Monday, December 29, 2014

Գադջետի ռևյու. պլանշետ Azpen A727 7''

CPU: A23 Cortex A7 1.5GHz
GPU: Mali-400 MP2
OS: Google Andorid 4.4JB (!)
RAM: 512M DDR3
Հիշողություն: 4GB Flash
Էկրան: 7 inch LCD 800x480(16:9)
Թաչ ինտերֆեյս: 5point catapitive touch screen
Տեսախցիկ: 0.3MP(Front)
Գին: 69.99$ արտադրողի կայքում
Ծանոթագրություն. բացականչականով նշված (!) կետը՝ անդրոիդից հասկացող մարդիկ կնկատեն, որ JB (JellyBean) անվանումը կրում են անդրոիդի 4.1-4.3.1 տարբերակները, իսկ 4.4-ի անվանումը KitKat է: Արտադրողի կայքում այս մոդելը գովազդվում է որպես 4.4 KitKat-ով աշխատող սարք: Իմ ձեռքին եղած մոդելի վրա Android 4.2.2 JellyBean էր, ու թարմացումներ փնտրելիս սարքն ասում էր, որ իր վրա տեղադրված է վերջին հնարավոր թարմացումը, հետևաբար, KitKat-ի թարմացում սարքի համար ներկայումս չկա:
Վերջին շրջանում լիքը գադջետների հետ շփվելով, որոշեցի ռևյուներ գրել իրենցից մի քանիսի մասին, ի վերջո, սարքերի հայալեզու ռևյուներն այնքան էլ շատ չեն: Azpen A727-ի հետ ես առնչություն չէի ունենա, եթե մերոնց այն չնվիրեին:

Azpen A727-ը ստանդարտ անդրոիդային պլանշետի տեսք ունի՝ я тучка, тучка, тучка, а вовсе не iPad բանաձևով կառուցված: Կոնստրուկցիան պլաստիկից է (դատելով զգացողություններից՝ ոչ այնքան պինդ, ձեռքով սեղմելիս ճռճռում է): Սարքի վերևում ձախից աջ բաշխված են՝ միացնել-անջատելու կոճակը, ականջակալի ստանդարտ մուտքը, mini-usb մուտքը համակարգչին կամ USB սարքերի միանալու համար: Mini-USB-ի ուղիղ հետևում արտաքին SD-քարտի մուտքն է: Այն բավականին ծանր է (Kindle Fire HD 6-ից մոտ 30 գրամ ավելի ծանր): Ակտիվ օգտագործելու դեպքում մարտկոցը մոտ 4 ժամ դիմանում է:

Լավ կողմերը. էժանոտ գին: Բայց ավելի լավ է մի քիչ էլ փող ավելացնել ու ավելի լավ պլանշետ գնել: Տեսախցիկը Skype-ի համար տանելի որակի է: Google Play կա, բացի ալտերնատիվ App Market-ից: Սարքը քչից-շատից կիրառելի է ինտերնետ մտնելու համար: Touch ինտերֆեյսը նորմալ է աշխատում ամենօրյա խնդիրների համար:

Վատ կողմերը. միգուցե սարքի վրա Android JellyBean-ի ինչ-որ վատ կամ թերի տարբերակ է,  սա այս ՕՀ-ի հետ իմ շփման առաջին փորձն է, բայց այն արխաիկ ու սարսափելի է: Ու մնացած ամբողջ ռևյուն:

Սարքն ունի 4 գիգաբայտ ներքին հիշողություն, որից 2 գիգաբայտը հասանելի չի (ծախսվում է ՕՀ-ի կարիքների համար): Մյուս 2 գիգաբայտը, որն արդեն մանևրելու համար փոքր տարածք է (ինձ համար պլանշետի մինիմալ թույլատրելի ծավալը 8 կամ 16 գիգաբայտն է) բաժանված է երկու 1 գիգաբայտանոց մասերի՝ Internal Storage ու Internal SD: Այս մոտեցմանը ես հանդիպել եմ նաև անդրոիդ հեռախոսների վրա և այն ինձ մոտ, ճիշտն ասած, տարակուսանք է առաջացնում: Ցանկացած դեպքում, այս բաժանման հետևանքով պլանշետի հիշողությունը շատ արագ է լցվում ու ծրագրային քեշերը մաքրելը դառնում է կենաց-մահու հարց:

Azpen-ի էկրանը շատ վատ դիտելիության անկյուն ունի, 20 աստիճան դեպի աջ թեքելու դեպքում (դիտման անկյունը՝ 70 աստիճան) էկրանը գրեթե անընթեռնելի է: Համեմատության համար՝ նոուտբուկի վրա, որով սա գրում եմ, էկրանն ընթեռնելի է դիտման 150 աստիճանի դեպքում, համակարգչիս էկրանը՝ 170 աստիճանի դեպքում: Ու երկուսն էլ LED-backlit LCD են, ոչ մեկն IPS չի: Այն նաև HD չի, ինչպես կարող եք տեսնել վերևում:

Թեև արտադրողը գովազդում է Azpen A727-ը որպես մեկ ձեռքով օգտագործման համար պիտանի սարք, բութ մատի հասանելիությունը, ինչպես և սպասելի է 7 դյույմանոց պլանշետի համար, 25-30% է:

Azpen-ն ունի արտաքին SD-քարտ, որի վրա դուք չեք կարող ծրագրեր գցել: Ընդհանրապես, ծրագրերն ավտոմատ լցվում են Internal Storage: Եթե ձեր բախտը բերի, դուք կկարողանաք դրանք մասամբ տեղափոխել Internal SD: Թե ինչ սկզբունքով է սարքը որոշում, թույլ տա ձեզ դա անել, թե ոչ, պատկերացում չունեմ: Ենթադրում եմ, որ սա ոչ թե սարքի, այլ անդրոիդի առանձնահատկությունն է:

Հիշողության սղության, թույլ պրոցեսորի ու փոքր օպերատիվ հիշողության պատճառով այն պիտանի չի նաև մեծ ծրագրերի ու խաղերի համար (Bard's Tale-ից կարող եք հույսներդ կտրել):

Վերջնական գնահատական. Azpen A727-ը էժան ու թույլ Android պլանշետ է: Հաշվի առնելով, որ 100 դոլարով արդեն ավելի հարգանքի արժանի սարքեր կարելի է գնել, այն գնելը, մեր մեջ ասած, կասկածելի հաճույք է: Բայց, մյուս կողմից, սարքը կարելի է որպես entry level գնել երեխաների համար՝ իմանալով, որ եթե ջարդեն, ափսոս առանձնապես չի լինի:

No comments:

Post a Comment