Saturday, August 6, 2011

Հերունի 2. «Ո՞վ ենք մենք, և ու՞ր ենք գնում»

Գրիգոր Երիցյանի բլոգի հոդվածից իմացա «Բնաբան» լրատվականին Վաչագան Վահրադյանի տված հարցազրույցի մասին, որը վերնագրվում է՝ «Ո՞վ ենք մենք, և ու՞ր ենք գնում»: Վերնագրի տակի մակագրությունը հնչում էր այսպես.
«ՄԵԶ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՀԵՌԱՆԱԼ ՄԵՐ ԲԱՐՈՅԱԿԱՆ
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ ՈՒ ԳՆԱԼ ԴԵՊԻ
ՑԵԽԱՋՈՒՐԸ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱ»
Իհարկե, կոնսերվատիվ մարազմատիկ բիձուկները երբեք էլ նորություն չեն եղել Հայաստանում, երբեք էլ քիչ չեն եղել սովետական իներցիայով իմպերիալիստական Արևմուտքն ատողները, բայց Երիցյանի մտահոգությունը ստիպեց ինձ կարդալ հարցազրույցն ու արտահայտվել նրա մասին: Նախքան բուն հարցազրույցին անցնելը ես կցանկանայի, բանավեճի կանոնները պահպանելով, անդրադառնալ Վահրադյանի լոգոսին հոդվածի սկզբում. նա ներկայանում է որպես Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, մաթեմատիկոս: Հետևաբար, նրա գիտական կոչումներն ու ձեռքբերումները ոչ մի կապ չունեն ոչ մարդաբանության (անտրոպոլոգիա), ոչ հասարակագիտության, ոչ հոգեբանության, ոչ պատմության, ոչ մշակութաբանության հետ: Հետևաբար, նրա գիտական աստիճանները ոչ մի դեպքում չեն կարող կիրառվել այս բանավեճում նրա խոսքին լրացուցիչ կշիռ տալու համար: Ինչն իր հերթին փլուզում է Վահրադյանի կառուցած ամբողջ էթոսը:
Այժմ անդրադառնամ մեր սուբյեկտի պաթոսին: Զգացողությունը, որի վրա նա փորձում է խաղալ... այո, այն մեզ տարիներ սրսկված նոստալգիան է: «Ծովից ծով Հայաստանի» ու «փառքի» առավել մանր փշրանքների նկատմամբ: «Ազնիվ հայի» ստերեոտիպի նկատմամբ: Թումանյանական շարադրանքի նկատմամբ (ժողովրդական ասույթներից մեջբերումները ներառյալ): Իսկ գենետիկայի մասին նրա խոսքերը թեև դեռ վաղ է որակել որպես եվգենիկայի ջատագովություն, բայց վտանգավոր չափով մոտենում է սահմանին:
Ամեն ինչ ավելի, քան ծանոթ է, ու միտքն է գալիս ևս մեկ «ականավոր գիտնական», որի անունը սովորաբար պարկեշտ հասարակության մեջ չի հիշատակվում. Պարիս Հերունի:
Հոդվածի առաջին մասի վերաբերյալ (մինչև մանկական Եվրատեսիլը) խոսելու բան առանձնապես չկա, ծերուկը մրթմրթում է «հին, բարի օրերի» մասին, որոնք ինքը երբեք չի տեսել: Իհարկե, մակագրությունն իրենով բավականին զվարճալի է՝ պատկերացնում եմ, թե ինչպես է հայրենասեր դոցենտն իր ներսում փայփայում քրդերից փոխառած գյոզալական արժեքներն, ինչպիսիք են կարմիր խնձորը, «մեծի խոսքն», ադաթը և այլն: Ցավոք, երևի նա չի պատկերացնում, որ դրա հետ տոնական փաթեթով գալիս են ոչխարների հետ սեքսով զբաղվելը, սեփական աղջկան կույս չլինելու դեպքում քարերով սպանելը, «թուր ու թվանքով» հասարակ վեճ լուծելն ու «կարողացար գողանալ՝ քոնն է», «չեն բռնել՝ գող չես» կանոնները: Իհարկե, հայերի մոտ այդ ամենը շատ ավելի թեթև են արտահայտված, քան նույն քրդերի մոտ (մեր լուսավորյալ, եվրոպական ցեխում թաթախված օրերում դժվար կլինի տեսահոլովակ գտնել, որտեղ հայկական գյուղում ապորինի հղիացած աղջկա փորը հասարակ ածելիով պատռում են, պտուղը փորից հանում ու քարերով տրորում-մասնատում, ինչը չի կարելի ասել քրդերի մասին): Իհարկե, Վահրադյանի պաշտպանները կարող են փորձել ինձ ի պատասխան մեղադրել հակաքրդական շովինիզմի մեջ. ինչին կարող եմ պատասխանել, որ այս կոնտեքստում ասելով «քրդեր» ի նկատի ունեմ ոչ թե քրդական ազգությունը կամ ամեն քուրդ անհատի, այլ ավանդական քրդական հասարակական ձևով ապրող հանրությունները, որոնց մեջ, ի միջի այլոց, միշտ էլ կարող են գտնվել իրենց շրջապատից բարձր արժեքների մարդիկ:
Այժմ անցնենք Եվրատեսիլին: Նման մշակութային միջոցառումներն ու հայ մշակույթն ընդհանրապես խոսում են հայերի մշակութային թերարժեքության կոմպլեքսի ու նոստալգիկ էսթետիկայի մասին: Ոչ ոք, կարծում եմ, չի ժխտի, որ հենց թեկուզ սովորական Եվրատեսիլին հայերը հերթով Եվրոպայի մի տեղն են մտցնում իրենց ազգային-ազատագրական ֆետիշները. դուդուկ, ծիրան, սասունցիների պար, ո՞ր մեկն ասեմ: Հիշեցնում է չեխ կոմպոզիտորներ Անտոնին Դվորժակի ու Բեդրիխ Սմետանայի հակադրությունը. Սմետանան նացիոնալիստական կոմպոզիտոր էր, իսկ Դվորժակը փորձում էր չեխական երաժշտությունը միջազգային մակարդակ հանել: Արդյունքում ստեղծվեց նացիոնալիստ երաժշտագետների մի խումբ, որոնք նպատակ դրեցին պատմության մեջ հնարավորինս նսեմացնել չեխ երաժշտության իրական  հայր Դվորժակի դերն ի օգուտ Սմետանայի:
Նա, ով արվեստի նկատմամբ նման ֆետիշիստական պահանջներ է դնում, պահանջում է, որ արվեստը լինի նացիոնալիստական նոստալգիայի քածը: Իհարկե, այնպես չի, որ ես մանկական Եվրատեսիլը համարեմ ինչ-որ լուրջ արվեստ: Ցանկացած դեպքում, այն եվրոպական ազգերի հպման կետ է, մրցույթ, ու ոչ թե ազգային-մշակութային ինքնահաստատման կետ: Այլ կերպ ասած, եթե մեկն ամեն տեղ գոռում է, որ նա հայ է, ապա նա ընդամենը ազգային թերարժեքության կոմպլեքս ունի ու փորձում է ինքնահաստատվել:
«Ավելի լավ էր՝ մեր երեխան Եվրոպայում կատարեր իսկական հայկական երգ ու ստանար վերջին տեղը։ Դա է հաղթանակը», հպարտորեն պնդում է Վահրադյանը: Պարոն Վահրադյանն, ըստ երևույթին, տառապում է Վարդան Մամիկոնյանի կոմպլեքսով. բարոյական հաղթանակը հաղթանակ է նույնիսկ փաստացի պարտության դեպքում:
«Ամենաշատ դիտվող հեռուստաալիքներն այսօր տարածում են միայն սեքս, դաժանություն, փոխադարձ դավաճանություն», շարունակում է նա: Չեմ կարող չհամաձայնել: Մեր հեռուստատեսության մակարդակը սարսափելի է, այն տառապում է բոլոր այն ախտերով, որոնք հատուկ են երրորդ աշխարհի երկրների հեռուստատեսություններին: Գրագողություն: Մակերեսային ու ցածրորակ հաղորդումներ: Ավանդական հայկական ՈՂԲ, ՈՂԲ ու կրկին ՈՂԲ: Իհարկե, վերցնելով սոլիդ բաժին մեր իրականությունից ու ֆանտազիայից:
Իսկ ի՞նչ են պատասխանում մեր հեռուստատեսության «ջոջերը» բողոքներին: Մի՞թե նրանք խոսում են այն մասին, որ իրենց հաղորդումները պարտավոր են ձգտել մոտենալ եվրոպական ստանդարտներին: Պատկերացրեք՝ ոչ. նրանք ասում են, որ եվրոպական ստանդարտներին համապատասխանող նյութի համար պահանջարկ չկա:  Մեր ազգն ինքն է պահանջում էժանագին, հնդկական կինոյից գողացած սյուժեներ, կենցաղ, սերիալ, «գողական տղաներ», ինտրիգաներ ու բամբասանք: Մեր ազգն ինքն է պահանջում, որ իրեն էժանագին արժեքներ կերակրեն: Ու, փոքրիկ հուշում, այդ արժեքները բնավ եվրոպական չեն: Այնպես որ, եթե Վահրադյանը դեպի Եվրոպա նայելիս ցեխ է տեսնում, ապա դա հենց մեր սեփական ցեխն է, ոչ թե Եվրոպայինը:
Մնացածի մասին գրելու դեպքում հոդվածս վեպ կդառնար, իսկ ես չէի ցանկանա ձանձրացնել: Խնդրում եմ կարդալ թե՛ հարցազրույցը (այստեղ), որ չստացվի, թե ես իմ կարծիքը ձեզ եմ փաթաթում, թե՛ Երիցյանի հոդվածն (այստեղ):
Շնորհակալություն ուշադրության համար:

No comments:

Post a Comment