Thursday, August 11, 2011

Ընթերցացուցակ, մաս երկրորդ

Այնպես որ, անցնենք առաջ: Երկրորդ հնգյակը.
J. D. Salinger, "Catcher in the Rye"/Джером Дейвид Сэлинджер, "Над пропастью во ржи" (կարդալ օնլայն, ռուսերեն)
Չեմ կարծում, թե այս գիրքն առանձնապես ներկայացնելու կարիք կա՝ ինչպես արտահայտվեց Բյուրը, եթե ինչ-որ մեկը մեր տարիքներում կարդում է այն ու ինքն իրեն այնտեղ չի տեսնում, ապա նրա հետ ինչ-որ բան այն չի:)))
Ընտանիքից, հասարակությունից ու իրեն պարտադրված կյանքից կուշտ՝ Հոլդենը որոշում է փախչել տնից ու գնալ ռանչո:
Այս գիրքն ատել է Հեմինգուեյը: Ուսուցիչներին, ովքեր այն ներառում էին դպրոցական ծրագրի մեջ, ԱՄՆ-ում հեռացնում էին աշխատանքից:
Ու հաշվի առեք, որ գիրքը գրվել է... ամերիկյան «Pleasantville»-ական 50-ականներին: Ու, ինչ-որ առումով, կանխագուշակել ու ձևավորել է 60-ականները:

Harper Lee, "To Kill a Mockingbird"/Харпер Ли, "Убить Пересмешника" (կարդալ օնլայն, ռուսերեն)
Երևի արդեն նկատեցիք, որ ցենզուրայի ենթարկված գրքերի նկատմամբ թուլություն ունեմ))) «Bridge to Terabithia»-ն, «Catcher in the Rye»-ն ու, հիմա էլ, «To Kill a Mocking-Bird»-ը:
Գիրք, որը սկզբում մեղադրում էին սևամորթներին պաշտպանելու մեջ: Հետո, երբ սևամորթներին պաշտպանելը մոդա դարձավ, սկսեցին մեղադրել ռասսիզմի մեջ:
Այո, Միացյալ Նահանգները մառազմատիկների ամենամեծ քանակությամբ երկիրն է:
Ինչևէ, «To Kill a Mocking-Bird»-ն իմ կարծիքով եղել ու մնում է բոլոր ժամանակների լավագույն գրքերից մեկը, մի շատ բարի ու անկեղծ պատմություն:

Яков Голосовкер, "Сказания о Титанах" (կարդալ օնլայն, ռուսերեն)
Յակով Գոլոսովկերը 20-րդ դարի առաջին կեսի հազվագյուտ գրական գործիչներից է, որոնց արժեքը ոչ միայն չնվազեց ԽՍՀՄ փլուզումից հետո, այլ ավելին՝ հիմա նոր սկսում է ակտուալություն ձեռք բերել:
Մարդ, ով չէր վախենում Նիցշեին ռուսերեն թարգմանել: Մարդ, ով անտիկ էպոսի տրամաբանությունը հասկացավ ավելի լավ, քան որևէ այլ մեկը: Մարդ, ում աշխատանքը («Сожженный роман» («Запись неистребимая») վեպը Պոնտացի Պիղատոսի մասին, որը ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել) հիմք դարձավ Բուլգակովի «Мастер и Маргарита»-ի համար:
«Сказания о Титанах»-ը հունական լեգենդներն ու առասպելներն են՝ երբևէ չդիտարկված տեսանկյունից. տիտանների ու տիտանյան ցեղերի:

Neil Gaiman, "American Gods"/Нил Гейман, "Американские Боги" (կարդալ օնլայն, ռուսերեն)
Գրեթե բոլոր մարդկային մշակույթներն էլ իրենց ժամանակին գտել են ամերիկան: Քարե դարից մինչև մեր օրերը: Ու բոլորն իրենց հետ բերել են իրենց հավատալիքներն, իրենց աստվածներին ու սատանաներին:
Բայց ամեն ժամանակաշրջան նաև իր սեփական պաշտանմունքներն է առաջ բերում:
Մինչ այդ, Շեդոու Մունը նստած է բանտի իր խցում ու մետաղադրամների միջոցով աճպարարություն անել է սովորում: Դրսում նրան սպասում է սիրող կինն ու ազատությունը:
Բայց բանտարկյալներից մեկը, նայելով մոխրագույն երկնքին, տեղին է զգուշացնում նրան. փոթորիկ է լինելու:

Michael Ende, "The Neverending Story"/Михаэль Энде, "Бесконечная История" (կարդալ օնլայն, ռուսերեն)
80-ականներին ծնված երեխաներից շատերը կհիշեն այս գրքի էկրանավորումը: Դե, այդ ժամանակ արդեն ցույց էին տալիս ամերիկյան «հեքիաթ-ֆիլմեր»՝ ընդհանուր վերնագիր, որի տակ մտնում էին ինչպես հեքիաթների էկրանավորումներն, այլպես էլ ֆենտեզին, բայց «The Neverending Story»-ն, իր քար ուտող հսկայով, հսկայական սպիտակ շուն հիշեցնող Ֆալկոր վիշապով, Ֆանտազիա աշխարհով և այլն, նրանց «վերջն» էր:
Ֆիլմի տաք տաք հիշողություններով երբ ավելի մեծ տարիքում սկսեցի կարդալ վեպը, ցնցված մնացի. ֆիլմն, իհարկե, հիանալի մանկական հեքիաթ է, բայց գիրքը... իր զգայական ամբողջականությամբ, երևակայության ու փիլիսոփայության միախառնմամբ, շատ ուժեղ էր:
Ի միջի այլոց, ֆիլմը գրքի միայն կեսն է: Երկրորդ ու երրորդ ֆիլմերը շատ թույլ են:

(ամբողջ ցուցակը)

No comments:

Post a Comment