Wednesday, July 27, 2011

Google+. մնաց 3 օր

Այո, վերնագիրը չի խաբում: Տարբեր աղբյուրներ և ընդհանուր խոսակցությունները հանգում են նրան, որ ուղիղ երեք օրից՝ հուլիսի 31-ին, Google-ի սոցիալական ծառայությունը հասանելի կդառնա բոլորին: Ու այդ առիթով ես որոշեցի ի մի բերել իրավիճակը մինչ ներկայիս պահը:
Եթե կարդում էիք Twisted Perception ֆորումի բլոգը, որը ես ժամանակին վարում էի, դեռ անցյալ տարվա հունիսի 30-ին ես գրել էի, որ սկսել են տվյալներ դուրս լողալ այն մասին, որ Google-ը նոր սոցիալական ծառայություն է մշակում: Հիշելով Google-ի նախորդ անհաջող փորձերը մտնել սոցիալական ծառայությունների ոլորտ, ինչպիսիք են Wave, Orkut, Buzz ծառայությունները, շատերը սկեպտիցիզմով էին վերաբերվում նաև այս նախագծին: Ինչևէ, մինչ այժմ Google+-ն աճի անսպասելի հակում է ցուցաբերում. անգամ բետայի ընթացքում Google+-ի անդամների քանակը երեք շաբաթվա ընթացքում անցավ 20,000,000-ից: Այդ քանակին հասնելու համար նրա հակառակորդներ Facebook ու Twitter համակարգերին պահանջվել է շատ ավելի մեծ ժամանակահատված, ինչպես կտեսնեք ստորև բերված գրաֆիկից.
Ինչն իսկապես առանձնացնում է Google+-ի դեպքը մնացածից, դա այն է, որ Google-ը ոչ մի մարկետինգային հնարք չի կիրառել ցանցը տարածելու համար. ավելին, գրանցումը հնարավոր էր միայն հրավերների միջոցով: Ու միևնույն է՝ արդյունքում ունենք ավելի քան քսան միլիոն չկրկնվող անդամներ:
Ես ինքս արդեն որոշ ժամանակ է, ինչ բավականին ակտիվորեն գործում եմ Google+-ում. ավելին, ես մասնակցեցի այնպիսի նախագծի, ինչպիսին էր «Google+ Սկսնակի Տեղեկատուի» թարգմանությունը, տեսա, ինչպես է, ի տարբերություն Facebook-ի, ձևավորվում հանրություն, ինչպես են մարդիկ օգնում իրար և այլն:
Կցանկանայի մի փոքր հակադրվել Google+-ի ու Twitter-ի պայքարի գաղափարին. եթե Twitter-ը broadcast-share համակարգ է (ամեն մասնակից ինֆորմացիան ցրում է իր հետևորդներին, որոնք իրենց հերթին հանդիսանում են նոր ցրման կետ), Google+-ը կենտրոնացած է ճիշտ ինֆորմացիան ճիշտ մարդկանց հասնելու վրա: Այսինքն, թեև դուք Twitter-ի պես կարող եք ավելացնել մարդկանց անկախ նրանից, նրանք նույնպես կավելացնեն ձեզ, թե ոչ, դուք կտեսնեք նրանց միայն հասարակական գրառումները («Տեղեկատուն» դրան անդրադառնում է):
Ինչ վերաբերում է բլոգին, ես կշարունակեմ ուսուցողական նյութեր տեղադրել Google+-ի վերաբերյալ: Եթե հետաքրքրում է կոնկրետ բան, կարող եք հարցնել մեկնաբանություններում: «Google+ Սկսնակի Տեղեկատու» նախագծի հեղինակ Սայդուր "Cy" Հոսեյնը նույնիսկ խոստացել է նոր «Google+ Պրոֆեսիոնալ Տեղեկատու» ստեղծել: Այն նույնպես, կարծում եմ, կթարգմանվի հայերեն:
Թե ինչպես կզարգանա սոցիալական ցանցերի պայքարը, ցույց կտա ժամանակը: Բայց Google+-ն արդեն գրեթե այստեղ է: Այնպես որ՝ բարի գալուստ Google+:

No comments:

Post a Comment