Friday, July 22, 2011

Նյուէյջոլոգիա, մաս երկրորդ

(հոդվածի սկիզբն՝ այստեղ)
Որպեսզի բացատրեմ, թե հենց ինչում է կայանում նյուէյջի խնդիրն, օրինակ բերեմ: Պատկերացրեք այսպիսի հարցում. «Կաթնամթերքների հետևյալ տեսակներից ո՞ր մեկի անվանումը կոմպոզիտորի անվան մաս չի»: Տարբերակներ.
  • Кефир
  • Сыр
  • Маляр
  • Сливки
Բաց թողնենք այն, որ հարցումն իրենով հիմար է, ու ոչինչ, որ երրորդ տարբերակը մասնագիտություն է, ոչ թե կաթնամթերք: Նյուէյջերը կպատասխանի, որ кефир-Կեֆֆեր գերմանական հնչողություն ունի, ուրեմն կոմպոզիտորի անուն է: Сыр՝ սըր Էդվարդ Էլգարի անվան սկիզբն է (ոչինչ, որ անգլիական սըրն ասպետական տիտղոս է նշանակում, ոչ թե բուն անվան մաս), маляр-ն ախր Գուստավ Մալերն է, сливки-ն էլ գրեթե նույնն է, ինչ Սմետանան: Խնդիրը նրանում է, որ նյուէյջերն այս տրամաբանությանը լուրջ կվերաբերվի լավագույն դեպքում, ֆանատիկ լուրջ՝ վատագույնում:
Այդպես էլ որոշել են, որ բոլոր կրոնները նույնն են, բոլոր աստվածությունները նույն երկու աստվածություններին են հանգում՝ արական ու իգական նախասկզբերին, միանգամից զուգահեռներ են տարել դաոսական տայձիտուի հետ (ին-յան էներգիաներ): Գեղեցիկ է հնչում, բայց միայն միայն թեմային մակերեսայնորեն ծանոթ լինելու դեպքում:
Այժմ՝ ավելի կոնկրետ օրինակ: Չակրաներ: Ոմն նյուէյջեր, Sambitbaba մականվամբ, Ակումբում տեղադրած իր «Նոր Կյանք, Նոր Էջ, Նյու Էյջ» ստեղծագործության մեջ ինչ-որ Քրայոնի գրքի հետ կապված հարց ու պատասխան է մեջբերում, ու ես էլ այն այստեղ կմեջբերեմ, քանի որ այն խիստ տիպիկ է նյուէյջերի մտածելակերպի համար.
Հարց. Թանկագին Քրայոն, այդ գիրքը կարդալու ընթացքում ես զգում էի, թե ինչպես են իմ չակրաները բացվում: (Չակրաները՝ մարդու էներգետիկ կենտրոններն են:) Ամեն տան մեջ, որոնց միջով որ անցնում էր գրքի հերոսը՝ Մայքլ Թոմասը, ես տարօրինակ շարժում էի զգում մարմնիս որոշակի, այս կամ այն չակրային համապատասխանող մասում: Գրքի ընթերցումն ավարտելուց հետո, շուտով, ես ամենամեծ հուզական թեթևացումը զգացի իմ կյանքում: Դրանից հետո ես առավել ուժեղ բուժարար դարձա և շատ բաներ անում եմ միանգամայն այլ կերպ, քան առաջ: Հնարավո՞ր է արդյոք, որ այդ գիրքն օգնում է մաքրվել հին էներգիայից, և ինչպե՞ս կարելի է իմանալ, որ դու ամբողովին մաքրել ես քո հին էներգիան:
Քրայոն. Այո, թանկագինս: Դրանում է Մայքլ Թոմասի մասին այլաբանության իմաստը: Գիրքը կարդալու ընթացքում դու ավելի ու ավելի ես բացվում փոխաբերությունների մեջ թաքնված փոխաբերությունների առջև, ընդ որում ակտիվանում է ԴՆԹ-ի քո ըմբռնումը: Ամեն մեկի մոտ դա յուրովի է տեղի ունենում, բայց նրանք, ովքեր պատրաստ են, արձագանքում են:
Որպես յոգան որոշ չափով ուսումնասիրած (իսկ չակրաները տանտրայից հաթհա յոգա անցած տերմիններ են), ու սկզբնաղբյուրներից, ոչ միայն արևմտյան կոմմերցիոն հեղինակներից ուսումնասիրած մարդ, մի քանի բան ասեմ չակրաների մասին:
Յոգայի մասին էլ խոսելիս պետք է նշել, թե կոնկրետ որ յոգայի մասին է խոսքը գնում: Դասական պատանջալա յոգան քիչ ընդհանուր բան ունի նույնիսկ իրենից ծագած շատ ուղղությունների հետ, էլ չխոսենք կրիշնաիտների բհակտի յոգայի ու ռերիխականների ագնի յոգայի մասին:
Նախ՝ չակրաներ գոյություն չունեն: Թույլ տվեք մանրամասնել. ոչ մի մարդ իր էությամբ ոչ մի մակարդակի վրա ի սկզբանե չունի չակրաներ: Չակրաները, որքան էլ լինեն յոգայի հիմնարար դրույթներից, ստեղծվում են: Ստեղծվում են նպատակաուղղված պրակտիկայի արդյունքում: Ու ամեն մարդու մոտ ունիկալ են, չնայած ընդհանուր գծերին: Չակրաները խիստ բարդ երևույթ են, ունեն խիստ բարդ կառուցվածք: Այլ կերպ ասած, սա ոչ մի դեպքում չակրայի ճիշտ պատկերում չի.
Տեսեք, թե ինչպես էին չակրաները պատկերում տասնյոթ-տասնութերորդ դարի Նեպալյան գրություններում.
Սահասրարա չակրան (հազար թերթանի լոտոսի ծաղիկը) նյուէյջերներն այնքան բառացի են հասկացել, որ մարդու ծիծաղ է գալիս: Հազար թերթ: Ուղիղ: Ոչ ավել, ոչ պակաս: Չգիտակցելով, որ մարդիկ «հազար» թիվն օգտագործել են հայերեն «բյուր» բառի իմաստով: Նույն ռուսների «до хуя»-ն: Անհաշվելի շատ, պարզ ասած: Անվերջ: Յոգայի ընթացքում մարդն իր կունդալինին չակրաներով ուղղորդում է իրենից դեպի անսահմանություն, ոչ թե չորսից թվային հաջորդականությամբ դեպի հազար:
Կարճ ու կոնկրետ. չակրաները պայմանական հասկացություն են, ներմուծված յոգայի պրակտիկայի ու յոգայի նպատակների համար: Նրանց փոխարեն նույն հավանականությամբ կարող էր լրիվ ուրիշ համակարգ լինել: Այո, չակրաների համար ընտրված են կենսական և այլ նշանակություն ունեցող կետեր. ի վերջո, յոգայի համակարգը ստեղծվել է, որ աշխատի, ոչ թե որպեսզի մի խումբ մարդիկ նստեն ու հոգևոր օնանիզմով զբաղվեն՝ իրենք իրենց վրա երևակայական գունավոր ծաղիկներ պատկերացնելով:
Յոգայի կամ տանտրայի պրակտիկա չանող մարդը կարող է հանգիստ սրտով չանհանգստանալ իր չակրաների, դրանց բաց կամ փակ լինելու ու նման բաների մասին: Ինչպես, ասենք, ծրագրավորումով չզբաղվող մարդը կարող է չանհանգստանալ դինամիկ փոփոխականների զբաղեցրած հիշողության հատվածը մաքրելու մասին:
Լրիվ հակառակ տրամաբանությամբ են ստեղծվել դաոսական դանցյանները, որոնք այդքան սիրում են նույնացնել չակրաների հետ: Դանցյանները, նախ և առաջ, ոչ թե հասկացություններ են, ի տարբերություն չակրաների, այլ կետեր, որոնք իրենցով ոչ մի գաղափարական նշանակություն չունեն: Օրինակ՝ մարմնի ծանրության կենտրոնը: Դաոսական ալքիմիան (որի վաղ տարբերակից լիքը դաոսներ այն աշխարհ գնացին, քանի որ փորձում էին իրենց «անմահության հաբը» սնդիկ պարունակող նյութից ստանալ) այդ կարևոր շրջաններում է կենտրոնացնում աշխատանքը:
Բայց սա, իհարկե, լրիվ ուրիշ պատմություն է:
Հաջորդ մասերում՝ էլի առանձին ուղղությունների ու հավատալիքների մասին (մասնավորապես, տելեգոնիայի):

P.S. Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու է ամեն շարքային նյուէյջեր ավելի վստահորեն ու շատ խոսում «լուսավորյալ թեմաներից» ու «ճշմարիտ ուղուց», քան ցանկացած Բուդդա)))

(շարունակելի)

No comments:

Post a Comment