Wednesday, July 20, 2011

YouTube-ի ապագան

Ինչպես երևի նկատել եք, Google-ը վերջին ժամանակներս ակտիվորեն թարմացնում է իր ծառայությունները թե՛ ինտերֆեյսի, թե՛ ֆունկցիոնալության առումով: Youtube-ը, չգիտես ինչու, ընդհանուր առմամբ մնում էր նույնը (չհաշված նոր սև փլեերն իր բագերով): Այսօր որոշեցի բզբզել ու «տեսնել ապագան»:
Հետևելով այս հղմանը, կարող եք փորձարկել Youtube-ի տարբեր նոր հատկանիշներ: Գրառման մեջ ես կնշեմ ամենաշատ ինձ հետաքրքրածները:

Նոր ինտերֆեյս՝ Cosmic Panda (փորձարկել»)
Երևի նկատեցիք՝ ավելի ժամանակակից տեսք ունի, ավելի հարմար է (լիքը լրացուցիչ վիդեոներ աչքդ չի մտցնում), հարմար է մի քանի տարբեր չափսի փլեերներով դիտելու ֆունկցիան, բաժանորդագրվելը շատ ավելի հեշտ ու չպարտադրող տեսք ունի: Բայց սա դեռ ամենը չի. ձեր պրոֆիլը: Հարցը նրանում է, որ Youtube-ի ոչ բոլոր օգտագործողներն են նյութեր տեղադրում ու զբաղվում վիդեոպրոդուկցիայով: Կան վիդեոբլոգգերներ կամ պարզապես կայքը որպես տեսահոլովակների սոցիալական դիտման վայր օգտագործողներ:
Այո, բլոգերային թեման երկրորդական է դարձնում ձեր տեղադրած տեսահոլովակներն ու առաջնային՝ ձեր ակտիվությունը կայքում: Այլ կերպ ասած, Youtube-ը սոցիալական կայքի ավելի շատ տարրեր է ստանում:
Եթե կա մի բան, որ Google-ի մոտ ինձ առավել անհասկանալի է ու անհարմար, դա նրա ծառայությունների իրար հետ չաշխատելն է: Օրինակ, նոր Google+ սոցիալական ցանցում ընդհանրապես բացակայում է Youtube-ի ինտեգրացիան՝ նույնիսկ տեսահոլովակների տեղադրման համար օգտագործվում է Picasa-ն: Հուսանք՝ այնքան էլ հեռավոր ապագայում չի Google+ -> YouTube -> Blogger -> Picasa -> այլ ծառայությունների նորմալ համատեղ աշխատանքը: Չնայած խոսակցություններ են պտտվում, որ վերջին երկուսին շուտով ռեբրենդինգ է սպասում որպես Google Blogs և Google Photos:

Թեմատիկ տեսահոլովակներ՝ Topics (փորձարկել»)
Թվում է՝ ավելի պարզ բան չի կարող լինել. թեմատիկ դասավորված տեսահոլովակներ: Թեմաներն էլ լավ են ընտրված: Բայց եթե հիշեք Google+-ի նոր ֆունկցիաները ներկայացնող գրառումս, այնտեղ էլ կար նման մի բան՝ Sparks՛ որը հնարավորություն էր տալիս թեմատիկ դասավորված կարդալ ձեր օղակների մարդկանց տեղադրած ինֆորմացիան (ըստ ձեր հետաքրքրությունների): Արդյո՞ք սա հետագա ինտեգրացիայի նշան է, թե պարզապես ընդհանուր գաղափար. կարծում եմ, դեռ վաղ է խոսել այդ մասին:
Ինձ հետաքրքիր էր, թե որքանով են Youtube-ցիները խորացրել գաղափարի իրականացումը: Փաստորեն, բավականաչափ. ոչ թե հասարակ փլեյլիստներ են պատրաստել, այլ կան ենթաթեմաներ, թեմայի վրա մասնագիտացող հեղինակներ, նորմալ ու հարմար ինտերֆեյս:

HTML5 վիդեո (փորձարկել»)
YouTube-ը դեռ ավելի վաղ էր ներառել HTML5-վիդեոյի փորձնական ապահովումը, որը հնարավորություն կտար թեթևացնել համակարգչի ռեսուրսների բեռնումն ու կայքն ավելի համատեղելի դարձնել տարբեր, այդ թվում՝ նաև մոբիլ համակարգերի հետ: Այժմ այն շատ ավելի ֆունկցիոնալ է (վիդեոյի բեռնված մասի վերջին հասնելիս այլևս չի տեղափոխվում վիդեոյի սկիզբ), բայց լիաէկրան դիտում, համենայն դեպս Google Chrome բրոուզերով, չստացվեց: Փլեերը, ցավոք, նոր սև դիզայնովը չի: Տեսահոլովակի վրա right-click անելուց հետո տեսա «Save video as...» հնարավորություն, շատ զարմացա ու սեղմեցի այն: Արդյունքում՝ rickroll:D:D:D Այո, ժողովուրդ, YouTube-ն ինձ առաջին անգամ rickroll արեց:

3D տեսահոլովակների օնլայն ստեղծում՝ 3D Video Creator (փորձարկել»)
YouTube-ն այժմ հնարավորություն է տալիս բոլորին ստեղծել սեփական ստերեոսկոպիկ վիդեո տեսահոլովակները: Ի՞նչ է պետք դրա համար. երկու իրար ամրացված տեսախցիկներ: Երկուսով միաժամանակ ձայնագրում եք, բեռնում վիդեոները YouTube, գործիքի միջոցով կցում իրար, հարմարեցնում ըստ ժամանակի ու կոորդինատների, ու վուալյա՝ ձեր սեփական 3D-տեսահոլովակը:
Խոսքերի վրա սա շատ գեղեցիկ է հնչում, բայց, ցավոք, ես չունեմ երկու տեսախցիկ, այլապես անպայման փորձնական ձայնագրություն կկատարեի ու կտեղադրեի այստեղ:

Սրանք, իհարկե, բոլոր նոր ֆունկցիաները չեն, որ պատրաստում է YouTube-ը՝ կան վիդեոների օնլայն խմբագրման գործիք, որոնում ըստ մեկնաբանությունների ու էլի շատ բաներ: Բայց, քանի որ բլոգային ֆորմատն ու ազատ ժամանակս ծավալային սահմանափակումներ են դնում, գրեցի նրանց մասին, որոնք առավել հետաքրքիր թվացին: Կրկնեմ՝ նոր ֆունկցիաներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

No comments:

Post a Comment