Friday, March 16, 2012

Դիմում մարդու իրավունքների պաշտպանին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին
ՀՀ 0002, Երևան, Պուշկինի 56ա

Դիմում
Մարտի 14-ին, ժամը մոտ 20:00, Մաշտոցի պուրակի տարածքում եռօրյա 24-ժամյա նստացույցի ընթացքում, երբ ես մեկ ժամ էր՝ ինչ քնած էի ներկա եղանակային պայմաններում բողոքի նման ակցիայի անհրաժեշտ և օրենքով չարգելված պարագա հանդիսացող վրանում*, արթնացա վրանին ուժեղ հարվածներից: Փորձելով վեր կենալ ու դուրս գալ քնապարկից, զգացի որ գլխիս վերևում բացակայում է վրանի ծածկն, ու ինչ-որ անձինք փորձում են ինձ բռնի ուժով դուրս քաշել վրանից ու ոլորել ձեռքերս: Նստեցի գետնին ու պահանջեցի ինձ թույլ տալ հագնել ակնոցներս՝ պահանջ, որն ինձ մերժեցին: Վրանը ջարդող անձինք ոստիկաններ էին, ինչպես վկայում էին նրանց համազգեստն ու տարբերանշանները: Ինձ որևէ կերպ չէր զգուշացվել, որ ոստիկանները պատրաստվում են ջարդել կամ որևէ այլ կերպ հեռացնել վրանը:

Ես վեր կացա և առանց որևէ դիմադրության թույլ տվեցի ոստիկաններին ոլորել իմ ձեռքերն ու քարշ տալ դեպի ոստիկանական մեքենան, բայց ոստիկանների օղակում այդ պահին գտնվող փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն ինչ-որ պատճառով հրամայեց ինձ բաց թողնել: Ես մնացի թաց ասֆալտի վրա՝ առանց կոշիկների, վերարկուի ու ակնոցների:

Վերարկուս ու ակնոցներս, ինչպես նաև վրանում մնացած ծածկոցներն ու քնապարկերը ոստիկանությունը վերադարձրեց ցուցարարների պահանջով, բայց վրանի պարունակության մասին ոստիկանության կազմած արձանագրությունը, որը ստորագրվել է անհայտ ընթերականների կողմից, ցուցարարներին ցույց չտրվեց, ինչպես նաև չտրվեց նրա պատճենն, ինչպես նախատեսվում է օրենքով:

Տեղում իրականացված զննումը ցույց տվեց, որ իմ առողջությանը որևէ միջին կամ ծանր վնաս ուղղակիորեն չի հասցվել:

Ինչպես պարզվեց հետագա վկայություններից ու տեսանյութերից, ոստիկանները խաղաղ ցույցը բռնի ուժով ցրելու ապօրինի փորձ էին իրականացրել: Այդ փորձի ընթացքում նրանք, ցուցարարների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելով, օղակել էին վրանն ու սկսել ոտքերով գետնին հավասարացնել վրանը: Ցուցարարներն իրենց կոչերով զգուշացրել էին ոստիկաններին, որ վրանում մարդ կա, բայց ոստիկանները որևէ կերպ ուշադրություն չէին դարձրել այդ կոչերին:

Հաջորդ օրն, ըստ փաստերով ամրագրում պահանջող տվյալների, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը մամուլով հայտարարություն է արել, որը մոտավորապես հնչել է այսպես՝ «իբր թե մարդ էր, էլի, վրանում... ընդամենը Բայանդուրն էր»: Ըստ ՀՀ Քաղաքացիության մասին օրենքի Գլուխ 1, հոդված 3-ի՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերից, ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ունեն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները»: Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի՝ ոստիկանության, օրենքն իրականացնողի, արտահայտությունը, որն արտահայտում է նրա վերաբերմունքն իմ նկատմամբ, հակասում է այդ օրենքին:

Պատրաստվում եմ օրենքով սահմանված բոլոր միջոցներով ու բոլոր պահանջվող ատյաններում պայքարել իմ և Մաշտոցի այգու մնացած բոլոր ցուցարարների իրավունքների ՀՀ ոստիկանության կողմից ոտնահարման դեմ, մեղավորների՝ ինչպես հրամանը տվողների, այնպես էլ իրականացնողների բացահայտման և օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար, ինչպես նաև պահանջելու եմ ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի պաշտոնաթողությունը՝ օրենքի ներկայացուցիչ լինելով, ծառայողական պարտականություններ կատարելիս քաղաքացու նկատմամբ խտրականություն արտահայտելու ու ՀՀ օրենքն ու օրենքն իրականացնողներին իր վարքով հեղինակազրկելու համար:

ՀՀ Քաղաքացի, Մաշտոցի այգու ակտիվիստ՝
Բայանդուր Պողոսյան:

* Վրանի՝ շուրջօրյա նստացույցի անհրաժեշտ ու օրենքով չարգելված պարագա լինելը հաստատվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի կողմից:

No comments:

Post a Comment