Tuesday, April 19, 2011

Անուշ Սեդրակյան, «Մենք քրիստոնյա դառնալու խնդիր ունենք»

Աչքովս ընկավ ոմն քաղաքական մեկնաբան Անուշ Սեդրակյանի «Մենք քրիստոնյա դառնալու խնդիր ունենք» հոդվածն ու որոշեցի գոնե մի փոքր նրան անդրադառնալ:
Բաց թողնենք իմ անձնական վերաբերմունքը քրիստոնեության ու քաղաքական մեկնաբանների նկատմամբ, գրեթե դիմադրենք սրբապղծելու անդիմադրելի ցանկությանն ու անցնենք բուն հոդվածին:
- Հայերը 1710 տարի է, ինչ քրիստոնյա են: Ինչպիսի՞ն է քրիստոնեության ազդեցությունը հասարակության վրա, միջանձնային հարաբերություններում, քաղաքականության մեջ:
- Ինձ մոտ տպավորություն է, որ քրիստոնեությունն այդպես էլ անցավ հայ ազգի կողքով, անցավ, հուսով եմ, ոչ անվերադարձ, այսինքն` ես դեռ կարծում եմ, որ քրիստոնեությունը կսկսի արմատավորվել, որովհետև մենք քրիստոնյա դառնալու խնդիր ունենք: Այդ 1710 տարվա ընթացքում մենք միայն փոքր ընդմիջումներով ենք քրիստոնյա եղել, օրինակ` զուտ կրթական ուղղվածություն ունեցող ոսկե դարում: Երբ Եվրոպան խավարում էր, մենք ապրում էինք մեր լուսավորագույն ժամանակաշրջանը, իսկ երբ լուսավորվեց մեր շրջապատը, մենք խորասուզվեցինք խավարի մեջ:
Առաջին մեկնաբանություն: Ինչու՞ վերլուծաբանը վերլուծական մոտեցում չի ցուցաբերում իր խոսքի օբյեկտի նկատմամբ, փոխարենը բավարարվելով հրապարակախոսական «ես դժգոհ եմ, աշխարհը սխալ է, մի օր, հուսով եմ, մենք կապրենք ավելի լավ աշխարհում» ստանդարտ ու քրիստոնեությանը խիստ հատուկ մոտեցմամբ: Ըստ իս, սա էթիկայի լուրջ խախտում է:
Ինչևէ, լրացնեմ այդ բացը: Քրիստոնեության տարրական մեխանիկան: Աշխարհը միասկիզբ է, առաջ է գալիս դուալիզմ (քրիստոնեական աստծո կամքին հակադրվում են Սատանա/մեղք կոնցեպցիաները), աշխարհն ու մարդը խաթարվում են: Դուալիզմի կողմերից ճիշտ է մեկը և միայն մեկը, և աշխարհը մի օր նորից գալու է նույն նախնական միասկիզբ վիճակին: Իհարկե, երկրորդ սկզբունքն ու նրա հետևորդներին «հրե լճի» մեջ գցելուց անմիջապես հետո (առավել մանրամասն երկրորդ սկզբունքն ու իր հետևորդներին «հրե լճի» մեջ գցելու գործընթացի մասին կարող եք կարդալ աստվածաշնչի «Հայտնություն» գրքում): Երկրորդ սկզբունքն իր հերթին փորձում է գրողի ծոցն ուղարկել առաջին սկզբունքին ու նույնպես աշխարհը բերել միասկիզբ ստատիկայի: Էական տարբերությունն այս սկզբունքների միջև այն է, որ ներկա «դե յուրո» իշխանությունն իրեն հայտարարել է «բարի» («բարին դա ես եմ»), հակառակորդին՝ «չար»: Բաց թողնենք աստվածաշնչում երկու կողմերի սպանած մարդկանց վիճակագրությունը:
Ուշադրություն դարձրեք. դուալիստական վիճակը լրիվ բնական համարող ու «ստատուս-քուոն» առավել նախընտրելի համարվող կողմն ընդհանրապես չի քննարկվում («ով իմ հետ չէ՝ իմ դեմ է»):
Կրճատ սա անվանում են «սև ու սպիտակ բարոյականություն», որը, կարծում եմ, ավելի քան արմատավորված է հայ ազգի մեջ: Բոլոր ոլորտներում, քյառթերի «ճշտից» (որն, ի միջի այլոց, մի հատ է) մինչև օպոզիցիայի քաղաքական պայքարը:
Երբ Եվրոպան խավարում էր: Հունահռոմեական մշակույթը, որը միշտ համարվել է արևմտյան մշակույթներից ամենաբարձրը, երևի խավարի մեջ էր գցել Եվրոպան: «Խավար միջնադար» արտահայտությունը, որը բնավ նախաքրիստոնեական շրջան չի նշանակում, ամենալուսավոր շրջանն էր Եվրոպայի պատմության մեջ: Լեհաստանում մարդիկ մասսայականորեն մահանում էին սովից: Իսպանիայում՝ ինկվիզիցիայից: Անգլիայում՝ ժանտախտից: Բայց դա դեռ ոչինչ. Եվրոպան լուսավորվում էր նրանց դիակների խարույկներից:
Մենք քրիստոնեության ընկալում չունենք` այդ բառի խորքային, բարոյական և հատկապես հանրային իմաստով, որովհետև քրիստոնեությունն եկավ ամբոխից հասարակություն ստեղծելու համար:
Որքա՞ն պետք է մարդիկ բարոյականության ու «կատարյալ աշխարհի» մասին իրենց պատկերացումները փաթաթեն քրիստոնեությանը: Թեոկրատական քրիստոնեական հասարակության կառավարման մի շրջան անվանել են խիստ խոսուն «պոռնոկրատիա» անունով: Մենք գիտենք, թե ինչպիսին է քրիստոնեական հասարակությունը:
Ու մի փոքր ուղղում. մարդկային հասարակությունը բնավ երկու հազար տարվա պատմություն չունի, ի տարբերություն քրիստոնեության:
Հնարավոր չէ հասարակություն ստեղծել` մարդկանց խմբավորելով ինչ-որ արտաքին ստանդարտներով. ընդդիմությունը խմբավորում է մարդկանց համաձայն հակաիշխանական ստանդարտների, իշխանությունը խմբավորում է համաձայն նյութական շահերի, և մենք տեսնում ենք, որ բոլոր այդ խմբավորումներից հասարակություն դուրս չի գալիս:
Այսինքն՝ ըստ հեղինակի, քրիստոնեությունը մեզ պետք է զուտ մարդկանց խմբավորելու համար: Անկախ նրանից, մենք հավատում ենք դրան, թե ոչ: Կամ, ավելի պարզ ասած, եկեք խաբենք նրանց, որ միավորվեն: Հեղինակը.
ա) չի տեսնում տարբերությունը կրոնի ու քաղաքական իդեալի միջև
բ) այսքանից հետո ընդհանրապես բարոյականության կամ էթիկայի մասին խոսելու տեղ չունի՝ նա ընդամենը ցանկանում է միավորված ու բարոյական հասարակության մասին իր պատկերացումները փաթաթել հասարակության կոնկրետ սեգմենտի:
Քանզի հասարակության հիմնաքարը յուրաքանչյուր անհատի ներսում գտնվող ներքին ցենզորն է, ներքին բարոյական գրաքննադատը, որը խմբագրում է մարդու արարքները` համաձայն որոշակի կոդեքսի: Այդ կոդեքսը քրիստոնեության մեջ բացահայտ է` պատվիրանները: Պետք չի ինչ-որ նոր բան հնարել, որովհետև պատվիրանները խիստ հստակ տալիս են մարդու ինքնացեզուրայի համակարգը:
Ու նորից եկավ բրեյնուոշինգի պրոպոգանդան՝ հաստատելով վերևում գրածս: «Եկեք մարդկանց զրկենք սեփական նորմերը որոշելու իրավունքից, քանի որ քրիստոնեականները ես ճիշտ/բարի եմ համարում»:
Միանշանակ է, որ քրիստոնեության ողջ նվաճումը և ողջ քաղաքակրթական արժեքը հենց այդ ներքին բարոյական ստանդարտի վերահսկումն է այդ ստանդարտը կրողի կողմից: Ոչ թե դրսից, ոչ թե պատժային համակարգի կողմից, այլ հենց ներքին գրաքննադատի կողմից:
Ամոթ չլինի հարցնել, իսկ ի՞նչ է քրիստոնեությունը, եթե ոչ «հեռակա կարգով» պատժի/վարձատրության համակարգ: Ի նկատի ունեմ, ո՞րն է քրիստոնեության մոտիվացիայի մեխանիզմը: Արդյոք դրախտ/ցասման օր/դժոխքը չի՞:
Ըստ այդմ` քրիստոնեական և ոչ քրիստոնեական աշխարհը կարելի է տարբերակել համաձայն հետևյալ կատեգորիաների` ադաթի հասարակություն և մեղքի հասարակություն:
Հիշեցեք արձագանքիս սկիզբը. երկու հակադիր կոնցեպցիաներ, որոնցից մեկը լավն է, իսկ մյուսը՝ վատը: Իդեալական տարբերակում լավը վատին հաղթում է, ծնկի իջեցնում ու գազանաբար սպանում: Զուտ քրիստոնեական մոտեցում:
Այսինքն` ոչ քրիստոնեական սոցիումն ադաթի սոցիումն է, որը վարվում է այդպես, որովհետև դա գալիս է անցյալից, իսկ քրիստոնեականն այն սոցիոմն է, որն իր գործողությունների կանոնակարգը մշակում է համաձայն իր բարոյական ցենզորի համապատասխանության:
Չասեք, թե չէի զգուշացրել:)))))))))))))
Այստեղ մի մեծ խնդիր է առաջանում` անձնական ազատության, որովհետև եթե վերահսկվում ես ինքդ քո կողմից, նշանակում է` դու ունես անձնական ազատության հսկայական տարածք: Դու կարող ես նաև այդ մեղքը գործել` քո անձի ձեռքում է մեղքի և պատասխանատվության բաշխումը:
Լավագույն դեպքում՝ չանգյալներով դևերն ու ծծումբով կաթսաները չհաշված: Վատագույն դեպքում՝ ավելի պրագմատիկ ու շտապողական ինկվիզիցիայի խարույկն ու տանջանքի այլ հարմարանքներ:
Այլ կերպ ասած՝ ազատ ես վարվել Սպիտակ կամ Սև տարբերակներով (այլ տարբերակների հնարավորությունը քրիստոնեության մեջ, իհարկե, բացառվում է), բայց Սպիտակ տարբերակի դեպքում աստծո թեորետիկ կամ պրակտիկ վարունգը ձեռքումդ կլինի, իսկ Սև տարբերակի դեպքում՝ հետույքումդ:
Իզուր չէ, որ այդ անձնական ազատությունը բերեց նրան, որ երբ Եվրոպայում զարգացավ մոդեռնիստական շարժումը, շատ մարդիկ սկսեցին պայքարել հենց Քրիստոսի անձի դեմ, որովհետև նրանք հասկացան, որ ներքին ցենզորի տեղադրումը մարդկային կոմպլեքսների, նյարդահոգեկան խանգարումների հիմքն է: Մարդիկ փորձեցին դուրս գալ քրիստոնեության` իրեն կարծիքով, բանտից` փորձելով ձեռք բերել բացարձակ անձնական ազատություն, բայց պարզվեց, որ դա հնարավոր չէ: Պարզվեց, որ քրիստոնեությունը այնքան մեծ ներքին կազմակերպիչ ֆունկցիա ունի, որ «բանտից» դուրս գալ հնարավոր չի:
Ընդհանրապես, հիմնավորում կպահանջեի հեղինակից, քանի որ վերևում գրվածը պատմական կամ մշակութային որևէ հիմք չունի (հակաքրիստոնեական շարժումն ընդամենը հիստերիա առաջացրեց կրոնական ֆանատիկների մեջ, մի քանի կոնֆլիկտային դեռահասներ էլ, կոնֆլիկտը լուծելուց հետո, վերադարձան իրենց քրիստոնեական «հոտը», բայց դա ոչ մի կերպ չի նշանակում այն, ինչ գրել է հեղինակը):
Եվ այդ սանդղակը, որ քրիստոնեությունը դնում է յուրաքանչյուր անհատի մեջ, ավտոմատ պետք է արտատպվի հասարակության մեջ, որովհետև եթե յուրաքանչյուր անձ ինքնակազմակերպվում է իր անհատական ազատության շրջանակներում, բնականաբար, հասարակությունը սկսում է կազմակերպվել իբրև հանրային միավոր: Օրինակ, իններերդ պատվիրանն ասում է` Մի՛ խաբիր: Կամ` Մի՛ սպանիր, Մի՛ շնացիր: Սրանք քրեական և քաղաքացիական կոդեքսը ձևավորող հիմնադրույթներն են:
Եթե միայն հեղինակն իմանար, որ «շնանալը» պատվիրանների առաջացման պահին նշանակում էր սեքսից հաճույք ստանալ... Մյուս կողմից՝ «մի՛ սպանիր» հրեաները նույն աստվածաշնչում իրենց «ավետյաց երկիր» հասնելու ընթացքում ամբողջ ցեղասպանություններ են իրականացնում, ու ընդհանրապես՝ ոչ մի քրիստոնեական կամ այլ հասարակություն չի խորշացել «հանուն հասարակության շահի» սպանությունից: Սա էլ ավելի շուտ նշանակում է՝ «մի՛ սպանիր հասարակության տվյալ սեգմենտի ներսում, ինչպես նաև սեգմենտից դուրս, եթե հասարակությունը չի պահանջում դա»: Չմոռանանք, որ զինապարտությունից խուսափելը նույնպես քրեորեն պատժելի արարք է:
Որոշ հատված բաց եմ թողնում, որովհետև երկար է, ձանձրալի, ու առանձնապես ասելիք չունեմ այդ մասին:
Դիտարկենք հատկապես ռեֆորմիստական եկեղեցին, քանի որ Ռեֆորմացիայից հետո պուրիտանները հստակեցրին քրիստոնեության հիմնական դրույթները` դրանք պրակտիկայի մեջ ներառելու միջոցով: Ամենակարևորը` պուրիտանները սկսեցին համապատասխանեցնել ներընտանեկան և հասարակական ստանդարտները: Այսինքն` ընտանիքում չէին կարող լինել այլ ստանդարտներ, քան նրանք, որ գործում էին հասարակության մեջ: Ժուժկալությունը, սուտ չխոսելը, հագուստի ընտրությունը, ամուսնական ինսիտիտուտի մաքրությունը` դրանք բոլորը համարժեք էին հանրային ստանդարտներին, և դրա շնորհիվ է, որ մենք հիմա ունենք ԱՄՆ-ի նման երկիր: 
Այո: Մենք ունենք ԱՄՆ-ի նման երկիր, որի նման կրոնական ֆանատիզմ չկա ոչ մի տեղ: Որտեղ երեխաների ուղեղները լվանում են Jesus Camp-ում ու նրանց ասում, որ Հարրի Պոտտերին պետք է վառել խարույկի վրա, որովհետև «warlocks are enemies of God!»: Որտեղ Դավիդիանների աղանդը զինապահեստ է կազմակերպում իր գլխավոր բազայում, ղեկավարն էլ հայտարարում է, որ աղանդի բոլոր կանանց ամուսնությունները լուծարված են, ու որ նրանք իր կանայք են (ըստ սեփական խոստովանության նա կենակցել է նույնիսկ 12 տարեկան աղջիկների հետ), քանի որ ինքը նոր մեսսիան է ու միայն ինքը պետք է ժառանգներ տա: Շարունակե՞մ ցուցակը: Հիասքանչ, հիասքանչ քրիստոնեական երկիր է ԱՄՆ-ն: One nation under god, լրիվ:
Շարունակե՞մ, թե՞ արդեն բավական է:

No comments:

Post a Comment