Tuesday, March 20, 2012

Պարզաբանում Մաշտոցի այգու վերաբերյալ

Քանի որ, փաստորեն, շատ մարդիկ թյուր պատկերացում ունեն Մաշտոցի այգում տեղի ունեցողի մասին, բերեմ իմ սեփական մեկնաբանությունը:

Մաշտոցի այգում ֆիքսվել էր իրավախախտում (սահմանադրական, շինարարական և այլ նորմերի խախտումով իրականացված 2 շինարարություն՝ կրպակներ, ինչպես նաև հարակից սրճարանի ընդլայնում): Դիմում է ուղարկվել քաղաքապետարան ու իրավապահ մարմիններ, տասնհինգ օր պատասխան չստանալուց հետո խաղաղ միջոցներով կասեցվել է շինարարությունն ու նստացույց է սկսվել: Քաղաքապետարանը շատ ավելի ուշ ներկայացրել է անվավեր փաստաթղթեր՝ առաջին անգամ գրիչով արված ուղղումներով, երկրորդ անգամ՝ թերի լրացված (օրինակ՝ բնապահպանական փորձաքննության կետը, որին որոշակի չափսից մեծ կանաչապատ տարածքը պարտավոր է ենթարկվել): Քաղաքապետը հրաժարվել է հանդիպել ցուցարարներին, քաղաքապետի ներկայացուցիչները չեն կարողացել պատասխանել հարցերին: Քաղաքապետի խոսքերից է՝ «ես իրավաբան չեմ, ինձ հետ օրենքով մի խոսեք»:

Ցուցարարներն անվստահության քվե են ներկայացրել քաղաքապետին («մենք քաղաքապետ չունենք»), սեփական ուժերով բազմիցս մաքրել այգին ձյունից, սառույցից ու աղբից:
Եթե քաղաքացին նման արարքների չդիմի, պետությունն ազատ է գործել ինչպես ցանկանա, ու օրենսդրական փոփոխությունների միջոցով լեգիտիմացնի իր բոլոր գործողությունները: Ու մենք կհասնենք բռնապետության:

Մեր դատարանն էլ մոդել է նրա, թե ինչպես պետք է գործի «ազատ ու արդար» դատարանը (ՀՀ-ում դատարանն ազատ չի, քանի որ դատավորները ոչ թե ընտրովի են, այլ նշանակվում են ՀՀ նախագահի դեմ, ինչը բերում է ավտորիտարիզմի), ու թե ինչպես են քաղաքացիները սիրով ու սեփական կամքով կատարում իրոք ազատ ու արդար դատարանի որոշումը: Այլ կերպ ասած, Մաշտոցի այգին մոդելն է Հայաստանի, որը գալու է վաղը: Ու գալու է, կտեսնեք: Եթե ես, սկեպտիկներից սկեպտիկս, հավատում եմ:

Իսկ մինչ այդ մենք ձեր կարիքն ունենք: Ամեն մեկի: Մենք խարույկ վառեցինք՝ սպասելով քաղաքացիական ինքնորոշման հրդեհի, բայց փայտը թաց էր: Բայց եթե խարույկը բավականաչափ երկար այրվի, ապա շրջակա փայտն էլ կչորանա:

No comments:

Post a Comment