Thursday, June 30, 2011

Մի քիչ էլ Սալիերիի մասին

Ընդհանրապես, Անտոնիո Սալիերին գործիքային երաժշտություն քիչ է գրել, այն էլ՝ վաղ շրջանում: Հիմնականում նա գրել է օպերա ու հոգևոր երաժշտություն: Մի քանի գրառում առաջ, օրինակ, օրվա երաժշտությունը նրա պիկկոլո ռեքվիեմի առաջին երկու մասերն էին:
Մի կողմ թողնենք Մոցարտին թունավորելու մասին բամբասանքները՝ ի վերջո, Մոցարտն ինքը սկզբում մեղադրում էր Սալիերիին ամբողջ երաժշտական բեմը գրավելու մեջ, ու երբ նրանք ընկերացան, Մոցարտը որպես կոմպոզիտոր Վիեննայում կայացավ հենց Սալիերիի շնորհիվ: Երբ Մոցարտը մահացավ, նույնիսկ նրա կինը գնաց «ապրողների մասին հոգ տանելու», Սալիերին միակ մարդն էր, որ իր վրա վերցրեց թաղման հետ կապված խնդիրները: Ու դեռ երկար ժամանակ հետևում էր, որ Մոցարտի երաժշտությունը կատարվի բեմում:
Որպես կոմպոզիտոր ես Սալիերիին համեմատաբար ուշ եմ հայտնաբերել: Ի՞նչ կարող եմ ասել: Անցումնային շրջանի կոմպոզիտոր: Իսկապես հանճարեղ, բայց ոճերի կայացման հետ, համոզված եմ, նրա աշխատանքները սկսում էին անախրոնիստական հնչել, ինչի համար էլ մահվանից հետո արագ մոռացվեց:
Կլավիկորդի ու նվագախմբի համար նրա կոնցերտներից մեկում, որը հենց հիմա լսում եմ, երաժշտական ժանրերը խառնվում են իրար՝ արդեն հանգած բարոկկոյից ու իշխող կլասսիցիզմից մինչև դեռ չստեղծված ռոմանտիզմ:
Ցավոք, այդ աշխատանքը YouTube-ում չգտա: Իսկապես լավ աշխատանք է:

No comments:

Post a Comment