Thursday, June 14, 2012

Էվոլյուցիոն տեսության պատմության էքսպրես-կուրս

Էվոլյուցիոն տեսությունը բխում է բնագիտության տրամաբանական զարգացումից է: Ըստ էության, էվոլյուցիոն ու արարչագործական տեսությունների բախումը համապատասխանաբար նատուրալիստական ու հումանիստական մտքերի բախում է. առաջինն այս կոնտեքստում դիտարկում է բնությունը որպես առաջնային, մարդուն իր մեջ ներառող համակարգ, որը զարգանում ու փոփոխվում է, երկրորդը՝ որ բնությունը բևեռացված է մարդու շուրջ, անփոփոխ է ու գոյություն ունի, որ մարդն այն վայելի:

Բնության հումանիստական ընկալումը սկզբում բացառում էր կենդանու նոր տեսակների առաջացումն ու եղած կենդանատեսակների ոչնչացումը, մինչև ստիպված եղավ կոմպրոմիսների գնալ՝ թե՛ նորանոր բրածոներին հայտնաբերության, թե՛ համեմատաբար ոչ վաղ անցյալում (AD 1400) մոա թռչունների ոչնչացմամբ:

Էվոլյուցիոն տեսության զարգացման տրամաբանական ընթացքը հետևյալն է. օրգանիզմների խմբավորում ըստ տեսակների, տեսակների ազգակցական կապի հիման վրա խմբավորում ըստ ընտանիքների և այդպես շարունակ: Հետո դիտարկվում է ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄՆ այլ տեսակներից՝ գաղափար, որն առաջին անգամ ի հայտ է եկել անտիկ Հունաստանում: Անաքսիմանդր Միլետուսցին (610–546 BC) առաջադրել է տեսություն, որ առաջին կենդանիներն ապրել են ջրի մեջ՝ մոլորակի անցյալի «խոնավ» շրջանում: Նա նաև պնդում էր, որ ներկայիս մարդիկ պետք է որ ծագած լինեն այլ տեսակի կենդանիներից:

Մ.թ.ա. 4րդ դարում դաոսական փիլիսոփաները, մասնավորապես՝ Ցյուան Ցուն, արտահայտում էին տեսակետ, որ տեսակները ձևավորել են իրենց հատկանիշները փոփոխվող շրջակա միջավայրին համապատասխանելու համար: Դաոսական տեսանկյունը չի ընդունում ստատիկ, ֆիքսված աշխարհի գաղափարն ու համարում է, որ մարդիկ, բնությունն ու երկինքը գոյություն ունեն «մշտական փոխակերպման» վիճակում, որը հայտնի է որպես Դաո:

Անցնենք Եվրոպա: Մեր քրիստոյնաները սկսում են սարերի գագաթին ծովային կենդանիների բրածոների հայտնագործումը վերագրել համաշխարհային ջրհեղեղին (դիլուվիալիզմ)՝ տեսանկյուն, որը ժխտում է Լեոնարդո Դա Վինչին:

Ժան Բատիստ դը Լամարկին (1744-1829) կարելի է համարել ժամանակակից էվոլյուցիոն տեսության հիմնադիրներից: Ըստ նրա, էվոլյուցիան երկու ուժերի արդյունք է. առաջընթաց՝ երբ կենդանի օրգանիզմը ձգտում է ավելի բարդ դառնալ, ու հարմարվողականություն՝ երբ այն փորձում է հարմարվել շրջակա միջավայրին: Լամարկի սխալներից էր ձեռքբերովի հատկանիշների ժառանգական բնույթը. օրինակ, եթե ես մարզեմ իմ մարմինը, իմ ֆիզիկական ուժը ժառանգական կերպով չի փոխանցվի իմ ժառանգներին: Չի փոխանցվի, նույնիսկ եթե մի քանի սերունդ մարզվեն:

Լամարկի գաղափարական հակառակորդ Ժորժ Քուվիեն համարում էր, որ կյանքը մի քանի անգամ բնական աղետների պատճառով ջնջվել է Երկրի երեսից, բայց մի քանի առանձին տեղեր պահպանված կյանքը նորից տարածվել է մոլորակով մեկ: Քուվիեն համարում էր, որ աղետների միջև ընկած ժամանակահատվածում կյանքը փոփոխությունների չի ենթարկվել՝ համարելով աղետները փոփոխությունների շարժող ուժ:

Ունիֆորմիտարների դպրոցի ներկայացուցիչ Չարլզ Լայելը ցույց տվեց, որ Քուվիեի տեսությունն այնքան էլ իրականությանը չի համապատասխանում. օրինակ, որ քուվիեական Լուիս Ագասիզի հայտնաբերած «սառցադաշտային ժամանակաշրջանը» ոչ թե հանկարծահաս աղետ էր, այլ երկարատև կլիմայական և այլ փոփոխությունների արդյունք:

Դարվինը Լամարկի տեսության մեջ մտցրեց բնական ընտրության գաղափարը՝ տեսություն, որը բացատրեց թե՛ էվոլյուցիոն փոփոխությունների ժառանգական բնույթը, թե՛, մեր մեջ ասած, լամարկիզմը գլխիվայր շուռ տվեց. փաստորեն, շարժող ուժ էր ոչ թե առաջընթացն, այլ գոյատևումը, ու առաջընթացին զուգահեռ կարող էր տեղի ունենալ նաև հետընթաց՝ գործընթաց, որի հետևանքներն են ռուդիմենտար օրգանները (կույր աղիքը մարդկանց մոտ, դելֆինների ու կետերի ռուդիմենտար վերջույթները և այլն):

Դարվինի տեսությանը խիստ նպաստեցին նրա ուսումնասիրությունները Գալապագոսյան կղզիներում, որոնց նա մասնակցում էր որպես Բիգլ նավի բնագետ: Քանի որ էվոլյուցիոն տեսությունը Բրիտանիայում համարվում էր հակակղերական ու հակառոյալիստական, Դարվինը մեծ ռիսկի էր գնում իր տեսությունը շարադրելիս: Իր ընկերներից մեկին նա այդ առիթով գրել է. «Կարծես խոստովանում եմ, թե մարդասպանություն եմ գործել»: 1859 թվականին նա հրատարակեց իր «Տեսակների ծագումը» գիրքը, որում նկարագրում էր էվոլյուցիոն փոփոխությունների իր մեխանիզմը:

Դարվինի տեսության առաջին ու ամենակարևոր կողմնակիցներից էր բրիտանացի անատոմ Թոմաս Հաքսլին, որն իր 1868 թվականի «Բնության մեջ մարդու զբաղեցրած տեղի վկայություն» գրքում Դարվինի էվոլյուցիոն մեխանիզմները կիրառում է մարդու նկատմամբ:
Նա կիրառեց համեմատական անատոմիայի սկզբունքները ցույց տալու համար, որ մարդն ու կապիկների որոշ տեսակներ ընդհանուր նախնի են ունեցել՝ հակադրվելով կրոնական տեսանկյունին, թե մարդն ունի առանձին, յուրահատուկ տեղ բնության մեջ: Հիշենք, որ դեռ 18-րդ դարում մեծ բնագետ Կարլ Լիննեյն էր մարդկանց ու մարդանման կապիկներին խմբավորել մի ընտանիքի մեջ՝ անվանելով նրանց պրիմատներ, ինչը մեծ սկանդալի պատճառ էր դարձել:

1871 թվականին Չարլզ Դարվինը հրատարակեց իր «Մարդու ծագումն ու ընտրության կապը սեռի հետ», որտեղ առաջադրեց իր գաղափարները մարդու ծագման ու սեռական ընտրության գաղափարների մասին:

Դարվինի տեսությանը հակադրվեցին միանգամից չորս այլ տեսություններ՝ թեիստական էվոլյուցիա (որտեղ էվոլյուցիան տեղի է ունենում, բայց աստվածային նախախնամությամբ), նեո-լամարկիզմ (որտեղ ձեռքբերովի հատկանիշներն են էվոլյուցիայի շարժիչ ուժը), օրթոգենեզիս (որտեղ կյանքն ունի ոչ գծային փոփոխության նախնական հակում՝ ձգտելով առավել բարձր կատարելության), սալտացիոնիզմ (որտեղ նոր տեսակներն առաջանում են խոշոր մուտացիաների արդյունքում):

Հաշվի առնենք, որ այդ շրջանում էվոլյուցիոն տեսությունից ոգեշնչված առաջացան նաև մի քանի զառանցաբանական տեսություններ, ինչի օրինակ է կոմս Մորտոնի տելեգոնիայի գաղափարը, որն այդքան սիրում է կրեացիոնիստ/պահպանողական մասսան. սա պարզ օրինակ է նրա, թե ինչ սկզբունքով են այդ մարդիկ որոշում, թե ինչին հավատան (նրան, ինչը հիմնավորում է իրենց արդեն ունեցած դոգմաներն, անկախ նրանից, թե ինչ աստիճանի է հիմնավորված) ու հերթական անգամ կասկածի տակ է դնում նրանց էթիկ դիրքը հնարավոր բանավեճում:

Գրեգոր Մենդելի (1822-1884) ժառանգականության օրենքների վերահայտնագործումը 1900 թվականին բերեց բնագետների երկու ճամբարների առաջացման. մեկը մենդելականներն էին, որոնք կենտրոնացած էին դիսկրետ վարիացիայի ու ժառանգականության օրենքների վրա («գենետիկա» տերմինի ստեղծող Ուիլիամ Բեյտսոնն ու «մուտացիա» տերմինի ստեղծող Հյուգե դե Վրին): Նրանց հակառակորդներն էին բիմետրիստները, որոնք կենտրոնացած էին պոպուլյացիայի ներսում վիճակագրական շարունակական վարիացիայի վրա: Բիոմետրիստները հակադրվում էին մենդելյան գենետիկային, պնդելով, որ ժառանգականության դիսկրետ միավորներն, ինչպիսիք են գեները, չէին կարող բացատրել բազմազանությունը մի տեսակի ներսում: Ուելդոնը խեցգետինների ու խխունջների ուսումնասիրության հիման վրա ցույց տվեց, որ շրջակա միջավայրի ազդեցությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ պոպուլյացիայում բազմազանության վրա, այնինչ մենդելականները պնդում էին, որ վարիացիայի չափը, որը դիտարկել են բիոմետրիստները, չափազանց փոքր է, որպեսզի նոր տեսակի էվոլյուցիայի հիմք դառնա:

Սալտացիոնիստ Տ. Հ. Մորգանը փորձում էր Drosophila melanogaster ճանճի ուսումնասիրության վրա ցույց տալ, որ զուտ մուտացիայի հիման վրա կարելի է լաբորատոր պայմաններում նոր տեսակ ստանալ: Փոխարենը նա եկավ այն արդյունքի, որ մուտացիան սահմանափակվում է փոքր մասշտաբներով (աչքերի գույնի փոփոխություն և այլն), ու ավելի շատ ծառայում է գոյություն ունեցող պոպուլյացիայի ներսում բազմազանության ապահովմանը, ինչով հաստատեց մենդելյան գենետիկների տեսանկյունը:

1930 թվականին Ռոնալդ Ֆիշերը հրատարակեց իր «Բնական ընտրության գենետիկ մեխանիզմներ» գիրքը, որը պոպուլյացիոն գենետիկայի տեսության հիմնական աշխատանքներից էր: Պոպուլյացիոն գենետիկան ի մի բերեց մենդելականների ու բիոմետրիստների տեսությունները՝ ցույց տալով բիոմետրիստների վիճակագրական դիտարկումների գենետիկ բացատրությունը:

Ինչից հետո սկսեց էվոլյուցիոն մտքի ժամանակակից շրջանը, որին միգուցե անդրադառնամ ավելի ուշ: Առավել հետաքրքրված մարդկանց խորհուրդ եմ տալիս կարդալ Բերկլիի համալսարանի էվոլյուցիոն տեսության ներածական կուրսն այստեղ:

No comments:

Post a Comment