Sunday, July 20, 2014

Ժամանակակից ֆեմինիզմի մասին

Նախ, որ ինձ սխալ չհասկանան, մի երկու խոսք ֆեմինիզմի ու մասին ընդհանրապես ու դրա անհրաժեշտության մասին:

Ֆեմինիզմն անհրաժեշտ է, երբ կոնկրետ հասարակության մեջ կանանց իրավունքները օրինաչափորեն խախտվում են: Ընդ որում, հենց նպատակային կերպով կանանց իրավունքները:

Ի՞նչ կերպ կարող են խախտվել կանանց իրավունքները: Երկու կերպ. առաջինը, երբ կանայք զրկվում են իրավունքներից, որոնք կազմում են ընդհանուր, մարդկային իրավունքների մասը (խոսքի, խղճի, հավատի ազատություն, կյանքի իրավունք, աշխատանքի իրավունք, ընտրություններին մասնակցելու իրավունք և այլն), երկրորդը՝ երբ կանայք զրկվում են իրենց սեռով պայմանավորված իրավունքներից (սեռական կյանքի, կանացի առողջության ու ռեպրոդուկցիայի հետ կապված իրավունքներ):

Առաջին՝ ընդհանուր իրավունքները, կարող են խախտվել նույնիսկ եթե դրանք երաշխավորված են օրենքով (օրինակ՝ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է բոլոր ՀՀ քաղաքացիների հավասարությունը, բայց հասարակության պատրիարխալ ու շրջակա մահմեդական մշակույթների ազդեցություն կրող լինելու հետևանքով հաճախ այդ հավասարությունը կրում է ձևական բնույթ):

Երկրորդը տատանվում է պարզ, ակնհայտ բաներից (օրինակ՝ գինեկոլոգիական զննման պարտադիր անձնականության ու գաղտնիության դրույթից, որն անընդհատ խախտվում է) մինչև հղիության ընդհատման իրավունքի մասին էթիկ քննարկումները, ինչի մասին ես արդեն խոսել եմ:

Հետևաբար, ֆեմինիզմը, կատարյալ դեպքում, պետք է լինի կանանց իրավապաշտպան շարժում կանանց իրավունքների նպատակային ոտնահարման կոնտեքստում:

Արդյո՞ք Հայաստանում կան կանանց իրավունքների բավականաչափ խախտումներ, որպեսզի ֆեմինիզմի կարիք լինի: Իհարկե, Հայաստանը մահմեդական երկրների չափ անմխիթար վիճակում չի կանանց իրավունքների առումով, բայց հաշվի առնելով վերոհիշյալ պատրիարխալ հասարակությունը, հասարակական նորմա դարձած ընտանեկան բռնությունը, հղիության ընթացքի նկատմամբ կնոջ իրավունքի բացակայությունը (արդյոք կշարունակվի, թե կընդհատվի հղիությունը՝ որոշվում է, շատ հաճախ, կնոջ կամքից անկախ), ու բացմաթիվ այլ գործոններ, ես կարող եմ վստահ պատասխանել. այո, ֆեմինիզմը Հայաստանում անհրաժեշտ է ու այն շատ աշխատանք ունի տանելու, մինչև իրական հավասարություն կհաստատվի կանանց ու տղամարդկանց միջև:

Բայց, իհարկե, ամեն ինչ այնքան վարդագույն ու հիասքանչ չի, ինչքան թվում է առաջին հայացքից: Ու նորից ամեն ինչ անում է ֆեմինիստական շարժման փորձի ու կուլտուրայի բացակայությունը: Ոչ բոլոր դեպքերում, իհարկե՝ Կանանց Ռեսուրսային Կենտրոնի աշխատանքն ընտանեկան բռնության դեմ պայքարի և այլ ոլորտներում, նամանավանդ պահպանողական ծայրահեղականների խիստ դիմադրության պայմաններում, առնվազն հիացմունքի է արժանի: Բայց այս ոլորտն էլ ունի իր հակումը լրիվ աբսուրդ բաներով զբաղվելու ու ինկվիզիցիայի վերածվելու: Ցավն այն է, որ երբ մի շարժման մեջ բացարձակ մեծամասնությունը կանայք են, իրենք շուտով սկսում են իզոլացվել տղամարդկանցից ու ԵՆԹԱԴՐԵԼ, թե ինչպես է մտածում տղամարդը՝ նրան դիտարկելով որպես լրիվ ուրիշ ու օտար էակ: Արդյունքում, հավասարության համար պայքարելու կոչված շարժումն իրենով սկսում է մարմնավորել անհավասարությունը: Ու սա միայն կանանց չի հատուկ՝ նույն տենդենցը ես տեսել եմ սևամորթների իրավունքների համար պայքարող շարժումներում, ԼԳԲՏ շարժումներում և այլն:

Աբսուրդ բաներից է վերջերս տարածված «անթրաշ կնոջ» համար պայքարը: Ցավալին այն է, որ պայքարողներն իրականում ոչ թե փորձում են հաղթահարել «միշտ սափրված ոտքերով» կնոջ ստերեոտիպն, այլ այն փոխարինել իրենց ստերեոտիպով:

Եկեք ես, որպես տղամարդ, իմ տեսանկյունը հայտնեմ կանանց ոտքերը սափրելու-չսափրելու մասին: Ցանկացած տղա, ով ընկերուհի ունի, կամ կին (խոսքը նորմալ մարդկանց, ոչ թե քյառթերի մասին է), գիտի, որ ձմեռային ամիսներին իր ընկերուհին/կինը ոտքերը չի սափրում, որովհետև ցուրտ է ու ոտքերը միշտ փակ են: Եթե իրոք խնդիրն այդքան կատեգորիկ լիներ, ոչ մի տղամարդ այդ հարցին այդքան նորմալ չէր նայի: Նույն կերպ, ինչպես ամեն տղամարդ, որ ունի ընկերուհի կամ կին, գիտի, որ իր ընկերուհին/կինն ամսականներ է ունենում: Այնպես որ, «անթրաշ կնոջ» պայքարն ընդամենը մի քանի պարապ ու ծույլ մարդկանց կռիվ է հիշեցնում հողմաղացների դեմ (иммитация бурной деятельности): Սխեման ստանդարտ է՝ դրամատիզացնել, կատեգորիզացնել, անտագոնիզացնել:

«Սեքսիզմն» ընդհանրապես կոմեդիա է ու Մոնտի Պայտոնի այս սկետչն է հիշեցնում.


Կարճ ասած, երբ ֆեմինիզմը վերածվում է վհուկների որսի՝ ամեն տեղ սեքսիզմ տեսնել և այլն, ու դառնում է միայնակ, տղամարդկանց ատող կանանց հավաքվելու առիթ, դա արդեն այն պայծառ, անհրաժեշտ, փրկարար ֆեմինիզմը չի, այլ կանացի իսպանական ինկվիզիցիա: Ի միջի այլոց, ինկվիզիցիան ինքը բավականին հետևողական պայքար էր մղում կանացի ինքնուրույնության ու ազատախոհության դեմ:

Կարիք չկա պատրվակ փնտրել դիմացի մարդուն անգրագետ կերպով «բուլլիինգի», «շեյմինգի», «սեքսիզմի» ու հազար ու մի բանի մեջ մեղադրելու համար: Կարիք չկա «բազարվող քյառթից» ավելի ուշադիր խոսքի մեջ «սայթաքումներ» կփնտրել, դիմացինին սեքսիստ հայտարարելու համար: Կարիք չկա ամեն տկլոր կնոջ նկար մեղադրել կանանց սեքսուալիզացիայի մեջ: Կա ողջամտության սահման, որը պետք չի անցնել ու լուրջ պայքարը վերածել աբսուրդիստական կատակերգության:

Ի միջի այլոց սեքսիզմի ու սեքսուալիզացիայի մասին :) տղամարդիկ, չգիտես ինչու, Զակ Սնայդերի «300» ֆիլմն ու He-Man մանկական մուլտսերիալը մոլեռանդորեն չեն մեղադրում սեքսիզմի ու սեքսուալիզացիայի մեջ, այնինչ :)



Պատճա՞ռը: Վախենում եմ, որ պատճառը կարող է լինել այն, որ որոշ մարդկանց իրոք դուր է գալիս իրենց անարդար ճնշված զոհի դերում զգալ ու ապացույցներ փնտրել, որ իրենք անարդար ճնշված զոհեր են այն դեպքում, երբ ֆեմինիզմն, իմ պատկերացմամբ, պետք է որ կանանց հաներ այդ զոհի ստատուսից:

No comments:

Post a Comment