Sunday, January 17, 2016

Ոչ պոպուլյար կարծիք՝ տրանսգենդերության շուրջ

Իրականում ես սովորաբար խուսափում եմ տրանսգենդերությանն անդրադառնալուց, քանի որ հարցը չափազանց քաղաքականացված է ու դժվար է կողմնորոշվել, առանց տրանսգենդեր մարդկանց հետ լիարժեք շփում ունենալու ու նրանց հոգեբանական-ֆիզիոլոգիական մոդելներն ուսումնասիրելու: Այս անգամ էլ, երևույթին կձգտեմ միանշանակ գնահատականներ չտալ ու սահմանափակվել միայն այն տեսանկյունով, որին ինքս եմ հանգել:

Ավելացնեմ նաև, որ տրանսգենդերության ու նույնասեռականության մասին ես ունեմ բավականին տարբեր կարծիքներ, ու համարում եմ դրանք կտրուկ իրարից տարբերվող խնդիրներ:

Լինելով «անբարո գեյրոպաների պրոպագանդիստ» նացիոնալիստների համար ու «տրանսոֆոբ պահպանողական»՝ լիբերալների համար, երկու կողմերի տեսանկյուններն էլ հարցի շուրջ ինձ համար շատ միակողմանի ու մակերեսային են:

Արդյո՞ք ես դիտարկում եմ տրանսվեստիզմն ու տրանսսեքսուալիզմը որպես նորմալ երևույթներ: Ոչ: Չեմ դիտարկում: Դրանք նորմայից շեղումներ են: Իհարկե, ի տարբերություն շատ ուրիշ մարդկանց, ինձ համար աշխարհը սև ու սպիտակ չի, ես լրիվ գիտակցում եմ ամեն տղամարդու մեջ կանացիության որոշակի չափի առկայությունն ու ամեն կնոջ մեջ՝ տղամարդկային մասի առկայությունը: Բայց երբ տղամարդը սկսում է իրեն համարել կին, կամ կինը՝ տղամարդ, դա շեղում է նորմայից:

Գալիս ենք մեկ այլ կարևոր հարցի. արդյո՞ք նորմայից շեղում լինելը բավական է մարդու նկատմամբ բացասական վերաբերմունք ունենալու համար, առավել ևս՝ մարդուն մարդկային իրավունքներից զրկելու կամ հալածելու համար: Նորից, պատասխանը ոչ է: Մեզանից ամեն մեկն էլ շեղում է ինչ-որ նորմայից: Գենդերային նորմաների վրա ֆիքսվելն ու մարդկանց որակի մասին դատելն ըստ այդ նորմայից շեղումներն, իմ կարծիքով, սխալ է:

Իմ դիրքորոշումն այս հարցի շուրջ հետևյալն է՝ մարդու տրանսգենդեր լինելը չի խոսում իր անհատական որակների մասին, ու ես հրաժարվում եմ նրան դրական կամ բացասական վերաբերմունք ցուցաբերել միայն տրանսգենդեր լինելու հիման վրա: Բացի դրանից, ես համարում եմ, որ տրանսգենդեր մարդիկ, ինչպես մնացած բոլորը, պետք է ունենան հավասար իրավունքներ ու ազատություններ:

Եթե մինչև այս պահը իմ տեսանկյունը կարելի էր որակել որպես «չափավոր լիբերալ», ապա այս կետից իմ տեսանկյունը սկսում է կտրուկ տարանջատվել լիբերալներից:

Արդյո՞ք տրանսգենդեր լինելը լավ բան է: Եթե նույնիսկ հավատանք, որ տրանսգենդեր մարդիկ «կանայք են տղամարդու մարմնի մեջ» ու «տղամարդիկ կանանց մարմնի մեջ», տրանսգենդեր լինելը լուրջ անձնական ողբերգություն է ու կոնֆլիկտ: Երբ, ասենք, մեկի ընկերը մահանում է, ոչ մեկը չի փորձում համոզել նրան, որ ընկերոջ մահանալով պետք է հպարտանալ, տոնել դա, ընդունել որպես քո եսի բաղկացուցիչ մասը: Ցավոք, լիբերալների զգալի մասը զբաղված է հենց դրանով: Եթե մարդն ունի աջակցության կարիք, իհարկե, նա պետք է ստանա այդ աջակցությունը: Բայց քարոզել, թե, իմ օրինակի դեպքում, «լրիվ նորմալ ու բնական է, որ քո ընկերը մահացել է, այդպես էլ պետք է լիներ, դա նույնիսկ հիանալի է, որ նա մահացել է, նայիր, աշխարհում ինչքան հիանալի մարդիկ կան, ում ընկերը նույնպես մահացել է»: Չգիտեմ, այնքան էլ խելքին մոտ չի:

Տրանսգենդերությունը, ինչքանով ես կարող եմ դատել, հոգեբանական ու ֆիզիոլոգիական գենդերի անհամապատասխանություն է: Արդյո՞ք դա հոգեկան հիվանդություն է: Ես նախընտրում եմ հոգեկան հիվանդությունների դասակարգման մեթոդը, որը հատուկ է հոգեվերլուծության դպրոցին: Այն է թե՝ եթե մարդը ֆունկցիոնալ է, ապա հոգեկան հիվանդություն չի: Իսկ տրանսգենդերությունն, ընդհանուր առմամբ, մարդու ֆունկցիոնալության վրա այնքան չի ազդում, որ դա անվանենք հոգեկան հիվանդություն:

Ցավոք, թե՛ տրանսգենդերությանը կողմ, թե՛ դեմ թևերը չափազանց մեծ ճնշում են գործադրում բոլոր ոլորտներում, որպեսզի հնարավոր լինի նույն պաշտոնական բժշկությունից ադեկվատ ուսումնասիրություններ ու պատասխան ստանալ հարցի շուրջ: Վերցնենք երկու սցենար.

Ա) Ա անձը տրանսգենդեր է: Տրանսգենդերության մեխանիզմները լրիվ չհասկանալով, իրենց մեջ ես չեմ խորանա, բայց ենթադրենք, որ Ա անձը մանկուց ԱՌԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ իրեն ընկալել է որպես հակառակ սեռի ներկայացուցիչ: Մեծանալուց հետո ինքը գիտակցում է, որ իրեն պետք է սեռի փոփոխության վիրահատություն անել: Վիրահատվելուց հետո ինքն ապրում է հակառակ սեռի ներկայացուցչի լիարժեք կյանքով՝ ամբողջապես փոխելով իր սեռը:

Բ) Բ անձը տրանսգենդեր է: Փոքր ժամանակ կրած հոգեբանական տրավմաների պատճառով նա անգիտակցաբար իրեն ասոցացնում է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, ցանկանում է լինել հակառակ սեռի ներկայացուցիչ, կրում է հակառակ սեռի հագուստ: Լավ հոգեբանն օգնում է իրեն հաղթահարել մանկական հոգեբանական տրավմաներն ու նա վերադառնում է իր բիոլոգիական սեռին՝ ապրելով լիարժեք կյանք:

Իսկ հիմա խառնենք այս երկու դեպքերն իրար:

Գ) Նորից նույն Ա անձը, փոխանակ վիրահատություն կատարելու, դիմում է պահպանողական ռեաբիլիտացիոն կառույցի, որտեղ իր տրանսգենդեր վարքային մոդելները ճնշում են: Ա անձը սկսում է ապրել իր բիոլոգիական սեռի կյանքով, որը դժվար կլինի անվանել լիարժեք: Ընդհանուր առմամբ, մարդու անձնական երջանկությունը զոհաբերվել է հասարակական մի խմբի հոգու հանգստությանը: «Ռեաբիլիտատորները» շնորհավորում են իրար՝ «մոլորյալ գառի» վերադարձի կապակցությամբ:

Դ) Նորից Բ անձը, փոխանակ հոգեբանի դիմելու, օգնություն է խնդրում ինտերնետում: Հանդիպում է սոցիալական ցանցերում տրանսգենդեր մարդկանց խնդիրներով զբաղվող լիբերալ ակտիվիստների, որոնք իրեն բացատրում են, որ ինքն իրականում հերոս է, ու իր վիճակը լրիվ բնական է, ու որ «աստված իրեն ստեղծել է սխալ մարմնի մեջ»: Բ անձը, իր աջակիցների քաջալերմամբ, դիմում է սեռի փոփոխության վիրահատության: Եթե սովորական դեպքում հիվանդանոցը, լավ բժշկի դեպքում, կնկատեր, որ վիրահատության կարիքը չկա, մի քանի տարի ուղեղի լվացումներից հետո դա շատ ավելի դժվար է: Բ անձն անցնում է տրավմատիկ վիրահատություն՝ հաշմելով իր սեռական օրգանները, հորմոններ ընդունելով, դառնալով անընդունակ երբևէ ունենալ երեխաներ: Ընդհանուր առմամբ, մարդու անձնական երջանկությունը կրկին զոհաբերվել է մեկ այլ հասարակական խմբի հոգու հանգստությանը: Լիբերալները շնորհավորում են իրար՝ «հերոսական հաղթանակի» կապակցությամբ:

Ու սրանք ընդամենը Ա ու Բ բավականին ծայրահեղ դեպքերի կոմբինացիաներն էին: Իսկ աշխարհն, ինչպես ասացի, սև ու սպիտակ չի:

Ցավոք, ինչպես տրանսոֆոբներն, այնպես էլ լիբերալներն էլ ուղղակի մանիա ունեն ցենզուրայի նկատմամբ՝ իրենք պատրաստ են հասարակական հիստերիայով լռեցնել իրենց հետ անհամաձայն ցանկացած մարդու: Գավին ՄակԻննեսի արտահայտած կարծիքը, չնայած կոպիտ բառերին, իմ այս գրածից տարբերվում է երևի մի 40 տոկոսով ու չի պարունակում ոչ բռնության, ոչ էլ ատելության կոչեր: Բայց իր հոդվածը ցենզուրայի ենթարկվեց ու ավելին՝ իր հիմնադրած գովազդային գործակալությունը բոյկոտի ենթարկեցին, մինչև ինքը չհեռացվեց նախագահի պաշտոնից: Լիբերալ ցենզուրա:

Իսկ տրանսգենդեր մարդիկ ընդամենը զոհեր են երկու քաղաքական խմբավորումների միջև պատերազմում: Շախմատային քարեր, ոչ ավելին: Դե, նայենք հետևանքներին:

Arif-ի ուսումնասիրությունների համաձայն, սեռափոխման վիրահատություններն էֆեկտիվ չեն տրանսգենդեր մարդկանց խնդիրների լուծման հարցում: Կարդացեք ինքներդ: Շատ բարձր տոկոս են կազմում անբավարարվածությունը վիրահատության հետևանքով ու նույնիսկ ինքնասպանությունները: Չնայած Իրա Բ. Պոլիի հոդվածը դեռ 81 թվին արտահայտել էր եզրակացություն, որ սեռի փոփոխության վիրահատությունները ոչ մի կերպ ավելի էֆեկտիվ չեն, քան վիրահատության բացակայությունը: Սեսիլ Դհենյեի, Պոլ Լիխտենշտեյնի և այլոց հոդվածը երկարատև ուսումնասիրությունների վրա հիմնված նույնպես մխիթարիչ պատկեր չի տալիս: Ու սրանք գիտական ուսումնասիրություններ են, ոչ թե քաղաքական հռետորաբանություն: Որոշ մարդիկ նույնիսկ փորձում են վերադարձնել իրենց բիոլոգիական սեռը: Իհարկե, դա այնքան էլ ռեալ չի, հաշվի առնելով, որ իրենց ռեպրոդուկտիվ համակարգի զգալի մասն այնտեղ է, որտեղ անցած տարվա ձյունն էր:

Վերջին անգամ կոնկրետ թեմայով արտահայտվելիս երկու մոլեռանդ ֆեմինիստներ ինձ մեղադրեցին «վախկոտ ցենտրիզմի» մեջ: Ես փորձում եմ ընդամենը բացատրել, որ երկու խմբերի «հերոսական պայքարը» հաճախ վերածվում է լիքը մարդկանց անձնական ողբերգությունների: Մի մասը նրանց կյանքը թունավորում են ատելությունից, մի մասն՝ իրենց ասելով, սիրուց: Իսկ հիմա նորից նայեք պոստ-օպերացիոն տրանսսեքուալների մեջ ՁԻԱՀ-ի, թմրամոլության, ինքնասպանությունների ու մարմնավաճառության վիճակագրություններին: Արդյո՞ք դուք տեսնում եք «իրենց իրական սեռին վերադարձակ երջանիկ մարդկանց»: Չեմ կարծում:

Իմ առաջա՞րկը: Պայքարեք ատելության դեմ, բայց մի վճռեք ուրիշ մարդկանց ճակատագիրը, ու մարդուն հերոս մի հռչակեք, նամանավանդ եթե նա ձեզ այդ մասին չի խնդրել:

No comments:

Post a Comment