Tuesday, September 9, 2014

Արձագանք Epress-ի ի փառս մեծն դիսսիդենտ Հայրիկյանի հոդվածի

Հատուկ նրանց համար, ում դեռ տեղ չի ասել, թե որտեղից է գալիս Պարույր Հայրիկյանի նկատմամբ ծաղրը: Որովհետև Epress-ի ռուսախոս հոդվածագիր Յուրի Մ.-ն արդեն քիչ էր մնում՝ ապացուցեր, թե իրոք «անկախության սիմվոլի» վրա են մարդիկ ծիծաղում:

Խնդիրը ոչ թե Հայրիկյանի գաղափարներն ու ներկայիս պրո-եվրոպական դիրքորոշումն են, այլ նրա գաղափարների, արարքների ու ամբիցիաների կոմեդիայի մակարդակի հասնող անհամապատասխանությունը: Մինչև 1996 թվիը Պարույր Հայրիկյանն ուներ որոշակի քաղաքական կշիռ: 96-ի կեղծված ընտրությունների դեմ ցույցերի ընթացքում ԱԺ շենքում իր վարքն իրեն կործանեց որպես քաղաքական գործիչ (մոտավոր տեքստը՝ ինձ մի խփեք, ես իրենց հետ կապ չունեմ):

Հետագա կործանմանը նպաստեց իր բոլոր օպոնենտներին ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ մեղադրելու փաստը: Համաձայն չե՞ս ինձ հետ, չե՞ս սիրում ինձ, ուրեմն ԿԳԲ-ի գործակալ ես:

Հետագայում Հայրիկյանի բոլոր արարքները հիշեցնում էին կամ հանրային ուշադրության արժանանալու փորձեր, կամ այդ ուշադրությունն իմիտացնելու փորձեր:

Սահմանափակվենք հանրությանը լավ հայտնի ու ոչ շատ վաղեմի փաստերով:

2013-ի նախագահական ընտրություններին արդեն ոչ մեկին չհետաքրքրող Պարույր Հայրիկյանի դեմ կատարվում է տարօրինակ անվտանգ մահափորձ, որի մեջ մեղադրվում է մեկ այլ աննշան, երևի մարդկանց զվարճացնելու համար մեջ գցված թեկնածու: Փոխանակ պահանջելու, որ ընտրությունները հետաձգվեն, Պարույր Հայրիկյանը վերցնում է Առողջապահության նախարարության (իմա՝ Սերժիկի, դե ֆակտո) բյուջեից հատկացրած երեսուն արծաթը 20,5 մլն դրամն ու գնում Հոլանդիա բուժվելու: Դիսսիդենտները, նշեմ, ընդհանուր դեպքում հալածվում ու լռեցվում են պետության կողմից, ոչ թե պետության հաշվին գնում Հոլանդիա:

2014-ին այս քաղաքական գործիչը սկսում է իր անվան հետ ասոցացնելով հեղինակազրկել պրո-եվրոպական տեսանկյունը: Խնդիրն ինչ է. երբ հարցը վերաբերում է ընդամենը մի սոցիալական խավի խնդիրներին, այդ հարցով ցույցը կարող է բազմամարդ չլինել՝ խավի փոքրաթիվ կամ քաղաքականապես ոչ ակտիվ լինելու պատճառով, բայց երբ մեկն իրեն հայտարարում է անկախության սիմվոլ, ազգային ու պետական մասշտաբի լիդեր, դա պետք է հաստատվի. չես կարող ինքդ քեզ սիմվոլ հայտարարել, քեզ պետք է այդ սիմվոլը դարձնի քո մեջքի հետևում կանգնած ժողովուրդը: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ Հայրիկանն իրեն ինչ-որ բանի սիմվոլ է հայտարարում՝ «մեկ էլ տեսար, հավատացին» սկզբունքով: Սան Ֆրանցիսկոյում, որտեղ խոտն ավելի կանաչ է, վիճակն էլ պակաս լուրջ, իրեն մեծահոգաբար կանվանեին էքսցենտրիկ:

Ու հիմա հայտարարում է հացադուլ՝ նախագահի հրաժարականի պահանջով: Օրեկան մի ժամ հացադուլ, որն, իր խոսքերով, կընդհատի, երբ այն սկսի առողջության վրա վատ ազդել: Տպավորություն ունեմ, որ այս մարդը մեզ պարզապես ծաղրում է:

«Հայաստանի ամենահայտնի դիսսիդենտը», չէ մի:

Հայաստանի իսկական դիսսիդենտները ԼՏՊ/ՌՔ/ՍՍ շրջաններում երկրից քաղաքական նկատառումներով վտարված (չէ, Վարպետյան, քո նացիստական շայկայի մասին չի խոսքը) անձինք են, քաղբանտարկյալ դարձած ու հանդիսացող անձինք (Շանթ Հարությունյանի ու իր ընկերների օրինակի վրա), մարդիկ, ում ազատ խոսքը սահմանափակվում է սաքուլիկների ու ոստիկանության բռնությամբ: Մարդիկ, ում նկատմամբ կեղծ, կողմնապահ դատական ընթացք է կազմակերպվում (Վարդան Պետրոսյանի օրինակի վրա)՝ նույն քաղաքական նկատառումներով:

Եթե Հայրիկյանը ցանկանում է իր սովետի ժամանակ դիսսիդենտ եղած լինելով սեփականացնել Հայաստանի համար պայքարող բոլոր մարդկանց վաստակը, ապա ասեմ, որ միակ պատասխանը, որ նա կստանա, ծաղրն է: Ու դա լրիվ նորմալ ու արդարացի է:

Լրացում.  ընթերցողներս նշեցին, որ ես սխալմամբ Epress կայքի փոխարեն գրել էի eMedia կայքի անունը: Անուշադրության սխալս ուղղված է, հուսով եմ՝ eMedia-ն շատ չի նեղանա:

No comments:

Post a Comment