Saturday, January 14, 2012

Հիլարի Մենթլ. «Չես կարող հոգիդ նվիրել գրականությանը, եթե մտածում ես եկամտահարկի մասին»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Լու՞րջ ես տրամադրված: Ուրեմն հաշվապահ վարձիր:
  • Կարդա Դորոթի Բրեյնդի «Ինչպես Դառնալ Գրող» գիրքը: Հետո արա այն ամենն, ինչ ասվում է այնտեղ՝ ներառյալ հանձնարարությունները, որոնք քեզ անհնարին կթվան: Առանձնապես զզվելի կլինի առավոտյան արթնանալուն պես գրելու խորհուրդը, բայց եթե ստացվի, միգուցե դա լավագույն բանը լինի, որ կարող էիր ինքդ քեզ համար անել: Այս գիրքը ներսով-դրսով գրող դառնալու մասին է: Խորհուրդների շատ հետագա ձեռնարկներ նրանից են փոխառում: Ուրիշ գրքերի կարիք չունես, թեև եթե ուզում ես ինքնավստահությունդ ամրապնդել, «ինչպես անել» գրքերը հազվադեպ են ինչ-որ մեկին վնասում: Կարող ես մի ամբողջ գիրք գազ տալ, ունենալով շատ փոքր գրական փորձ:
  • Գրիր գիրք, որն ինքդ հաճույքով կկարդայիր: Եթե չէիր կարդա, ուրիշն ինչու՞ պետք է կարդա: Մի գրիր ընկալված ընթերցարանի կամ շուկայի համար. այն կարող է արդեն անհետացած լինել, երբ ավարտես գիրքդ:
  • Եթե լավ պատմության գաղափար ունես, մի համարիր, թե այն պարտավոր է արձակ շարադրանքի տեսք ունենալ: Այն կարող է ավելի լավ արտահայտվել որպես պիես, սցենար կամ բանաստեղծություն: Ճկուն եղիր:
  • Հաշվի առ, որ ընթերցողը կարող է բաց թողնել այն ամենն, ինչ «Գլուխ Առաջին»-ից առաջ է: Կենսական նշանակության տեղեկություն մի պահիր այնտեղ:
  • Առաջին պարագրաֆները հաճախ կարելի է ջնջել: Հա՞կա ես պարում, թե՞ պարզապես ոտքերդ ես շարժում:
  • Շարադրանքդ կենտրոնացրու փոփոխության կետի շուրջ: Սա հատկապես կարևոր է պատմական գրականության համար: Երբ տեղը նոր է հերոսիդ համար, կամ շրջապատը փոխվում է, այդտեղ է, որ պետք է հետ քաշվել ու լրացնել աշխարհի տարրերը: Մարդիկ չեն նկատում իրենց ամենօրյա շրջապատն ու օրակարգը, ու երբ գրողն այն նկարագրում է, դա կարող է ընթերցողին խրատելու ճիգերի նման հնչել:
  • Նկարագրությունն իր տեղն ունի, որտեղ պետք է գործի: Այն չի կարող պարզապես դեկորատիվ նշանակություն ունենալ: Նկարագրությունը սովորաբար առավել էֆեկտիվ է, եթե մարդկային տարր է պարունակում իր մեջ. այն ավելի էֆեկտիվ է, եթե որոշակի տեսանկյունից է, ոչ թե աստծո աչքերով: Եթե նկարագրությունը գունազարդված է հերոսի տեսանկյունով, որը դա նկատել է, այն արդյունքում դառնում է վերջինիս որոշող գործոններից մեկն ու գործողության մասը:
  • Եթե լռվել ես, վեր կաց գրասեղանիդ մոտից: Զբոսնիր, լոգանք ընդունիր, քնիր, թխվածք թխիր, նկարիր, երաժշտություն լսիր, մեդիտացիա կամ մարզանք արա. ինչ էլ անես՝ պետք չի ֆիքսվել նույն տեղում՝ ունքերը խնդրի վրա կիտելով: Բայց մի զանգիր ոչ մեկին, երեկույթի գնալ էլ պետք չի, այլապես ուրիշ մարդկանց խոսքերը կլցվեն այնտեղ, որտեղ քո խոսքերը պետք է լինեին: Ճեղք բացիր նրանց համար, տեղ տուր: Համբերատար եղիր:
  • Պատրաստ եղիր ամեն ինչի: Ամեն նոր պատմություն տարբեր պահանջներ ունի և կարող է այս կամ բոլոր մնացած կանոնները խախտելու պատճառներ առաջացնել: Բացի համար մեկից. չես կարող հոգիդ նվիրել գրականությանը, եթե մտածում ես եկամտահարկի մասին:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

No comments:

Post a Comment