Sunday, April 17, 2011

Ցավոտ թեմա. կրկին կանանց իրավունքների ու ազատությունների մասին

Կարդում էի ոմն Գայանե Շահինյանի բլոգային գրառումը կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպության հավաքի մասին ու ինքս ինձ մտածում՝ ում նկատմամբ եմ ավելի մեծ հակակրանք զգում, ի՞ր, թե՞ կազմակերպության անդամների նկատմամբ: Ինչևէ, որոշեցի ի վերջո ընդունել, որ աղբյուրն անհուսալի է, ու որ Շահինյանը (հայերեն բառը չեմ գտնում) biased է:
Քիչ լավատեղյակ մարդիկ կվիճեն, որ կանանց ստատուսը հայաստանում ընդհանուր դեպքում համեմատելի է մահմեդական երկրների հետ: Այս գրառման մեջ ես այս դրույթը բերում եմ առանց քննարկման, եթե հետաքրքիր է՝ կարող եմ մանրամասնել ավելի ուշ:
Եկեք տարբերակենք հայ կանանց ըստ իրենց հասարակական ստատուսի ու դրա նկատմամբ իրենց վերաբերմունքի:
  1. Լիբերալ/չափավոր լիբերալ ընտանիքների կանայք, որոնք նվազագույն դիսկրիմինացիայի են ենթարկվել: Նրանք գիտեն, որ իրենց խոսքը պակաս կշիռ չունի, քան տղամարդունը, ընդհանուր առմամբ թույլ չեն տալիս, որ իրենց որոշում ընդունելու իրավունքը կասկածի տակ դրվի:
  2. «Քյառթու», «ավանդապահ», «գյուղանամուս» կամ «կոմունիստ-պուրիտան» պատրիարխալ ընտանիքներից դուրս եկած աղջիկներ, որոնք միշտ եղել են մահմեդական «տնական կենդանի» ստատուսում (կամ խուսափել են դրանից, հաջորդ բաժնում կանդրադառնամ դրան):
  3. Միածնող ընտանիքների երեխաներ:
  4. Անծնող երեխաներ:
Վերջին երկու դեպքերը չափազանց բարդ են, ու ես, բավականաչափ տվյալներ չունենալով, ինձ իրավունք չեմ վերապահում խոսել նրանց մասին:
Լիբերալ ծագմամբ կանայք կամ բախվում են հասարակության պատրիարխալիզմի հետ, կամ էլ ապրում «ignorance is bliss» կարգավիճակում՝ հայտնվելով «բարենպաստ/լիբերալ միջավայրում»: Բախվողներն էլ, ըստ իմ դիտարկումների, երեք խմբի են բաժանվում. իդեալիստներ, կոնֆորմիստներ ու նեյտրալներ: Իդեալիստները կոնֆլիկտ ունեն հասարակական նորմերի հետ ու փորձում են պայքարել դրա դեմ: Արտակարգ փոքր խումբ է:
Կոնֆորմիստները հաշտվում են նորմերի հետ, որոշելով, որ «ընդհանուրը ճիշտ է»: Ասենք, երբ լիբերալ ծագմամբ աղջիկը քյառթու բոյֆրենդի ձեռքի տակ վերածվում է ճնշված, անշուք ու ենթարկվող մի բանի, ամուսնանում, երեխաներ ծնում ու ավանդապաշտ-նահապետական-քյառթու ընտանիք ստեղծում: Նեյտրալներն ապրում են իրենց շրջապատում, պատրիարխալ միջավայտում փորձում են աչքի չընկնել իրենց լիբերալիզմով: Առավել մեծաքանակ խումբը սա է:
«Նահապետական» (ի պատիվ Հայկ «ՄիՆետաձիգ» Նահապետի) ընտանիքներից ծագողներն ավելի վաղ են ունենում իրենց կոնֆլիկտն, ու ելքերը նորից նույն երեքն են՝ իդեալիստ, կոնֆորմիստ ու նեյտրալ (կրկնակի կյանքով ապրող): Ցավոք, այս խմբի իդեալիստները հաճախ կտրուկ տարբերվում են վերևի խմբից՝ հաճախ մերժվելով ընտանիքի կողմից կամ իրենց կոնֆլիկտի մեջ գնալով ոչ այնքան խելամիտ քայլերի (օրինակ, հաշվի չառնելով, որ սեռական ազատության համար պայքարի մեջ բակի քյառթուի հետ սեքսով զբաղվելը ոչ թե ազատության արտահայտում է, այլ տեղափոխում «լավ, տան, հալալ կաթնատու, մերացու» ստատուսից «քած» ստատուսի՝ լրիվ նույն արժեքային համակարգում):
Ցանկացած դեպքում, կոնֆորմիստներն ամենավտանգավոր (ու ամենամեծաքանակ) խումբն են. նրանց կամ իսկապես դուր է գալիս տնական կենդանի լինելու ստատուսը (որն ազատում է նրանց սեփական որոշումներ ընդունելու անհրաժեշտությունից), կամ իրենք իրենց համոզել են, որ դա ճիշտ է, ու որ ցանկացած այլ բան սխալ է, Եվրոպան անբարոյական է, Ամերիկան՝ նույնպես, ռուս աղջիկները մարմնավաճառներ են և այլն:
Նեյտրալները հակասական են. նրանց մի մասը թաքնված կամ դեռ լրիվ չձևավորված իդեալիստներ են, որոնց նեյտրալության իրավունքը ես հարգում եմ: Բայց շատ են նրանք, որոնք, իրենց շրջապատում «վհուկ» հայտնաբերվելու դեպքում, իրենք են խարույկի ցախը կրակի տալիս:
Ու, ի վերջո, իսկապես կա մի խիստ տարօրինակ մասսա, որն իբր թե զբաղվում է «կանանց իրավունքների պաշտպանությամբ»: Նրանց մեջ մտնում են միայնակ մայրեր, նախկին մարմնավաճառներ, տղամարդատյացներ, լեսբուհիներ, նախկին հիպպիներ, էստրադայի մոռացված աստղեր, կանայք, որոնց պարզապես դուր է գալիս հավաքվել, սուրճ խմել ու ակտիվորեն ինչ-որ բան քննարկել, պարապ մարդիկ, ՀԿ-ներ կազմակերպելու սիրահարներ և այլն: Մասսան այնքան ոչ միանշանակ է, որ ես հրաժարվում եմ նրա նկատմամբ որևէ միանշանակ կարծիք արտահայտել (նախընտրում եմ ասել՝ քանի դեռ չեն խանգարում, թող զբաղվեն, էլի):
«Լավ կնոջ» ամերիկյան իդեալը (1955)
Ու այս միջավայրում ես մի քանի տարի է, ինչ ակտիվորեն փորձում եմ զբաղվել կանանց իրավունքների պաշտպանությամբ: Արդյունքում՝ տղամարդկանց մի ստվար մասսա սկզբում կանգնում է ու սկսում մեծ-մեծ խոսել իրենց նահապետական արժեքներից, հետո արագ փախուստի են դիմում: Հետո բախվում ես կոնֆորմիստ-ֆանատիկ կանանց ալիքին ու էլ առաջ չես կարող գնալ: Պատկերացրեք իրավիճակի աբսուրդությունը. տղամարդը պայքարում է կանանց դեմ՝ կանանց իրավունքների համար: Ու, տադադամ, լիբերալների մեծ մասը նման իրավիճակում նախընտրում է ոչ թե միանալ ինձ՝ ի վերջո, ես իրենց անունից եմ խոսում, այլ իմ հետ լինել... հոգեպես: Իսկ քննարկման մեջ՝ լռություն: Որ հանկարծ այդքան մեծ մասսայի առաջ չբացահայտվի, որ իրենք լիբերալ են: Իհարկե, կան քաջ բացառություններ, որոնց առաջ ես հանում եմ գլխարկս:
Այո, իրականում ամեն կին պետք է ինքնուրույն ընտրի, թե ինչ իրավունքներ ու ազատություններ պետք է ունենա: Բայց դրա համար նախ պետք է կոտրել հասարակական ճնշումն անհատի համար: Որ չլինի՝ «դու կարող ես ընտրել միայն Ա ու Բ տարբերակներից մեկն, ընդ որում, եթե ընտրես Բ տարբերակն, ապա գլուխդ կջարդենք»: Ա ու Բ տարբերակներ չկան: Տարբերակներ չկան ընդհանրապես: Ու եթե մենք գանք «կանայք իրավունք չունեն ազատ չլինել» իրավիճակին, դա, օբյեկտիվորեն, հիմիկվա վիճակից ոչ մի բանով լավ չի լինի:
Իսկ վարդագույն ականջօղերի առումով ասեմ՝ ոչ մի կանացիություն աղջկան իմ աչքերում այնքան չի բարձրացնի, ինչքան ճապոնական մարտարվեստներում կիրառվող քայլերի ու պտույտների համակարգին տիրապետելը: Ինչը գործնականում անհնարին է բարձրակրունկ կոշիկներով քայլող կանանց համար:

No comments:

Post a Comment