածի նման փափուկ էր նրա ոտքերի տակ, թվում էր՝ եթե ուժեղ սեղմի, գորգ-մորթու տակ կողեր ու ողնաշար կշոշափի: Ծանր շնչելով, մի ձեռքն առաջ մեկնած, իսկ մյուսն, ասես սրտի խելահեղ զարկը զսպելու համար, սեղմած կրծքին, նա մոտենում էր արձանին:
Ամեն քայլի հետ սիրտն ավելի կատաղի էր բաբախում, ականջներում արյան ահագնացող սուլոցի մեջ, թվում էր, շշուկ է լսվում.
«Ալհազրե՜դ...»
Եվս մի քայլ: Քիչ է մնացել:
«Ալհազրե՜դ...»
Դողդոջուն ձեռքերը կպան փալասին ու այն կտրուկ քաշեցին կիսանդրու վրայից: Արձանի ետևից ինչ-որ սև բան կտրուկ շարժումով վեր նետվեց ու կռռաց.
- Երբե՛ք:
Նա դողալով նստեց գետնին:
«Ընդամենը թռչուն էր: Իզուր եմ վախեցել: Հանգիստ: Ժամանակն է գնալ այս անիծված տեղից»,- մտածեց նա:
- Երբե՛ք,- կռռաց ագռավն ու դուրս թռավ, ընթացքում բախվելով դռանը: Դուռը, մի փոքր ավելի կախվելով ծխնիների վրա, ճռռոցով շարժվեց ու սկսեց փակվել՝ սեփական ծանրության տակ արագացնելով շարժումը:
Տեղից վեր թռավ, բայց արդեն գիտեր, որ չի հասցնի: Դուռն աղմուկով փակվեց ու հարվածից ավելի ձևախախտվեց: Երբ նա հասավ դրան, հասկացավ, որ չի կարողանա բացել այն: Ծխնիները կոտրվել էին, տախտակները՝ խրվել գետնի մեջ: Հուսահատության ու սարսափի մեջ՝ նա ամբողջ մարմնով ընկավ դռան վրա, բայց դուռն անսպասելիորեն ամուր դուրս եկավ: Նա ամբողջ ուժերը կենտրոնացրեց, որ չլացի ու նորից հրեց, այս անգամ՝ առանց որևէ հույսի:
Հանկարծ նա վեր թռավ՝ իր ուսի վրա սև, նրբագեղ ձեռքի հպում զգալով: Սիրտը նորից սկսեց կատաղի բաբախել, ականջների սուլոցը նորից սկսեց շշնջալ անուններ, որ նա երբեք մինչ այդ չէր լսել.
«Ալհազրե՜դ...»
«Աշվիթհա՜մա...»
«Շաբ-Նիգգուրա՜թ...»
Հարյուրավոր անուններ էին հնչում նրա գլխում, քանի դեռ նա շրջվում էր, բայց ոչ բոլորն էին ընկալելի մարդկային մտքի համար:
- Տե՛ս, ես բողբոջել եմ քո համար, Ռոդերիկ,- ասաց նրան աննկատ մոտեցած սև, փայլատ մաշկով փոքրամարմին կինը, որը փաթաթված էր հուղարկավորական սպիտակ սավանի մեջ,- արի՛ իմ մեջ, հավաքի՛ր իմ այգու բերքը:
Կինը լայն տարածեց ձեռքեր. սավանը ցած սահեց վրայից: Կնոջ մարմինն ու գլուխը, չնայած իրենց կատարելությանիը, լրիվ զուրկ էին մազերից ու ամբողջությամբ՝ հյութեղ սև շրթունքներից մինչև զգայուն փոքրիկ կրծքերը, ծածկված էր փայլուն սև դաջվածքներով, որոնք անհասկանալի ու միաժամանակ ծանոթ լեզվի տառեր էի, որոնք, ի պատասխան կնոջ խոսքերի,ասես ժամանակից էլ հին խոսքերի սիրային միաձուլման էքստազի մեջ, իսկապես սկսեցին բողբոջել, գալարվել, աճել, միահյուսվել ու թափանցել իրար մեջ՝ սկսած ձեռքերի մատներից: Երբ երբ նրանց շարժումը կլանեց կնոջ ամբողջ մարմինն ու հասավ կրծքերին, գրգռված սև պտուկների վրա խոսքերը բացվեցին սև ծաղիկների տեսքով, որոնք պարունակում էին նրանց ամբողջ իմաստը: Կինը մռռաց կատվի նման ու բարձրացրեց գլուխն, ի ցույց դնելով ասես քանդակած, զգայուն վիզը, վրա մարդկային գանգերի վզնոց էր կախված՝ կարծես համբույր պահանջելով: Շրթունքների՞, թե՞ կացնի:
Ասես իր ողջ տեսքով ասեր. դու միշտ էլ ծառայել ես ինձ, Ժիլ դե Ռե:
Նա չգիտեր, որ զգացողությունն է իր մեջ ավելի ուժեղ. վա՞խը, թե՞ ցանկությունը: Սակայն ամբողջ տեսիլքը միայն մի քանի վայրկյան տևեց. երբ նա ակամա թարթեց աչքերը, թե՛ կինը, թե՛ սավանն անհետացել էին: Նա ուժասպառ նստեց գետնին՝ մեջքով հենվելով դռանը, փորձելով ուշքի գալ, չխելագարվել, չմոռանալ, թե ով է ինքը: Կինը գնացել էր՝ իր հետ տանելով ցանկությունը. նրան էր թողել միայն վախն ու ափսոսանքը, միայն ափսոսանքը, վախն ու մենակության հուսահատությունը:
Նա շոշափելով գրպանից հանեց ծխախոտի տուփն ու կրակայրիչը: Աչքերով ընկավ աստիճանաշարքը. այն շարունակում էր կանչել, հրավիրել դեպի երկաթակոփ դռնով սենյակը՝ իր վախերի ու ցանկության աղբյուրը, իր վախերի ու ցանկության պահոցը: Դռան վրա զինանշանով զարդարված վահան էր. սև խաչ ոսկե դաշտում, կապույտ ժապավենով, որի վրա քսանութ շուշաններ էին:
«Էլ ոչ ոք չպետք է լինի այստեղ,- մտածեց նրա,- ոչ ոք չպետք է այստեղից տանի իմ անեծքը: Այն իմն է, իմ սեփականը»:
Ծխելու ցանկությունը կորավ, ինչպես էլ հայտնվել էր: Նա տուփը նորից թաքցրեց գրպանում, իսկ կրակայրիչը պահեց ձեռքում ու սկսեց մտամոլոր պտտել անվակը. խրթ-խրթ-խրթ:
Նրա միտքը շարունակում էր թափառել սենյակում, շարունակելով պարուրվել դեռ սառել չհասցրած սարսափի շոշափուկներով:
Խրթ-խրթ-խրթ:
Կրակայրիչը նույնպես գրպանը դնելով, նա նորից ինքն իրեն ստիպեց վեր կենալ:
Տրիֆինան դեռ չգիտի, որ դու վերադարձել ես: Ահա, բացվեց նրա սենյակի դուռը: Նրա գիշերազգեստը մեղմ շրշյունով սահում է գետնի վրայով՝ միահյուսվելով փափուկ քայլերին: 
Շշշ՛, մի՛ աղմկիր, գիշե՛ր...
Նրան թվում է՝ սրտի զարկերը դեմքին են հարվածում: Քո երիտասարդ կինը, հոգու խորքում դու գիտես, որ նրա սրտի տակ քո երեխայի սիրտն էլ է բաբախում:
Շշշ՛, մի՛ աղմկիր, գիշե՛ր...
Նրա պատկերը գունատ է ուրվականի պես. գիշերազգեստը մեղմ շրշյունով սահում է գետնի վրայով դեպի սենյակը: Մի ձեռքն ամուր սեղմել է բանալիների կապոցը, մյուսը կանթեղն է բռնել:
Շշշ՛, մի՛ աղմկիր, գիշե՛ր...
Բանալիներից մեկը, որը սև վարդի տեսք ունի: Բանալին տարօրինակորեն փափուկ ու անձայն մտնում է անցքի մեջ, բայց համառում է պտտվել. Տրիֆինան ստիպված է կանթեղը դնել գետնին ու երկու ձեռքով հրել այն: Լույսը երերում է՝ տարօրինակ ստվերների պար գցելով նրա գիշերազգեստի վրա: Դու տեսնում ես, թե ինչպես են գիշերազգեստի թեթև շղարշի տակից ուրվագծվում նրա նուրբ ոտքերը:
Շշշ՛, մի՛ աղմկիր, գիշե՛ր...
Խլացրու՛ ձայնն իմ քայլերի, թո՛ղ նա երբեք չիմանա, որ ես տեսել եմ նրա թաքուն սենյակը:
Այդ ի՞նչ փուշ էր վարդի վրա, որ ծակեց ձեռքդ: Ձեռքն ակամա բերանն է տանում Տրիֆինան, լեզվով սեղմում վերքը:
Շշշ՛, մի՛ աղմկիր, գիշե՛ր...
Ուրվականները մեկը մյուսի հետևից բարձրանում էին աստիճանաշարքով, իսկ նա թափառող հայացքով նայում էր սենյակի դռանը:
Հանկարծ խավար տան դռներից մեկը բացվեց ու քայլերի ձայն լսվեց: Նա շփոթված նայեց ձեռքում սեղմած բանալիների խրձին. սև վարդի տեսքով փոքրիկ, խունացած բանալու վրա մակարդված արյան հետքեր էին սառել: Թե՞ դա պարզապես ժանգ էր:
«Ու՞մ ես խաբում: Ինքդ գիտես, որ արյուն է»:
Նա նորից դառնացած նայեց բանալուն: Որքա՜ն վաղուց էր դա:
Նորից կանթեղի լույս, որը մի պահ փայլեց անկյան ետևից:
- Տրիֆի՞նա:
Իսկապես նա էր: Անկյան ետևից դուրս եկավ. ճիշտ այնպիսին էր, ինչպես նա հիշում էր: Գունատ, սևահեր, թեթև գիշերազգեստով:
- Արդեն վերադարձե՞լ ես,- հարցրեց Տրիֆինան:- Ինչպե՞ս անցավ գործուղումդ:
Նա մեղավոր հայացքով նայեց երիտասարդ կնոջը, հետո՝ բանալուն: Ու Տրիֆինան հասկացավ, որ նա արդեն գիտի: Երբ նա մոտենում էր, հայացքում ոչ զայրույթ էր, ոչ ատելություն՝ միայն մեղքի զգացողություն: Փափուկ, փոշով հագեցած գորգի խլացնում էր նրա քայլերի ձայնը, օդը հագենում էր սառած սարսափի երակներով: Նույնիսկ Տրիֆինայի ձեռքի կանթեղի թրթռացող լույսն ասես ընկրկեր նրա ահագնացող ստվերի առաջ, որն առաջ էր շարժվում դեպի ընկրկող կինը: Ու մի պահ թվաց, թե ստվերի ձեռքի մոտ խամրած մետաղե ինչ-որ իր փայլեց:
Որքա՜ն վաղուց էր դա. նա նայեց իր կեղտոտ ցնցոտիներին, մեռած ծառի կեղեվ հիշեցնող բծածածկ մաշկին: Ջարդված, ճաքճքած եղունգները սևացել էին արյունազեղումներից ու կեղտից: Նա փորձեց ուղղել մեջքը, բայց ցավը ստիպեց նորից կորանալ ու ձեռքերի ափերով հենվել փոշով ծածկված սեղանին: Միշտ ատել էր փոշին, որից նրա մաշկը չորանում ու կծկվում էր: : Մոտեցավ հայելուն ու սիրտը սարսափից թրթռաց. հայելու միջից իրեն էր նայում իր երիտասարդությունը՝ արյամբ ու կյանքով լի: Նայում էր անթաքույց սարսափով:
«Ո՞վ ես դու»:
«Ո՞վ ես դարձել»:
«Ինչ անուն էլ վերցնես, քեզ հավերժ կհիշեն որպես անիծյալ Կապույտ Մորուք»:
Նա քայլեց իր թաքուն սենյակի՝ իր հիշողությունների լուռ գերեզմանոցի միջով, հևալով մոտեցավ հայելուն ու ձեռքը մեկնեց իր երիտասարդությանը, իսկ արցունքները հոսում էին նրա կեղտոտ այտերի վրայով՝ տհաճ, կպչուն զգացողություն թողնելով: Մի պահ նա զգաց, որ իրար ձգվող երկու ձեռքերն էլ իրենն են. թե՛ ծերունական ճիրանները, թե՛ փափուկ ու տարօրինակորեն նուրբ ափը: Մի պահ նա զգաց, թե ինչպես են նա ու հայելու միջի անդրադարձումը տեղերով փոխվում այդ հավերժական խավարի մեջ: Մի պահ նա կրկին զգաց, թե ինչպես է կացնի հարվածը մարմնից անջատում Տրիֆինայի գլուխը:
Այնտեղ, խավար, ու ցուրտ անտառում, որտեղ նրա գերեզմանն է, ու աղջիկը հավերժ մրսում է հողի տակ:
«Մի՞թե ես եմ քեզ սպանել: Մի՞թե ես էի մեղավոր»:
Դա այնքան վաղուց էր, որ փորագրությունը գրեթե ջնջվել էր տապանաքարից: Դժվարությամբ նշմարվում էին .LE..OR տառերն ու էլ ոչինչ: Միայն այդ տառերն ու էլ ոչինչ:
Ծերուկն ուշքի եկավ հանկարծահաս ցուրտ քամուց ու անձրևի կաթիլներից, որոնք թափանցեցին նրա թիկնոցի տակ: Ինչ-որ մեկի թեթև ձեռքն իջավ նրա ուսին: Նա բարձրացրեց հայացքը. աղջիկ էր, բայց բոլորովին նման չէր նրան: Ցածրահասակ էր, կլոր դեմքով ու սուր քթով, մազերի մեջ սպիտակ էր երևում, ինչը սազական չէր նրա տարիքին:
- Դուք դողում եք,- ասաց աղջիկը,- տվե՛ք ձեր ձեռքը, ես ձեզ կօգնեմ: Աստվա՛ծ իմ, դուք ջերմու՛մ եք: Ի՞նչ է ձեր անունը:
- Ես... չեմ հիշում: Ռեյնոլդս: Երևի Ռեյնոլդս:
Կայծակը ճայթեց նրանց գլխավերևում՝ իր կուրացուցիչ սպիտակ փայլով լուսավորելով ծառերի մռայլ, սև, մերկ ճյուղերն ու հնամաշ գերեզմանաքարերի շարքերը. այդ փայատակման մեջ անձրևի կաթիլներն ասես սառել էին թռիչքի պահին:
Ծերուկը հազաց, ու դա վատ հազ էր: Հենվելով աղջկան, նա փորձեց քայլել առաջ:
- Ես հոգնել եմ: Ահավոր հոգնել եմ,- ասաց նա:
2010, Երևան

No comments:

Post a Comment