Friday, July 4, 2014

Հրայր Մանուկյանը, որպես ԱԱԾ-ի աշխատակից ներկայացած Վալոդն ու նման բաներ

Սկսենք Հրայրից: Հրայրը Ժառանգություն կուսակցության վարչության նորընտիր անդամ է, ֆեյսբուքյան իմ ընկերներից մեկը, Արարատնյուզ լրատվական կայքի աշխատակից: Ընդհանուր առմամբ, նա իրոք բավականին խոստումնալից երիտասարդ է:

Վալոդի (Վլադ Հակոբյան՝ անունը, որի տակ ներկայացել է սույն անձը) մասին կարող ենք դատել միայն ըստ ձայնագրված զրույցի ընթացքում նրա խոսքերի:

Անցնենք ԱԱԾ-ին: ԱԱԾ-ի գործառույթը պետական անվտանգության հարցերով զբաղվելն է: ԱԱԾ-ն աշխատակիցներ ձեռք բերելու համար չի շրջում փողոցներում ու մարդկանց առաջարկում գալ աշխատելու բավականին բարձր գաղտնիության ու կարևորության հիմնարկում: Դրա համար կա ԱԱԾ ամբողջ կրթական համակարգ, որտեղ պատրաստվում են համապատասխան կադրեր:

Իսկ այ, հետախուզության ներկայացուցիչները, սեփական անձը չբացահայտելով ինֆորմացիայի աղբյուրներ՝ «ականջներ» ձեռք բերելու համար փորձում են հոգեբանական ճնշման, սպառնալիքների, կաշառքի, շանտաժի միջոցով հավաքագրել մարդկանց, ովքեր կհամագործակցեն իրենց հետ:

Հիմա նայենք իրավիճակին: Որպես ԱԱԾ աշխատակից ներկայացած մարդը փորձում է հոգեբանական ճնշմամբ, խոստումներով, հետո՝ սպառնալիքներով համոզել Հրայրին համագործակցել իր հետ, կիրառելով այն մեթոդները, որոնք կկիրառեր արտասահմանյան հատուկ ծառայությունների գործակալը: Ստորև բերվում է ամբողջ զրույցը՝ հեղինակի թույլատվությամբ.
– Դե պատմի ի՞նչ կա, ի՞նչ մտածիր գիշերը:

– Չէ, ես վաբշե հարմար չեմ: Նախ, մեկ ա, ինչքան էլ դու ասես, որ մեր քաղաքականի հետ բան չի, էս կողմ, էն կողմ, վարչության անդամի կարգավիճակը թույլ չի տալիս ինձ ԱԱԾ-ում աշխատել, բացառվում է: Որովհետև նայի, էս երկրում, մեկ ա ինչքան էլ դու ասես, Կագեբեն ծառայում է ուղիղ իշխանությանը, այսինքն կայացած երկիր չունենք մենք…

– Պետությանը։

– Ստեղ պետությունը իշխանության կողմից զավթված է, ու ինքը` իշխանությունը, նաև օգտագործում է պետությանը պատկանող ցանկացած բան, հենց ընդդիմադիր դառնալուս թիվ մեկ պատճառը դա է:

- Բայց ես ասի չէ, որ դա քո գործունեությանը չի խանգարի… 
- Հասկանում եմ, է դու դա ասում ես…, իշխանությունը օգտագործում է ԱԱԾ-ն։ 
- Դու մտածում ես, որ մենք էնքան խեղճ հիմնարկ ենք, որ ինչ-որ մեկը կարա մեզ օգտագործի՞։ 
- Այո´, նախագահը շատ լավ օգտագործում է 
- Սխալվում ես, եթե մենք ինչ-որ մեկին չօգտագործենք, մեզ ոչ ոք չի կարա օգտագործի։ 
- Լավ, դաժե եթե տենց է, եթե լիներ Ամերիկայի CIA-ն, որ տեռորիստների դեմ է պայքարում… 
- Ավելի մեծ հաճույքով, չէ՞: 
- Չէ հակառակը, ես բնույթով նենց մարդ եմ, որ էդ տեսակի աշխատանքի ի վիճակի չեմ: 
- Դու աշխատանքը չես պատկերացնում, դրա համար ես մտածում, որ ի վիճակի չես: Ես քեզ սենց ասեմ. դպրոցում պատկերացնու՞մ էիր ուսանողի կյանքը: Գնացիր, դառավ ուրիշ կյանք, ընդեղ ինչքան էլ խոսան, ինչքան էլ ասեն, դու չես պատկերացնում չէ՞: 
- Դպրոցից ես ուզեցել եմ ուսանող լինել… կարիք չկա, որ ես մտնեմ ԱԱԾ-ի մեջ, տեսնեմ ինչ է, հետո նոր պատկերացնեմ… 
- Ես քեզ էն անգամ ասացի, սա ինչ-որ նագրուզկա չի, հիմնական աշխատանք չի 9-ից 6-ը, որ պարտականությունների, նագրուզկի տալի լինես… 
- Գիտեմ, կապ չունի, չես համոզի։ 
- Ես քեզ չեմ համոզում, ուզում եմ, որ ճիշտ որոշման գաս, ուզում եմ քեզ օգնել էդ հարցում, որ գանք ճիշտ հայտարարի, ոնց քցենք բռնենք, ճիշտը մի հատ է, չէ՞… 
- Ու էդ ճիշտը էն ա, որ ես չաշխատեմ, չհամագործակցեմ։ 
- Այ ըդտեղ սխալվում ես… 
- Թեկուզ և սխալ լինեմ: 
- «Թեկուզ և սխալը» ես կընդունեի, երբ որ էդ սխալը հետևանքներ չունենար: Բայց էս էդ դեպքը չի էլի: 
- Չի կարա լինել հետևանք։ 
- Շատ լավ է, որ ինքնավստահ ես, բայց մի քիչ վերադառնանք իրականություն։ 
- Ե՞վ… 
- Հիշու՞մ ես, քեզ մի քանի անգամ ասի, մեդալը միշտ 2 երես ունի: Ես քեզ մեր նախորդ զրույցի ժամանակ ներկայացրեցի առաջին երեսը, որը ցանկացած գիտակից, լուրջ մարդու համար ընդունելի տարբերակ է, հիմա ուզում ես երկրորդ կողմը ներկայացնե՞մ։ 
- Ներկայացրու: 
- Ունե՞ս դրա կարիքը, քեզ պե՞տք ա։ 
- Ունեմ: 
- Ես քեզ էն անգամ ասի, դու, ասենք, ո՞նց ես պատկերացնում պետությանը «չէ» ասողը դալշե նույն պետության մեջ, ի՞նչ ա լինելու, ո՞նց է լինելու։ 
- Շատ լավ եմ ես դա պատկերացնում, ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը, հենա մեր Ղազարյան Հովսեփին էլ էիք փորձել… 
- Ղազարյան Հովսեփն ով ա՞։ 
- Կուսակցության վարչության անդամ է։ 
- Էն շիզոֆրենի՞կը։ 
- Ինքը իմ ընկերն ա, շատ լավ տղայա, իրան էլ եք փորձել … 
- Առանց իմ իմացության չի կարա քո ասած անձնավորություններից որևէ մեկին փորձ լինել, էդ առաջինը, երկրորդն էլ` կներես, չգիտեմ` դու ես քեզ ցածր դասում, թե Հովսեփին ես բարձր դասում, Հովսեփին ես շատ լավ գիտեմ, էն կլասը չի: Ով ա, ի՞նչ ա արել, հա քո ընկերն ա, հարց չկա, ի՞նչ է արել: 
- Վարչության անդամ է դառել։ 
- Ցավդ տանեմ 15 հոգի մարդ եք վարչության մեջ։ 
- Ես վստահ եմ, որ իմ` վարչության անդամի կարգավիճակը չլիներ, ես քո ասած պետությանը չէի հետաքրքրի 
- Սխալվում ես 100 տոկոսով: Դու մեր տեսադաշտում վաղուց ես, վարչության անդամ լինելուդ հարցը քննարկվում է 1-2 ամիս։ 
- Դրանից առաջ էլ է խոսակցություն եղել, հոկտեմբերին… 
- Էդ խոսակցությունները դեկտեմբերին են եղել: Որոշումը, որ վարչությունում ընդգրկվեն հասարակական ակտիվիստներ, երիտասարդներ, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կայացվել է դեկտեմբեր ամսին: Էդ ես քեզ ասի, որ հասկանաս` քո վարչության անդամ լինել-չլինելը, կամ ընդհանրապես «Ժառանգության» անդամ լինել-չլինելը սրա հետ ընդհանրապես կապ չունի: Որովհետև ես դրա կարիքը չունեմ, եթե նկատում ես` տեղյակ եմ շատ բաներից Ժառանգությունից, վարչությունից էլ, կուսակցությունից էլ, ես դրա կարիքը չունեմ: Էդ որ դու կապում ես քո` երեկվա վարչության անդամ ընտրվելու հետ, էդ ընդամենը եղել ա երեկ: Մենք վարչության կարիք չունենք: 
- Բա ինչի՞ կարիք ունեք: 
- Ես քեզ արդեն բացատրեցի, դու հեռանկարային անձնավորություն ես, քո փորձով, գիտելիքներով, քո էս` գնալ Եվրոպա սովորելով և այլն, պետության համար հեռանկարային կարաս լինես ու մենք ուզում ենք, որ դու լինես: 
- Ես էլի կլինեմ, բայց առանց ձեզ։ 
- Առանց մեզ չես կարա։ 
- Չկարացա, չեմ լինի: 
- Մոռացի, որ պետությանը ոչ ասող մարդը էս երկրում կարա, ասնեք, ինչ-որ բանի հասնի: 
- Դա պետություն չի, իմ համար սա իշխանություն է, ինչքան էլ դու ասես: 
- Դե սխալ տեղից ես բռնում, գալիս ես սխալ որոշման: 
- Թող լինի սխալ… 
- Պատրա՞ստ ես հետևանքներին։ 
- Այո´, պատրաստ եմ։ 
- Գիտակցու՞մ ես` որոնք են էդ հետևանքները, որ դրանք ոչ միայն քեզ են վերաբերում, դրան պատրա՞ստ ես: Դու, հարց չկա, ասենք, Դանկոն ես, սիրտդ հանել ես՝ անտառում լուսավորելու… 
- Չի կարա լինի նենց հետևանք, որ ոչ միայն ինձ վերաբերի, այլև մարդկանց, որոնք որ իմ հարազատներն են ու բարեկամները, կարող ա ինձ վերաբերող բաներ շատ լինի։ 
- Կարող ա չի, շատ ա, շատ-շատ ա, հիմա ես քեզ զարմացնելու համար հերթով չասեմ, բայց իմացի, որ շատ քիչ բան կա, որ ես չգիտեմ։ 
- Բոլոր դրանցով հանդերձ իմ պատասխանը «չէ» է։ 
- Մեզ «չէ» չեն ասում: Ես քեզ դալշե մոտավոր չեմ ուզում բացատրեմ «չէ»-ի հետևանքները: Դու հասկանու՞մ ես, հիմա ես քեզ ամենաչնչինն ասեմ, իմ վրա դրված է էն հարցը, որ ես որոշեմ` քեզ Չեխիա թողնե՞մ, թե՞ չէ: 
- Ձև չունես։ 
- Ոնց չունե՞մ, այ ստեղ ինֆորմացիայի պակաս ունես, ձև, գիտե՞ս ես ինչքան ունեմ: 
- Նայի, անգամ եթե դու դրա ձևը ունենաս, ես էն ձևի մարդ եմ, որ տակից դուրս կգամ։ 
- Կգաս ասենք, 90-95 տոկոս կորուստներով, չվերականգնվող… բա որ Չեխիան փոշմանի՞։ 
- Չեխիան չի փոշմանի։ 
- Տենց վստա՞հ ես, մեզանից շատ կապեր ունե՞ս: Գնացիր էլ, ասենք, թեկուզ գնացիր, ես քեզ խորհուրդ կտամ ընդեղ էլ մնաս, որովհետև ստեղ դու ապագա հաստատ չունես: Պետությանը «չէ» ասողը էս պետության մեջ ապագա չունի, դա մեկին գումարած մեկն ա, որ ես քեզ ասում եմ, հասարակ լոգիկա է: Քո էդ գժական դիպլոմով, գիտելիքներով էլ, որ հետ գաս, մաքսիմում ամենալավ աշխատանքը, որ ստեղ կունենաս, էդ հացի փռում կարող ա պահակ աշխատես: Մոռացի, որ քո առաջ ինչ-որ դուռ կբացվի: Կոպիտ ասած, դու ընկնում ես սև ցուցակ: 
- Ես գերադասում եմ գնալ, ու անգամ եթե հնարավոր չլինի Հայաստան գալ՝ ընդեղ մնալ: Այ էդ պահը, չգիտեմ, մեր անցած անգամվա խոսակցության ժամանակ էլ պտի զգացած լինեիր, որ ինձ «ոչ» պատասխանին դրդող մասը նաև էն ա, որ դու սահմանների, ռամկեքի մեջ ես դնում, ասում ես` հենց այսօր պտի լինի: 
- Ես էդ ռամկեքը, եթե հիշում ես, հանեցի, դու ինձ չհասկացար, բայց ես քեզ մարդկային առումով հասկացա, խնդիր չկար։ 
- Հիմա նայի, այ էս բաները որ ասում ես, այ էս դեպքում ես բացառված է, որ որևէ ձևով համագործակցեմ: 
- Էս բաները դու ուզեցիր, որ ես ասեմ: 
- Նայի, հիմա ես գիտեմ, որ դուք ընդեղ շատ եք հետևում, ինչ-որ բաներ ունեք։ 
- Ուզում ես` ասեմ, թե քանի հոգու հետ ես դու խոսացել մեր հանդիպման մասին, ես էդ էլ գիտեմ: 
- Ավելի լավ։ 
- Բա ինչի՞ մասին է խոսքը, ինչու՞ ես հիմա մեզ թերագնահատում: Լուրջ չես ընդունում, իսկ էդ լուրջ չընդունելը կարա բերի շատ վատ հետևանքների` ոչ միայն քո համար: 
- Դրանով հանդերձ ես, մեկ ա, չեմ աշխատելու, եթե էդ ամեն ինչը կա արդեն, եթե էդ ամեն ինչը իմանալով հանդերձ ես աշխատեմ… 
- Ես քեզ չեմ ստիպում, առաջին սկզբունքը կամավորության սկզբունքն է։ 
- Դե որ կամավորությունն է, ես ասում եմ «չէ»: 
- Իմ պարտականությունը քեզ «հա»-ի ճանապարհ ցույց տալն է, մեկ էլ «չէ»-ինը, էն օրը ես քեզ «հա»-ն ցույց տվեցի, պլյուսները շարեցի, էսօր էլ «չէ»-ն եմ ցույց տալիս։ 
- Ես ընտրում եմ մինուսները, ըդտեղ արդեն լրիվ խոսակցությունը վերջանում է: Երբ որ իմ «չէ»-ի դեպքում լինելու են շատ բացասական բաներ, ըդտեղ վերջացավ… 
- Ուրիշ տարբերակ ասեմ, քո հանդեպ կարա վաբշե բացասական բան չլինի, բայց ուրիշների հանդեպ կլինի, եթե դու դրան է՞լ ես պատրաստ, ասենք, չգիտեմ, ոչ միայն քո կարիերան, քո ապագան զոհաբերես, այլև ուրիշներին… Իմ համար, օրինակ, սաղ կյանք եղել ա մի հատ բացասական երևույթ, որ իմ պատճառով տուժեն ուրիշները: Ես կյանքում արել եմ ամեն ինչ, որ ուրիշը իմ պատճառով չտուժի: Հիմա էլ ես անում եմ ամեն ինչ` դու, չեմ ուզում, որ տուժես: Կոպիտ ասած` ես քո համար եմ անում, դու ու՞մ համար ես անում: 
- Իմ։ 
- Էդ որոշումը հաստատ քո օգտին չէ, սարսափելի շատ է մինուսները, ես քեզ լիքը պլյուսներ ասի… 
- Ընդունենք, որ ես գնում եմ Չեխիա ու էլ հետ չեմ գալիս։ 
- Էդ տարբերակը ասի քեզ, որոշում ենք համատեղ, ասում ես` չեմ գալի, ասում ենք` Հրայր ջան, շնորհակալություն… 
- Չէ, իմ «չէ»-ով հանդերձ ես գնում եմ Չեխիա ու էլ հետ չեմ գալիս: Ստեղ իմաստ էլ չեմ տեսնում ձեր կողմից ինչ-որ բաներ անելու, որ իմ մոտիկ մարդկանց վատ լինի։ 
- Հրայր ջան, էդ գիտես ինչի համար է արվու՞մ: Դա արվում է` որպես օրինակ` ի ցույց մյուսների, որ նման բան անել չի կարելի …Որ քո էն ընկերները, որոնք էսօր մեր հետ են, իմանան, որ ճիշտ ընտրություն են կատարել: Ովքեր էլ որ պտի կատարեն էդ ընտրությունը, նախապես ճիշտ կողմնորոշվեն: Ես չեմ կարա երաշխավորեմ, ասենք, որ մի երկու ամիս հետո մամուլում մի հատ բոմբ չի պայթի Ժառանգության, Ժառանգության վարչության հետ կապված, քո հետ կապված, մեկը չի հավատա, 10-ը չի հավատա, հազարը կհավատան: Ես դա չեմ ուզում: Ղեկավարությանն եմ համոզում, ասում եմ` չէ, թողեք ևս մեկ շանս էս տղուն, էս տղեն կարող ա` ինչ-որ բանով շփոթված ա, թողեք մի անգամ էլ, նոր անցեք ձեր մեթոդներին: Չգիտեմ` ինչի համար եմ անում: 
- Դե լավ, ձեր մեթոդները աշխատանքի շատ լավ էլ գիտենք, լավով չի լինում, ուզում եք վատով անել… 
- Քո ասած վատով… Ում հետ որ վատից են սկսել, հավատա` ավելի լավ են աշխատում: էն, ում որ գլխանց քո պատկերացրած չոր մեթոդով ենք մոտեցել, իրանք, չգիտեմ, մարդ կա հիմա ավելի լավ ա զգում, նորմալ, շատ հանգիստ…Ես կողմ եմ եղել քո հետ նորմալ խոսալուն, դրական կողմից գալուն, պլյուսներից գալուն, որովհետև ասել եմ` 99%-ով վստահ եմ, որ մինուսների կարիք չկա, էս մարդու հետ կարելի է պլյուսներից խոսալ, իրա ապագան բացել, թե ինչերի կարա հասնի, ես կողմ եմ եղել էդ մոտեցմանը: Դու հիմա ինձ կպած ուզում ես համոզել, որ ես սխալ եմ եղել: 
- Վաբշե կառույցը, ԱԱԾ-ն սխալ է արել, որ ուզեցել է իմ հետ համագործակցել: 
- Մենք սխալներ չենք անում: 
- Մարդը  սխալական է: 
- Հետո դու կուզենաս, չենք կարանա հետ բերել… 
- Ես ձեր հետ ճանապարհ չեմ անցնի։ 
- Էդ որոշման պարագայում… Հմի, ասենք, էս խոսակցությունը զապիս ես անում, չես անում, իմ համար դա նշանակություն չունի, ես գիտեմ, որ քեզ խորհուրդ են տվել, բայց ասենք… 
- Ստեղ զապիս չկա, ես ժամին եմ նայում։ 
- Ես էդ զապիսների աստղն եմ, գիտե՞ս ինչքան տենց զապիսներ ունեմ, իմ զապիսների դեմ դա ոչ մի բան ա։ 
- Ախպեր, քո բոլոր զապիսներով ու բաներով հանդերձ, ես ասում եմ չէ, ես չեմ աշխատելու։ 
- Ես ասենք, անկեղծորեն չեմ ուզում, որ պետությունը քո պես կադր կորցնի, որովհետև հեռանկարային էիր, կարայիր ինչ-որ բաների հասնեիր, բայց ռազ ուժ ասում ես` իմ դեմ դռները փակեք, ոչինչ, թող իմ մոտիկներն իմ պատճառով տուժեն, տենց ես ուզում՝տենց կանենք: Մենակ դու լինեիր, կասեի` հարց չկա, գնա, մի արի, կարող ա, մարդ ես, մենք էլ էնքան խեղճ ենք, ձեռներս Չեխիա չհասնի: Բայց դե էդ դու գնացիր, մենք ստեղ ենք, մոտիկներդ ստեղ են, կուսակցությունդ ստեղ է: Չգիտեմ, եթե դու գնում ես դրան՝ մալադեց, հալալ ա քեզ: Սաղ պլյուսները մի կողմ, գնում ես մինուսների հետևից ու հետևիցդ մի խումբ մարդիկ ես տանում: Եթե դու գիտակից ես գնում դրան, եթե դու մտածել ես ու եկել ես դրան, չգիտեմ, ուրեմն, էս դեպքում իրոք դու ճիշտ էիր, մենք սխալվել ենք: 
- Հաստատ սխալվել եք, ես չեմ կարա աշխատեմ, դաժե եթե ես հիմա ասեմ հա, դա բացառվում է, որ ինչ-որ օգտակար բան անեմ, բայց էլի եմ ասում, իմ ամբողջ էությունը, ոտից գլուխ էն ա, որ երբ որ էս ձևի մեթոդներին եք հասնում, ես կտրականապես ասում եմ` «չէ»: Ավելի լավ ա մեռնեմ… 
- Էսօրվա մեր խոսակցությունը դու ուզեցիր, որ սենց լինի… 
- Մեկա «չէ» է։ 
- Ափսոս, ես պռոստը, մարդկայինով եմ ասում, ափսոս ես, չգիտեմ, էլ ուրիշ ի՞նչ լեզվով ասեմ…
- Այսինքն ի՞նչ, ինձ խփելու՞ եք, վերացնե՞ք: Խփեք վերացրեք, ինչ ասեմ… 
- Շատ վատ կարծիք ունես մեր մասին, խփում էին 37 թվին: Այո, պետությանը «չէ» ասողին տանում էին, պատի տակ գնդակահարում էին: Ավելի քաղաքակիրթ, քո ասած դեմոկրատական մեթոդներով… 
- Դե որ էդ մեթոդներով է, էդ դաշտում ես վախենալու բան չունեմ: 
- Մալադեց քո դուխին, բայց դու մենակ չես, հազար ու մի լիքը մանր կեղտոտ հարցեր կան, որ չարժի դրանց անդրադառնալ` զուտ մարդկային տեսակետից: Դու մարդկայինը դնում ես մի կողմ, ստիպում ես մեզ, որ մենք էլ մարդկայինը դնենք մի կողմ: Ես ուզում եմ խոսել քո օգուտների մասին, ինչ-որ անհասկանալի պատ ես կառուցել, որը քեզ տանում է վտանգի… Շատ ափսոս, ես չէի տեսել, որ մի մարդ սենց իրա վատը ուզենար: Գնա, տենանք ինչ կլինի: Պռոստը հետո չզարմանաս: 
- Չեմ զարմանա, արդեն պատրաստ կլինեմ, կիմանամ ինչ եմ անում: 
- Չես իմանա, ծերն էլ չես իմանա, ծերն էլ չես տեսնի քո թերագնահատելու պատճառով, չհասկանալու պատճառով։ 
- Չեմ թերագնահատում, ամեն ինչ էլ կարաք անեք, ես դրան պատրաստ եմ։
- Կարող ա և դու պատրաստ ես դրանում, բայց ես էլի եմ ասում, ստեղ արդեն մենակ քո հարցը չի, քեզ վստահող, քեզ հավատացող մարդիկ բեսամթ են հիասթափվելու։ 
- Ինձ վստահող, ինձ հավատացող մարդիկ իմ կողքի մարդիկ են, իրանք, հաստատ, որ իմանան` էս վիճակում, էս որոշումն եմ կայացրել իրանք ինձ… 
- Բայց իրանք չեն իմանալու` դու ինչ որոշում ես կայացրել, իրականում ինչ է եղել: Կամ` քո շրջապատի մարդկանց սաղի վրա տենց վստա՞հ ես: Թե՞ տենց քեզ որ շարժն եմ ասում, ասում եմ` քանի հոգու հետ ինչ խոսակցություն ես ունեցել, ես Վանգան եմ: Ես Վանգայի մոտ չեմ գնացել, ոչ էլ եղունգիցս հոտ եմ քաշել: Լավ, ասենք, կուսակցության վարչությունը հեչ, էդ պայթեց, վարի գնաց, էդ քեզ չի հետաքրքրու՞մ: Էդ մարդիկ քեզ միջնորդնել են, քեզ երաշխավորել են, տարել են վարչության կազմ: 
- Վաղը դիմումը կգրեմ դուրս կգամ 
- Մինչև էդ կարող ա էդ բոմբը տրաքի քեզ հանեն…էն որ քո համար պետական դռները, մասնավորինն էլ 99 տոկյոսով փակվում են, վստահ եղի… 
- Թող հանգիստ գնամ ես Չեխիա, կուսակցությունից էլ դուրս կգամ… 
- Կուսակցությունից էլ չես հասցնի դուրս գալ, Չեխիան էդքան էլ հանգիստ չես գնա, մարդ ես, կարող ա` էդքան էլ երկար չմնաս 
- Ես պատրաստ եմ։ 
- Ընտանիքիդ անդամներն է՞լ են պատրաստ 
- Պատրաստ են… 
- Սկսած գործնականից վերջացրած անձնականո՞վ։ 
- Այո։ 
- Խիստ կասկածում եմ, ինչքան ես գիտեմ` դժվար իրանք ամեն ինչին պատրաստ լինեն։ 
- Պատրաստ չեն՝ պատրաստ կլինեն։ 
- Պատրաստ չեն, ծնողներ են վերջ ի վերջո, ոչ մեկ չի կարա պատրաստ լինի, դու քեզ գերագնահատում ես 
- Չէ, մեկ ա, պատասխանը «չէ» է, ինչ ուզում եք արեք, ինչի ուզում եք` գնացեք: 
- Մենք էլի կանենք, մենք էդ քայլերն անող ենք: 
- Արեք։ 
- Մենք քեզ բարձունք առաջարկեցինք, դու որոշեցիր անդունդը, հետևանքներն էլ ամեն մեկս մեր համար… 
- Հաշիվը ուզե՞նք: Ուզենք ելնենք: 
- Լավ քո ասածը ապացուցիր: Մենք գոնե 100 չէ, 1000-ից մեկը սխալվում ենք: Սխալ մարդու վրա ստավկա արինք: Շատ բարձր կարծիքի էինք քո մասին, ու շատ դրական, դու մեզ հակառակը ապացուցեցիր, որ էնքան էլ խելացի չես մոտենում որոշումներում ու պատրաստ ես քո հետևից լիքը մարդկանց տանել դեպի չգիտեմ ուր: Տենց էլ ա պատահում: 
- Պատահում է։ 
- Ես քո համար էսքան վիզ դրեցի, էլի գնացիր էն ճամփով: Հիշի, հետո իրարից նեղանալ չլինի, փոշմանել, հետ դարձի ճանապարհ չունես, եթե քո որոշումը վերջնական է 
- Վերջնական է… ես գնամ, հուսով եմ` ինձանից կհրաժարվեք վերջնականապես։
- Հրայր ջան, դու երկրից ես հրաժարվում։ 
- Դե եթե համարում եք, որ երկիրց հրաժարվում եմ՝ Դուք էլ ինձանից հրաժարվեք:
Դե ֆակտո, այս հրապարակումն իրենով հայտարարություն է հանցագործության մասին: Եթե մեր Վալոդը ԱԱԾ աշխատակից է, ապա խախտվել է առնվազն ՀՀ Քրեական Օրենսգրքի 308-րդ հոդվածը (պաշտոնական լիազորությունների չարաշահումը): Եթե Վալոդն ԱԱԾ աշխատող չի, ապա խախտվել է ՀՀ Քրեական Օրենսգրքի 317-րդ հոդվածը (պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունը յուրացնելը): Ես իրավաբան չեմ, ուղղեք ինձ, եթե սխալվում եմ: Եթե հաստատվի մեր չարաբաստիկ Վալոդի ԱԱԾ աշխատակից լինելու փաստը, դուրս կգա, որ ԱԱԾ-ն այլևս չի իրականացնում իր գործառույթներն ու ընդամենը հանդիսանում է գործող ռեժիմի գրպանի շնիկն ու ներքին լրտեսական ցանցը: Ինչից կհետևի, որ այն լրիվ կարող է քաղաքացիների կողմից ճանաչվել որպես իրավական ուժ չունեցող, ապօրինի գաղտնի կազմակերպություն ու արգելվել քաղաքացիանակ հասարակության կողմից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ընդհուպ մինչև լրտեսական ցանցի գործակալների ինքնուրույն հայտնաբերում ու վնասազերծում:

Ինչևէ, այս պատահարը հերթական անգամ խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ներկա դրությամբ չի երաշխավորում իր ոչ մի քաղաքացու ոչ իրավունքները, ոչ ազատությունները:

No comments:

Post a Comment